Եզնիկ Կողբացի փողոցի վրա գտնվող փոքրիկ վարսավիրանոցում են աշխատում սիրիահայ վարսավիրներ Կարո եւ Հովիկ Թավոյանները,-գրում է «Արմենպրես»-ը: Սիրիայում այս անունները մեծ հռչակ եւ հարգանք են վայելում ոչ միայն սիրիահայերի, այլեւ արաբների շրջանում: Նրանք Սիրիայի ամենահայտնի վարսավիրներն են ու վայելել են շրջապատի հարգանքը: Թավոյանների ընտանիքում վարսավիրությունն ավանդական զբաղմունք է. վարսավիրությամբ են զբաղվել նաեւ նրանց հայրն ու պապը: Թավոյան եղբայրներն, իհարկե, այդ հարցում հասել են վարպետության ամենաբարձր մակարդակի: Եղբայրները սպասարկել են Սիրիայում ամենաբարձր խավի անձանց. այդ թվում ներկայիս նախագահ Բաշար Ասադի եղբորը` Բասել Ասադին:
«1979 թվականն էր: 17 տարեկան էի ու պետք է զորակոչվեի բանակ: Ընդհանուր զորքի պատասխանատուի ազգականն իմ հաճախորդն էր, եւ ես մեկնեցի Դամասկոս, որպեսզի զինվորական ծառայության հարցերը քննարկեմ: Այդ ընթացքում բարեկամացա ընդհանուր զորքի պատասխանատուի եւ նրա որդիների հետ: Նրանց մազերը կտրեցի եւ նրանք շատ հավանեցին: Մինչ ես Դամասկոսում էի, նրանց հաճախ էր հյուրընկալվում Սիրիայի ներկայիս նախագահ Բաշար Ասադի եղբայրը` Բասել Ասադը եւ մեկ օր էլ ծանոթներս ինձ առաջարկեցին կտրել Բասել Ասադի մազերը: Դա իհարկե մեծ պատիվ էր, քանի որ Բասելին Սիրիայ ում շատ էին հարգում եւ եթե նա չզոհվեր, հաստատ կդառնար Սիրիայի հաջորդ նախագահը: Բասելը շատ ազնիվ մարդ էր, հարգանքով, խելացի: Ընդհանրապես, Ասադները լավ մարդիկ են, հայասեր եւ հարգանքով են վերաբերվում հայերին»,- «Արմենպրեսի» հետ զրույցում պատմել է Կարոն:

Սակայն այսքանով Կարոյի հայտնի հաճախորդների մասին պատմությունները չեն ավարտվում: Սիրիայում գործունեության ընթացքում իր մազերը Կարոյին եւ Հովիկին է վստահել Սիրիայում Հայաստանի նախկին դեսպան Լեւոն Սարգսյանը: «Ես Լեւոն Սարգսյանին շատ եմ հավանում: Շատ հարգանքով, խելացի եւ դաստիարակված անձնավորություն է, մեծատառով մարդ: Մեկ օր էլ զանգեց` ասաց, որ պետք է եղբոր մազերը կտրեմ: Այդ ժամանակ Սերժ Սարգսյանը Պաշտպանության նախարար էր: Նա շատ հարգանքով էր մեր հանդեպ»,- հիշում է Կարոն ու ի պատախան հարցին, «Արդյո՞ք Նախագահը գոհ մնաց» , ասում է` «Իհարկե»: Սա Թավոյան եղբայրների միակ հանդիպումը չէր Սերժ Սարգսյանի հետ: «Նա եւս մեկ անգամ դիմեց մեր ծառայությանը: Այդ ժամանակ արդեն նրա մազերը կտրել եմ ես»,-պատմում է Հովիկը:

Եղբայրներն արդեն մեկ ու կես տարի է այստեղ են: Նախ Կարոն է եկել, հետո` Հովիկը: Մինչ Երեւան գալը Կարոյի հետ դժբախտություն է պատահում. որդին` Հակոբը Հալեպում վիրավորվում է: Վնասվում են պատանու թոքերը, լյարդն ու ողնաշարը: Ծանր պայմաններում նրան Հալեպից տեղափոխում են Բեյրութ, այնուհետեւ Երեւան: Կարոն պատմում է, որ որդու կյանքն այստեղ հնարավոր է եղել փրկել ՀՀ սփյուռքի նախարարության օժանակությամբ: Ասում է` օդանավակայանում իրենց արդեն սպասում էին նախարարության աշխատակիցներն ու հենց այնտեղից պատանուն տեղափոխել են հիվանդանոց: «Հակոբը հիվանդանոցում պառկեց հինգուկես ամիս: Բուժման ողջ ծախսերը հոգացել է Սփյուռքի նախարարությունը: Հիմա նա անշարժ վիճակում է: Այժմ Կարմիր Խաչի հիվանդանոցում ֆիզիոթերապիա պետք է անցնի»,- պատմում է Կարոն:
Ներկա դրությամբ Կարոյի կյանքի գլխավոր նպատակը որդուն ոտքի կանգնեցնելն է. դա կլինի Երեւանում, Եվրոպայում թե Կանադայում նշանակություն չունի. կարեւորը որդին ոտքի կանգնի. «Բայց հենց ոտքի կանգնեց հաջորդ օրը կվերադառնանք Հայաստան, որովհետեւ ոչ ես, ոչ էլ ընտանիքիս մնացած անդամները չենք ցանկանում այլ վայրում ապրել: Երեւանը սիրուն, հանգիստ քաղաք է, ժողովուրդը լավն է, բարի: Մեկ տարի վեց ամիս է Երեւանում եմ, մի հատ սխալ մարդու չեմ հանդիպել»,- ասում է Կարոն ու հավելում, որ միակ դժվարությունը տան վարձը տալն է:
...Ափսոսում է, որ Սիրիան հայտնվել է այդ վիճակում ու նաեւ ափսոսում, որ սիրիահայերի մեծ մասը Հայաստանի փոխարեն նախընտրում են Կանադան:
Սիրիահայ վարսավիրների մասին նյութն ամբողջությամբ՝ այստեղ