Քիչ առաջ Գյումրու «Ֆանտաններ» կոչվող թաղամասի բնակիչ, 1988 թվականից անօթևան մնացած 72-ամյա գյումրեցի Մարգուշ (Գեղեցիկ) Գևորգյանի թիթեղյա տնակի մոտ ավարտվեց աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի համերգը, որ գյումրեցի 13 անօթևան ընտանիքի համար բնակարան ձեռք բերելու նախաձեռնության մի մասն էր: Տնակի միակ բնակիչը՝ Մարգուշ տատը, արդեն մի քանի օր է՝ 39 աստիճան ջերմության մեջ պառկած էր: Համերգից առաջ կազմակերպիչները նրան դեղ և սնունդ տվեցին: Խոսելով թաղամասում բնակվող անօթևան ընտանիքների մասին՝ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպս. Աջապահյանն «Արևելքին» ասաց, որ սա ամբողջ հայության ամոթն է: Համերգից հետո մարզային իշխանության ներկայացուցիչները Տիգրան Համասյանին շնորհեցին «Ոսկե մեդալ»:
Անօթևան ընտանիքների համար բնակարաններ ձեռք բերելու դրամահավաքը շարունակվում է www.crowdfunder.co.uk -ում:

