Սեպտեմբերի 30-ից հետո Հալեպում պատերազմական սրացումից հետո հայության ճակատագրով մտահոգ մի շարք նախաձեռնություններ սկիզբ առան, որոնցից մեկն էլ «Հալեպահայե՛ր, մեզ բացակա չդնեք» հասարակական նախաձեռնությունն է: Շարժումը սոցիալական ցանցի և այլ կապի միջոցներով փորձում է ուշադրություն հրավիրել Սիրիայում, պատերազմի վտանգների ներքո ապրող հայության խնդիրների վրա, մասնավորապես՝ նպատակ ունի քննարկել և լուծել ցանկացողներին Հայաստան տեղափոխելու հարցը:
Հասարակական շարժման նախաձեռնողներից է ազատամարտիկ, մտավորական Սարգիս Հացպանյանը: Նա «Արևելքին» հայտնեց, որ վաղն արդեն տեղի է ունենալու «Հալեպահայե՛ր, մեզ բացակա չդնեք» հասարակական նախաձեռնության առաջին հավաքը, որը տեղեկատվական-խորհրդակցական բնույթի է և նպատակ ունի բազմակողմանիորեն քննարկել հալեպահայության` մշտական բնակության նպատակով ՀՀ տեղափոխման խնդիրներն ու գնահատել այդ առթիվ մինչ օրս կատարված տարատեսակ աշխատանքները։
Նշենք, որ նախաձեռնության միջոցով օրեր առաջ Հայաստան եկած հալեպահայ ընտանիքներից Գալուստյանների համար արդեն գտնվել է բարերար, որը հոգում է ընտանիքի՝ Հայաստանում բնակության առաջին վեց ամիսների բնակարանային վարձը:
Սարգիս Հացպանյանը նշեց, որ դեռ բազմաթիվ բարերարներ և պարզապես սովորական քաղաքացիներ են ցանկություն հայտնել հոգալ այլ ընտանիքների՝ Հայաստան տեղափոխման կամ պարզապես կացարան տրամադրելու հարցերը, և երկու ընտանիք առաջիկա շաբաթվա ընթացքում այդ հոգածություններին վստահելով գալու է ՀայաստանԼ
Հացպանյանը զարմացած է, որ մեր ժողովուրդն օրեցօր բարձր որակներ է դրսևորում և գնահատում է դժվար վիճակում գտնվող հայրենակցին օգնելու հայաստանցիների ջանքը.
«Ես զարմացած եմ, որ շատերը, որոնք իրենք էլ կարիքի մեջ են, ցանկություն են հայտնում օգնելու ուրիշներին: Կան արձագանքողներ ամենատարբեր վայրերից, մարզերից, գյուղերից: Սա մեր ազգի լավագույն որակների մասին է խոսում, որը հպարտություն է պատճառում, բայց միաժամանակ ուզում եմ նաև ասել, որ մեր շատ գերատեսչություններ արժանի չեն նման ազգ ունենալուն»,-ասում է նա:
Մեր զրուցակիցը նշում է, որ պետական գերատեսչություններից փոխանակ ողջունեն, որ նման հասարակական նախաձեռնություն կա, որն ինչ-որ չափով պետության գործն է անում, այլ ընդհակառակը, ինչպես նախարարություններից մեկում աշխատող իր ծանոթն է ասել՝ դրա կարիքը չկա:
Դատելով Հալեպից ստացվող նամակներից և Հայաստան տեղափոխվել ցանկացողների թվից (միայն այս հասարակական նախաձեռնությունը ունի 100-ից ավելի մարդու տվյալ, որոնք Հայաստան են ուզում գալ պատերազմի դաշտից), Սարգիս Հացպանյանը նշում է, որ կա՛ նման նախաձեռնությունների անհրաժեշտություն, որոնց հասարակությունն ուզում է իր անմիջական մասնակցությունն ունենալ, որովհետև տեսնում է, որ պատերազմական երկրում գտնվող մեր հայրենակիցներն ունեն դրա կարիքը:
Վաղվա հավաքը, ըստ Սարգիս Հացպանյանի, սիրիահայերի հարցերով զբաղվող բոլոր կազմակերպություններին համախմբելու նպատակ էլ ունի, որպեսզի երկու տարբեր կազմակերպություն նույն ընտանիքի հարցով չզբաղվեն, և ջանքերը իզուր չթափվեն:
Նախաձեռնությունը, ինչպես մեր զրույցի ընթացքում հայտնեց Սարգիս Հացպանյանը, դրամական հարցերով չի զբաղվում. «Բոլոր նրանք, ովքեր դիմում են գումար փոխանցելու կամ նյութապես աջակցելու, մենք խորհուրդ ենք տալիս դիմել արդեն գործող կազմակերպսություններին, որոնք անցնող տարիներին այդ հարցերով զբաղվել են և իրենց գործով արդեն ապացուցել են, որ ունակ են մարդկանց տեղափոխման հարցերը լուծել»,-նշում է Ս. Հացպանյանը:
Իսկ «Հալեպահայե՛ր, մեզ բացակա չդնեք» նախաձեռնությունը, ըստ Սարգիս Հացպանյանի, նմանատիպ կազմակերպություններից տարբերվում է նրանով, որ իրենք ուզում են ուշադրություն հրավիրել միայն այն սիրիահայերի վրա, որոնք Հայաստան մշտական գալու ցանկութուն ունեն. «Ես չեմ ընդունում նրանց, որոնք գալու են Հայաստան՝ այլ երկիր գնալու համար կամ այս պահին Հայաստանը իբրև տարանցիկ երկիր են ուզում օգտագործել՝ հետագայում փոխադրվելու համար: Մենք մեր ջանքերը, ճիգերն ու ժամանակն ենք դնում այս գործի վրա և չէինք ուզենա այդ մարդիկ այդ ջանքերը օգտագործեին, գային եւ հետո այլ երկիր գաղթեին Հայաստանից: Ես ինքս 26 տարի առաջ Հայաստան եմ եկել Փարիզից, ուր պայթյուն չկար, ընդհակառակը՝ Հայաստանում էր պատերազմը, բայց եկել և մնացել եմ»,-նշում է մեր զրուցակիցը, ավելացնելով, որ թե՛ վտանգի պահին, թե՛ խաղաղության ժամանակ, հայը պիտի հիշի, որ ինքն ունի միայն գնալու մի վայր, և դա Հայաստանն է: «Մեզ միայն Հայաստան մշտական բնակության եկող սիրիահայերն են հետաքրքրում»:
Ինչ վերաբերվում է պատերազմից հետո Սիրիա վերադառնալու հարցին, Սարգիս Հացպանյանն ասաց, որ այդ առումով կողմ է և ինքն էլ կաջակցի, որ պատերազմի ավարտից և խաղաղության համաձայնությունից հետո, Հայաստանում ապաստանած սիրիահայերը, եթե ցանկութուն ունենան, կրկին վերադառնան Սիրիա՝ նպաստելու գաղութի պահպանմանը. «Ինքս անձամբ կխրախուսեմ նրանց, քանի որ, լինելով պոլսահայ շատ լավ եմ հասկանում՝ ինչ է նշանակում համայնք պահել օտար երկրում»,-նշեց Սարգիս Հացպանյանը, շեշտելով, որ վաղվա հավաքին հատկապես Հայաստանում մշտական բնակություն հաստատել ցանկացողներ սիրիահայերի հարցն է քննարկվելու:
Հասարակական նախաձեռնության հավաքը կրում է «Մեկ խելքը լավ է, երկուսը՝ ավելի լավ» խորագիրը և տեղի է ունենալու հոկտեմբերի 15-ին, ժամը՝ 15.00–ին, ԳԱԱ Պատմության Ինստիտուտի նիստերի դահլիճում (Բաղրամյան, 24/4 –առաջին հարկ):