ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՇՂԱՐՇԻ ՆԵՐՔՈ կամ ինքնակուրացում և ամբոխայնացում
Քանդակի ձևաբանությունն արձանագրում է քաղաքական և գաղափարական առաջնորդության վարքագծային օրինաչափությունը: Խիստ պաշտոնական հագուստով անանուն տղամարդը, որն այստեղ հանդես է գալիս որպես առաջնորդության ինստիտուտի և տիրապետող դոգմայի հավաքական կերպար՝ անկախ դրա իշխանական կամ ընդդիմադիր բնույթից, վստահաբար առաջ է ընթանում: Նրա բարձր պահած դրոշն ամբողջությամբ փաթաթվել է իր իսկ դեմքին՝ վերածելով գործչին սեփական խորհրդանիշի գերու: Սա փաստում է, որ փակ համակարգերում որոշում կայացնող օղակն ինքնին դառնում է իր իսկ վերարտադրած գաղափարախոսության զոհը: Տվյալ իրավիճակում իսպառ խզվում է կապն օբյեկտիվ իրականության հետ. մենք գործ ունենք ոչ թե աշխարհը ռացիոնալ դիտարկող սուբյեկտի հետ, այլ մի դերակատարի, որի ճանաչողական գործընթացը կազմաքանդվել է՝ իր տեղը զիջելով համապարփակ գաղափարական դաշտում շրջանառվող սուբյեկտիվ մեկնաբանությանն ու վերացական իմաստաստեղծմանը:
Այս ստեղծագործության մեջ առկա է ևս մեկ վճռորոշ տարր, որն ավարտուն տեսքի է բերում ինստիտուցիոնալ անկման պատկերը. առաջնորդը կանգնած է պատվանդանի եզրին: Նրա մի ոտքը վստահորեն բարձրացված է հաջորդ քայլն անելու համար, սակայն առջևում ճանապարհն ավարտվում է, և ֆիզիկական հենարանի բացակայության պայմաններում սկսվում է դատարկությունը: Խզելով կապն օբյեկտիվ իրականության հետ և չտեսնելով մոտալուտ անկումը՝ դրոշակակիրն իներցիայով հանդիսավոր քայլում է դեպի ինքնակործանում, ինչն արձանագրում է համակարգային ու քաղաքական անդունդի անխուսափելիությունը:
Արվեստը հաճախ կարողանում է հաղթահարել ժամանակի և տարածության սահմանները՝ վիզուալ տեքստերի միջոցով միավորելով տարբեր իրականություններ մեկ ընդհանուր դիսկուրսի շուրջ: Այս տեսանկյունից արվեստի գործերը վերածվում են ինքնուրույն վավերագրերի, որոնց՝ որպես վիզուալ սկզբնաղբյուրների համադրական վերլուծությունը հնարավորություն է ընձեռում դիտարկել քաղաքական իշխանության, խորհրդանիշների կիրառման և զանգվածային վարքագծի օրինաչափությունները տարբեր պատմական համատեքստերում:
Սուքիաս Թորոսյանի (Տոտո) 1992 թվականի ծաղրանկարի (տպագրված «Ազգ» օրաթերթում) և սթրիթ-արտ արվեստագետ Բենքսիի (Banksy) բրոնզե քանդակի (տեղադրված 2026 թվականի ապրիլի 29-ին) կառուցվածքային վերլուծությունը ցույց է տալիս, թե ինչպես են քաղաքական դոգմաներն ազդում հասարակական ստորին շերտերի և կառավարող օղակների վրա։ Թեև այս երկու ստեղծագործությունները ստեղծվել են տարբեր ժամանակաշրջաններում և պատմական տարբեր միջավայրերում, ինչպես նաև տարբերվում են իրենց արտահայտչամիջոցներով ու գեղագիտական հարթություններով, դրանք օրգանապես լրացնում են միմյանց: Կազմելով միասնական դիսկուրս՝ դրանք ձևավորում են քարոզչության, գաղափարախոսական կուրության և զանգվածային հարմարվողականության խորը ու սարսափեցնող մի ամբողջական համապատկեր՝ արձանագրելով գաղափարախոսական աղճատման ամբողջական շրջափուլը:
Տոտոյի հայտնի ծաղրանկարը, որը ժամանակագրորեն համընկնում է նախկին կայսերական համակարգի փլուզման և անցումային կերպափոխման բարդ գործընթացների հետ, ներկայացնում է գաղափարախոսության զոհ դարձած հասարակության դասական կաղապար: Նկարի առաջին պլանում ժպտացող, ինքնավստահ առաջնորդի կերպարն է, որը հպարտորեն առաջ է տանում հսկայական դրոշը՝ հստակորեն պահպանելով տեսողական կապն իրականության հետ: Այս պատկերումը ճշգրտորեն նկարագրում է պարտադրված գաղափարաբանության և քաղաքական քարոզչության գործառույթը զանգվածային հասարակություններում, որտեղ համակարգային ճգնաժամը տեղակայված է հենց առաջնորդի թիկունքում:
Նրա հետևից ընթացող հոծ բազմությունն ամբողջությամբ ծածկված է այդ նույն դրոշի կտավով, որն այստեղ հանդես է գալիս միաժամանակ որպես անքննելի հավատամքի և հաստատութային պատումի կամ դիսկուրսի խորհրդանիշ: Այս գաղափարական շղարշն ինքնաբերաբար չեղարկում է անհատի քննադատական ընկալումը. մարդիկ զրկված են սեփական տեսլականից ու անհատականությունից և հանուն վերացական գաղափարի հրաժարվում են աշխարհն ինքնուրույն վերլուծելու կարողությունից: Հասարակությունը, կուրորեն ենթարկվելով դրոշակակրին, սկսում է առաջնորդվել բացառապես պարտադրված գաղափարական ուղեծրով: Արդյունքում՝ առանցքային շեշտադրումը զանգվածի անվերապահ հնազանդությունն է մի առաջնորդի, որը նպատակային կերպով, օգտագործելով իրականության մեկնաբանման և իմաստաստեղծման իր մենաշնորհը, կառավարում է ինքնուրույնությունից զրկված ամբոխին:
Այս վարքագծային մոդելի հակադիր բևեռը վերլուծության է ենթարկվում Բենքսիի (Banksy)՝ «Կույր դրոշակակիրը» (The Blind Flag Bearer) աշխատանքում, որն ամբողջությամբ շրջում է հնազանդության տրամաբանությունը՝ թիրախավորելով հենց իշխանության կրողին և համակարգային ճգնաժամի ուսումնասիրությունը տեղափոխելով վերին մակարդակ: Մոտ 3.5 տոննա կշռող այս բրոնզե քանդակը, որը տեղադրված է Լոնդոնի Ուոթերլու Փլեյսում (Waterloo Place), պահանջում է տարածական և պատմական միջավայրի խիստ հաշվառում: Գտնվելով 19-րդ դարի կայսերական և ռազմական հուշարձանների (Էդվարդ VII, Ֆլորենս Նայթինգեյլ, Ղրիմյան պատերազմի հերոսներ) անմիջական հարևանությամբ՝ այն յուրացնում է ավանդական կոթողային արվեստի ձևաչափը (բրոնզ, քարակուռ պատվանդան): Սակայն բովանդակային առումով այն գործում է որպես հակակոթող՝ ապակառուցելով պետական հզորության և անառարկելիության ավանդական ընկալումները:

Քանդակի ձևաբանությունն արձանագրում է քաղաքական և գաղափարական առաջնորդության վարքագծային օրինաչափությունը: Խիստ պաշտոնական հագուստով անանուն տղամարդը, որն այստեղ հանդես է գալիս որպես առաջնորդության ինստիտուտի և տիրապետող դոգմայի հավաքական կերպար՝ անկախ դրա իշխանական կամ ընդդիմադիր բնույթից, վստահաբար առաջ է ընթանում: Նրա բարձր պահած դրոշն ամբողջությամբ փաթաթվել է իր իսկ դեմքին՝ վերածելով գործչին սեփական խորհրդանիշի գերու: Սա փաստում է, որ փակ համակարգերում որոշում կայացնող օղակն ինքնին դառնում է իր իսկ վերարտադրած գաղափարախոսության զոհը: Տվյալ իրավիճակում իսպառ խզվում է կապն օբյեկտիվ իրականության հետ. մենք գործ ունենք ոչ թե աշխարհը ռացիոնալ դիտարկող սուբյեկտի հետ, այլ մի դերակատարի, որի ճանաչողական գործընթացը կազմաքանդվել է՝ իր տեղը զիջելով համապարփակ գաղափարական դաշտում շրջանառվող սուբյեկտիվ մեկնաբանությանն ու վերացական իմաստաստեղծմանը:
Այս ստեղծագործության մեջ առկա է ևս մեկ վճռորոշ տարր, որն ավարտուն տեսքի է բերում ինստիտուցիոնալ անկման պատկերը. առաջնորդը կանգնած է պատվանդանի եզրին: Նրա մի ոտքը վստահորեն բարձրացված է հաջորդ քայլն անելու համար, սակայն առջևում ճանապարհն ավարտվում է, և ֆիզիկական հենարանի բացակայության պայմաններում սկսվում է դատարկությունը: Խզելով կապն օբյեկտիվ իրականության հետ և չտեսնելով մոտալուտ անկումը՝ դրոշակակիրն իներցիայով հանդիսավոր քայլում է դեպի ինքնակործանում, ինչն արձանագրում է համակարգային ու քաղաքական անդունդի անխուսափելիությունը:
Այս երկու վիզուալ արտեֆակտների համադրումը կառուցում է գաղափարախոսական պարտադրանքի ավարտուն մոդել: Եթե Տոտոն փաստում է գաղափարական շղարշի ներքո հասարակության ամբոխայնացումն ու սեփական տեսլականի կորուստը, ապա Բենքսին արձանագրում է նույն մեխանիզմի ազդեցությունը բուն իշխանության վրա, որտեղ սեփական գաղափարախոսությամբ կուրացած դրոշակակիրը զրկվում է ռացիոնալ կառավարման ունակությունից:
Ընդհանուր պատկերում սա ուրվագծում է պատմական այն միտումը, ըստ որի՝ պաշտոնական խորհրդանիշների գերարժևորումը և իրականության ընկալման խզումը մեխանիկորեն հանգեցնում են ամբողջական հաստատութային (ինստիտուցիոնալ) անկման:
Սմբատ Հովհաննիսյան
2 մայիսի 2026