Սիրիական պատերազմի պատճառով՝ 2014-ին Ավետիսյանների ընտանիքը որոշեց մշտական բնակություն հաստատել հայրենիքում: Որոշումը իրականացավ, երբ ընտանիքի անդամներից մեկը՝ տանտիկնոջ՝ Մարիա Ավետիսյանի հորաքրոջ դուստրը հրթիռակոծության հետևանքով առաջացած հրդեհի զոհ դարձավ: Ինչպես noranor.ca-ի հետ զրույցում նշել է տիկին Մարիա Ավետիսյանը, այդ դեպքը խորապես ցնցել է իր ընտանիքին, որից կարճ ժամանակ անց տեղափոխվել են Հայաստան: Սակայն Հայաստանում եւս բախվեցին խնդիրների մի ողջ շարանի. հայրենիքում թեեւ կյանքը վտանգված չէր, սակայն սոցիալ-տնտեսական վիճակը, դրանից բխող բոլոր հետեւանքներով, բավականին ծանր էր: Առանցքային խնդիրը աշխատանքի բացակայությունն էր, ինչի պատճառով ընտանիքի հայրը՝ Րաֆֆի Ավետիսյանը, տարվա մի մասը Հալեպում է անցկացնում. գործարարությամբ է զբաղվում: Ինչպես պարզվեց, տիկին Մարիան էլ մասնագիտությամբ իրավաբան է եւ երկար տարիներ Հալեպում աշխատել է այդ ոլորտում: Օրենսդրության տարբերությունը, սակայն, թույլ չի տալիս հարենիքում եւս մասնագիտությամբ աշխատել: Ավետիսյանների դուստրերից Շողիկն էլ արդեն 15 տարի է՝ լողով է զբաղվում. Սիրիայի և Հալեպի լողի հավաքականների անդամ է եղել, առաջին կարգի մրցանակների դափնեկիր: Հայաստան տեղափոխվելուց հետո ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ, սակայն, ինչպես նշում է, դեռեւս չի կարող աշխատել, քանի որ դիպլոմ չունի: Շողիկը հույս ունի, որ ուսումն ավարտելուց հետո կկարողանա աշխատանք գտնել, դրանով նաև հայրենիքում մշտապես բնակվելու ցանկությունը կիրականանա: Աղջիկը վստահ է՝ Հալեպում, որտեղ արդեն նաև մարզչական դասընթացներ էր անցկացնում, շատ ավելի մեծ հաջողությունների կհասներ, բայց Հալեպ վերադառնալու մասին մտածելը հիմա արդեն անիմաստ է, թեև հայրը դեռ շարունակում է աշխատել այնտեղ: