Նախանձախնդիր լինելով մեր ընթերցողներին ներկայացնել սփյուռքի հայկական գաղութներում հայապահպան գործունեություն ծավալող ազգային կառույցները՝ «Արևելք»-ը այս և առաջիկա հրապարակումներով անդրադառնալու է Բեյրութի «Հայկազյան» համալսարանի գործունեությանը: Նշենք, որ համալսարանը ակադեմիական և կրթական ոլորտներում իր ունեցած ներդրումների կողքին վերջին տարիներին զարկ է տվել սփյուռքի տարբեր գաղթօջախներին ծանոթացման խիստ կարևոր աշխատանքին:
Այսօրվա մեր նյութով անդրադառնալու ենք վերջերս Կահիրեում, ապա Բեյրութում կայացած «Եգիպտոսի, Սուդանի և Եթովպիայի հայերը» խորագրով համաժողովներին, որոնց իրենց մասնակցությունն են բերել մի խումբ հայ և օտարազգի պատմաբաններ ու հետազոտողներ:
Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ Հայկազյան համալսարանը (հիմնադրված թվականին), գործում է Վերապատվելի Դոկտ. Փոս Հայտոսթյանի տնօրինությամբ, ով արդեն տարիներ ի վեր շարունակում է հմտորեն ղեկավարել Մերձավոր Արևելքի սրտում՝ Բեյրութում գործող միակ հայկական՝ «Հայկազյան» համալսարանը:
Եգիպտոսը, Սուդանն ու Եթովպիան այն երկրներն են, որտեղ հայ համայնքը, ի տարբերություն այլ գաղթօջախների, ձևավորվել է ավելի վաղ, քան Հայոց Ցեղասպանությունը, սակայն, ի տարբերություն մյուսների, այս հին գաղթավայրերում այժմ ամենասակավ թվով հայեր են ապրում: Բայց տարիների ընթացքում հայ ժողովրդի թողած ավանդը հսկայական է, ու անկախ դրանից, քաղաքական հանգամանքների բերումով, հայեը լքել է այն ու տեղափոխվել ավելի ապահով վայր:
Այս, ինչպես նաև ներկայիս համայնքների գոյության պահպանման հարցերը քննարկվել են Հայկազյան համալսարանում մայիսի վերջին կայացած գիտաժողովի ընթացքում, որին մասնակցել են ոչ միայն հայեր Հայաստանից ու այլ երկրներից, այլև օտարազգի գիտնականներ, ովքեր արծարծել են Հայոց Ցեղասպանության, Մերձավոր Արևելքում ծավալված զարգացումների վերաբերյալ հարցեր:
Եւս մեկ գիտաժողով նույն հարցերի շուրջ տեղի էր ունեցել ապրիլին Կահիրեում: Հայ պատմաբան Վահե Սարգսյանը այն 6 հայաստանցիների թվում էր, ովքեր մասնակցել են լիբանանյան գիտաժողովին: Արևելք-իի հետ զրույցում նա ոչ միայն մանրամասներով ու տպավորություններով է կիսվել, այլև համայնքների խնդիրներին է անդրադարձել:
«Այլ բան է, երբ դու Սփյուռքի մասին կարդում ես, և այլ բան է, երբ տվյալ համայնքի ներկայացուցչից լսում ես համայնքի խնդիրների մասին, տեղեկանում ես համայնքի կյանքում առկա պատմությանը, նույնիսկ որոշ դեպքերում ստիպված ես լինում դուրս գալ և բակում ծխել, որովհետև ամեն անգամ տարբեր ու մի նոր դրվագ էր բացվում, որոնց մասին տեղյակ չենք եղել, առաջին անգամ էինք լսում»,-անկեղծորեն ներկայացնում է Սարգսյանը:
Որպես հայ՝ հպարտություն պատճառող օրինակներ շատ են եղել, ինչպես, ասենք, հայ գիտնական Քլոդ Մութաֆյանի զեկույցը Վերին Եգիպտոսի Սպիտակ վանքի մասին կամ Մուսա լեռան գաղթականության մասին տեղեկություններ պարունակող զեկույցը:
«Որոշ դեպքերում ինձ համար իրոք անսպասելի էր, որ կարող ենք նման ժառանգություն ունենալ: Եգիպտահայերից Արմին Քրետյանը զեկուցում ունեցավ 1906-7 թ-ի Կահիրեի հայոց և 13 թ-ի Ալեքսանդրիայի հայոց մարդահամարները թեմայով, անդրադարձավ համայնքի կյանքում տեղի ունեցած տեղաշարժերին, ինչ իրավիճակ էր այդ ժամանակ եգիպտահայոց կյանում, և պատահական չէ, որ պարզաբանվում է հանգամանքը, թե ինչու ՀԲԸՄ-ն հիմնվեց Եգիպտոսում»,-օրինակ է բերում հայ պատմաբանը:
Ոչ միայն թվեր ու տեղեկություններ, այլև հանդիպումներ ու այցելություններ հայաբնակ վայրեր, օրինակ Անթիլիաս, Այնճար գյուղեր, որտեղ Սարգսյանը տպավորվել է գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ գյուղապետի փոխանցած տեղեկություններից:
Այս փաստերը հպարտություն են պատճառել, իսկ համայնքի թվի վերաբերյալ տեղեկությունները՝ մտահոգել: Վահե Սարգսյանը շեշտում է համայնքների փոքրաթիվ լինելը, ինչը պահպանելը շատ դժվար կլինի: Ձուլումը սպառնալիք է, որից խուսափելու համար որոշակի քայլեր են ձեռնարկվել:
«Եգիպտոսի հայ համայնքի համար մի խնդիր էլ շեշտեցին, որ հայ երիտասարդները չամուսնանան այլազգի ներկայացուցիչների հետ,մ նույնիսկ մշակութային հարթակներ էին ստեղծել տարբվեր հարցերի վերաբերյալ, որ հայ տղաներն ու աղջիկները տարբեր հարցերի շուրջ քննարկումների ժամանակ միմյանց հանդիպեն և համայնքի հայ երիտասարդությունը միմյանց գոնե ճանաչի» ,-նշում է գիտաժողովի մասնակիցը:
Որքան էլ քայլեր կատարվեն հայապահպանության ուղղությամբ, Հայաստան-Սփյուռք կապերը պահպանվեն, միևնույն է, տվյալ երկրւմ քաղաքական աննպաստ իրադրությունն առաջին հերթին անդրադառնում է հայության վրա, համոզված է նա, ասում է.«Ինչպես Մերձավոր Արևելքի վերջին գործողությունները, առաջին հարվածի տակ հայտնվում է հայությունը, և գործնականում ինչքան էլ քայլեր կատարվեն, քանի դեռ տարածաշրջանը հանգիստ չէ, միանշանակ համայնքի կայուն գործունեության համար երաշխիք չի կարող լինել»:
Անկախ այս խնդիրներից, համայնքն ապրել է Հայաստանի կյանքով, նույնիսկ Հայաստան տեղափոխվելու ցանկություն հայտնողներ են եղել: Մեր զրուցակիցը նշում է. «Ինչքան էլ շեշտվում էր հայերի թողած վիթխարի ավանդը, միևնույն է, գալիս էին նորից այն մտքին, որ վերջին հանգրվանը Հայաստանն է: Մարդիկ խիստ հետաքրքրված են ներհայաստանյան իրադարձություններով, և հանգում էի հետևյալ մտքին. եթե բավարար դրամ կա ձեռքներին, կարող են գալ, որովհետեւ նրանց համար շատ կարևոր էր այն, որ սեփական հայրենքում դու քո երկրի բացարձակ տերն են»,-կարևորում է Վահե Սարգսյանը, ով տպավորված էր Հայկազյան համալսարանում անցկացված կոնֆերանսից, որի արդյունքում, վստահեցնում է, որ վիթխարի էներգետիկա է ստացել: