Մարտի 20-24-ն Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղի կունենա «Մոնսերրատի Ոսկե ձայն» (Golden voices of Monserrat) միջազգային մրցույթը, որին այս տարի Հայաստանը մասնակցելու է առաջին անգամ: Մեր երկիրը հեղինակավոր մրցույթին ներկայացնելու է գյումրեցի երգչուհի, սոպրանո Արևիկ Թանաշյանը, որը երաժշտական աշխարհում հայտնի է Լեոնորա անունով: Երգչուհու ընտրությունը նշված մրցույթին ներկայացրել է Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան՝ (նախագահ Արման Ղուկասյան): Ինչպես «Արևելքին» հայտնեց Լեոնորան, դասական երգարվեստի ստեղծագործություններից բացի ներկայացնելու է նաև հոգևոր երգեր և մեծ ջանքեր է գործադրում՝ երկու անվանակարգերում հաղթելու և պատվով վերադառնելու Հայաստան: «Ինչպես ցանկացած երաժիշտի համար, յուրաքանչյուր նման մրցույթ ինքդ քեզ նորովի բացահայտելու հնարավորություն է, քանի որ բացի հաղթանակից, ձեռք ես բերում լուրջ արվեստագետ ընկերներ, որոնցից յուրաքանչյուրի մտածումը, ընկալումը և աշխարհայացքը քո մեջ ավելի եռանդ ու սեր է ավելացնում դեպի ընտրածդ մասնագիտությունը»,-ասում է երգչուհին:

Մի շարք մրցույթների դափնեկիր Լեոնորան նշում է, որ մեծ է նաև պատասխանատվությունը՝ Հայաստանն առաջին անգամ ներկայացնելու միջազգային հեղինակավոր մրցույթին, որին տարբեր երկրներից մասնակցում են լավագույնները:
Գյումրիում ծնված 31-ամյա երգչուհին նախնական կրթությունը ստացել է Գյումրիում, այնուհետև ստացել է երաժշտական հիմնավոր կրթություն: Անհատական և երգչախմբային համերգային գործունեությամբ հանդես է եկել Հայաստանում,Ղարաբաղում, Ավստրիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Բրազիլիայում, Սիրիայում, Լիբանանում: 2013-ին «Անուշ» օպերայի 100-ամյակի առթիվ նա Գյումրիում բեմ է բարձրացել «Անուշի» դերերգով: Լեոնորան եղել է Գյումրիի Սբ. Աստվածածին եկեղեցու մեներգչուհին, զբաղվել է նաև մանկավարժական գործունեությամբ՝ Գյումրիում և Լիբանանում: 2014-ին Լիբանանում լիբանանցի ճանաչված երաժիշտ Էլիաս Ռահբանիի հովանավորությամբ հրապարկվել է Լեոնորայի հոգևոր երգերի կատարումների ձայնասկավառակը: 2015 թվականի հունիսի 13-18-ը երգչուհին Երևանում մասնակցել է Կովկասյան առաջնություն միջազգային մրցույթին (Լիբանանի դրոշի ներքո) և նվաճել Գրան Պրին: Իսկ արդեն 2015-ին Հայաստանը ներկայացրել է Սոֆիայում և կրկին նվաճել Գրան Պրին: Հայաստանը ներկայացրել է նաև Վարշավայում: Մենահամերգներ է ունեցել Իրանի Նոր Ջուղա քաղաքում: Բազում հաջողությունների շարքում Լեոնորայի վերջին հաջողություններից է Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում կայացած Winter Tale 2016 միջազգային մրցույթի ժամանակ նվաճած Գրան Պրին: Լեոնորային աջակցում է ամուսինը՝ լիբանանահայ պրոդյուսեր Վիգեն Թանաշյանը:
