image
Հրատապ լուրեր:

Ըստ «Ժողովուրդ» թերթին Հայաստանի մէջ անիշխանութիւն կը տիրէ

Ըստ «Ժողովուրդ» թերթին Հայաստանի մէջ անիշխանութիւն կը տիրէ

«Ժողովուրդ» օրաթերթը կը գրէ․ «Սխալուած չենք լինի, եթէ ասենք, որ Հայաստանում արդէն մի քանի ամիս է՝ անիշխանութիւն է տիրում, եւ դա տարբեր օրերին դրսեւորւում է տարբեր կերպ: Վերջին երեք դրուագներին ականատես եղանք երկու օրերի ընթացքում։ Նախ՝ փետրուարի 22-ին Հայաստանը խայտառակ կերպով ներկայացաւ Ապու Տապիի ռազմաթեխնիկական (ռազմաարդիւնաբերական) ցուցահանդէսին: Մասնաւորապէս, հայկական ընկերութիւնների տաղաւարներում բացակայել են հայկական ռազմական թեխնիկայի ցուցանմուշները, եւ եղել են միայն պուքլեթներ, այնինչ կողքի տաղաւարում Ատրպէյճանը ներկայացրել էր լայն ռազմամթերքի նմուշներ:

Եւ զաւեշտալի է, որ ՀՀ բարձր թեխնոլոկիական (Արհեսատագիտութեան) նախարարութիւնը հաղորդագրութիւն էր տարածել, թէ լոճիսթիք (գումակային) խնդիրներ են եղել, եւ ցուցանմուշները չեն հասել Ապու Տապի: Համաձայնէք՝ աւելի զաւեշտալի արդարացում հնարաւոր չէր մտածել: Ու պէտք է նկատենք, որ նման «լոճիսթիք խնդիրների» պատճառով էլ անկազմակերպ պատերազմ վարուեց, եւ պարտուեցինք։

Դա էլ դեռ չմարսած՝ երէկ առաւօտեան վարչապետ Նիկոլ Փաշինեանի նախկին խորհրդական Յակոբ Ճաղարեանը յայտարարեց, թէ հայկական ինքնաթիռ է անհետացել: Պարզւում է՝ ամերիկեան ինքնաթիռը Թեհրանում է, իսկ Քաղաքացիական աւիացիայի (օդանաւային երթեւեկութեան) կոմիտէն անգամ տեղեակ էլ չէ դրանից եւ փորձում է քննութիւն իրականացնել ու պարզել: Այսինքն՝ մեր երկրից ինքնաթիռ էր անհետացել, եւ դրա պատճառների ու փաստի մասին տեղեկացանք պետական նախկին պաշտօնեայից ու դարձեալ զաւեշտալի պարզաբանումներ լսեցինք։

Այս ամէնին զուգահեռ՝ երէկ վերջնականապէս համոզուեցինք, որ Հայաստանի վարչապետն այլեւս չի կարողանալու Երեւանում ազատօրէն շրջել, ինչպէս անում էր նախկինում՝ հեծանիւով կամ ոտքով շրջելով եւ ուղիղ եթեր մտնելով։ Երէկ առաւօտեան նրա այցը Շրջակայ միջավայրի նախարարութիւն վերածուեց ֆիլմի:

Հանրապետութեան հրապարակը չորս կողմից հսկում էին հարիւրաւոր ոստիկաններ, շէնքերի տանիքներին դիպուկահարներ էին, իսկ Փաշինեանի թիկնապահական շարասիւնն էլ ուժեղացուած էր: Բացի այդ, նա այդ կարճ ճանապարհն անցաւ ցուցարարների վիրաւորանքների ներքոյ, եւ սա արդէն երկրորդ դէպքն է. դեկտեմբերի 19-ին էլ Փաշինեանն այսկերպ մուտք գործեց Եռաբլուր: Իրավիճակը գնալով թէժանում է»։

 

Առաւել մանրամասն՝ թերթի այսօրուայ համարին մէջ: