image
Հրատապ լուրեր:

«Միմեանց հանդէպ մեր սիրով ու պատասխանատվութեան զգացումով». Գերշ. Տ. Տաթեւ եպս. Յակոբեան (Լուսանկար)

 «Միմեանց հանդէպ մեր սիրով ու պատասխանատվութեան զգացումով». Գերշ. Տ. Տաթեւ եպս. Յակոբեան (Լուսանկար)

Ռումանիոյ  Հայոց Թեմի Առաջնորդ,  Պուլկարիոյ  Թեմի  Առաջնորդական Տեղապահ՝  Գերշ. Տ. Տաթեւ  եպս. Յակոբեանի  Ամանորի պատգամը 

 

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, 

Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Առաջնորդանիստ Մայր Տաճարից ողջունում և հայրական մեր օրհնությունն ենք բաշխում ձեզ:

Թերթում ենք պատմության ևս մեկ էջ, լի ձեռքբերումներով, հաղթանակներով, բայց նաև կորուստներով։ 2022թ-ին ևս մարդկությունը բախվեց մի շարք գլոբալ խնդիրների, դարձյալ հնչեցին ռումբերի պայթյուններ, ոտնահարվեցին մարդկային իրավունքներ, ոտնձգություններ եղան Հայոց պետականության սահմաններին, սակայն, ի վերջո, լիահույս ենք, որ պատմության նոր էջը՝ 2023թ-ը, պիտի սկսենք անցյալի սխալներից դասեր քաղած և առավել լուսավոր ապագա կերտելու տեսլականով։ 2023թ-ը սկսում ենք աղոթքով, ինքնաքննությամբ և հույսով, որ մեր ժողովրդի զավակների մեջ այլևս պառակտումներ տեղ չպիտի ունենան, հավատով, որ 2023թ-ին մեր ազգի զավակներին պիտի կարողանանք համախմբված տեսնել ազգային գաղափարախոսության և արժեքների շուրջ՝ առավել հզոր պետականություն կառուցելու, մեր Հայրենիքի սահմանները առավել պաշտպանված տեսնելու, ռումինահայ և բուլղարահայ համայնքներն առավել միասնական ու զորավոր դարձնելու համար։

Մենք, հայերս, նոր տարի մուտք ենք գործում Սուրբ Ծննդյան պահեցողությամբ ու աղոթքով, հոգու և մարմնի ներդաշնակությամբ, որպեսզի օրեր անց առավել նորոգված ընդունենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ս․ Ծննդյան փրկարար ավետիսը: Մենք վստահ ենք, որ 2023թ-ը ևս Ռումանիոյ և Բուլղարիոյ հայոց թեմերի համար լինելու է ձեռքբերումների և հաջողությունների տարի, լիահույս ենք, որ Տիրոջ օգնականությամբ հաղթահարելու ենք բոլոր մարտահրավերներն ու փորձությունները, հաջողելու ենք նաև համազգային և համահայկական նշանակության խնդիրներում, յուրաքանչյուրիս ծառայասիրությամբ, ջանքով ու նվիրումով, Մայր Եկեղեցու, Հայրենիքի, ազգի և միմյանց հանդեպ մեր սիրով ու պատասխանատվության զգացումով: 

Սիրելի հավատավոր քույրեր և եղբայրներ ի Քրիստոս, Տիրոջ զորակցությամբ և օրհնությամբ, ինչպես նաև համագործակցությամբ Ռումինիայի հայոց միության և Ռումինիայում ՀՀ դեսպանության հետ, կյանքի ենք կոչելու բոլոր աստվածահաճո ծրագրերն ու մտահղացումները՝ ի շահ Ռումանիոյ և Բուլղարիոյ հայոց թեմերի և հայ համայնքների:

Մեր մաղթանքն ու աղոթքն է, որ 2023թ. ռումինահայության և բուլղարահայության համար, Մայր Հայրենիքի, ռումին և բուլղար պետությունների, նաև համայն մարդկության համար լինի խաղաղության, նվաճումների, ձեռքբերումների և հոգևոր նորոգության տարի։ Թող դադարեն բոլոր պատերազմները, լռեն զենքերի և ռումբերի պայթյունների ձայները, թող մարդկությունն իր ջանքն ու եռանդը գործադրի միմիայն բարին արարելու, կառուցելու և շենացնելու վրա։

Թող Աստված զորացնի ու խաղաղ պահի մեզ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, զորացնի Մեր Եկեղեցին, ռումինահայ և բուլղարահայ համայնքները, բարեկամ մեր ժողովուրդներին՝ առավել ամրացնելով մեր հավատքը:

Մաղթում ենք ձեզ և ձեր ընտանիքներին առողջ, խաղաղ և օրհնյալ օրեր:

Շնորհավոր Նոր Տարի