image

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Օգոստոսի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի,  սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով: 

Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, ապա Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին ողջունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերելով ժողովականներին: 

Ժողովի ընթացքում կքննարկվեն Հայաստանում և Արցախում ստեղծված կացության,  Սրբալույս մյուռոնի օրհնության, եպիսկոպոսական ձեռնադրության և Մայր Տաճարի վերանորոգման ընթացքին առնչվող հարցեր։

Քննարկման առարկա կդառնան նաև եկեղեցա-վարչական և Եկեղեցու առաքելության արդյունավորման վերաբերյալ այլ հարցեր:

Հընթացս ժողովի՝ Գերագույն հոգևոր խորհուրդը, տեղեկանալով Բերձորի միջանցքում հայ երիտասարդների առևանգման մասին, խստորեն դատապարտեց ադրբեջանական իշխանությունների կազմակերպած հերթական բռնությունն ու սադրիչ գործողությունը, ինչը շարունակվող թշնամական դրսևորումն է Ադրբեջանի հակահայկական քաղաքականության։

ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ