«Թուֆենկեան» բարեգործական հիմնադրամն իր առաքելութեանը հաւատարիմ շարունակում է մնալ Արցախի ու արցախահայութեան կողքին:
Հոկտեմբերի 19-ին հերթական կապիտալ վերանորոգուած առանձնատունը շահագործման է յանձնուել Մարտունի քաղաքում:
Հայրիյեանների ընտանիքը բնակարանը ստացել է 2006թ.-ին` բազմազաւակ ընտանիքներին բնակարաններով ապահովելու պետական աջակցութեան ծրագրով: 44-օրեայ պատերազմի հետեւանքով վնասուել է տունը, ծանր վիրաւորում ստացել 27-ամեայ որդին` Հայկ Հայրիյեանը: Հիմնադրամի հովանաւորութեամբ կապիտալ վերանորոգուել է 3 սենեականոց առանձնատունը:
«Թուֆենկեան» բարեգործական հիմնադրամի հանրային կապերի տնօրէն Ռուբեն Ճանպազեանն իր խօսքում նշեց. «Հայկը մեր այն հերոսներից է, ով պատերազմի ողջ ընթացքում պայքարել է հայրենիքի պաշտպանութեան համար: Այս քայլով մենք ուզում ենք ցոյց տալ Հայկին, որ ոչ միայն Արցախի ու Հայաստանի ժողովուրդը, այլեւ սփիւռքահայութիւնն իր կողքին է: Այս անգամ մենք ներգրաւեցինք մեր սփիւռքի ներուժը, համացանցի միջոցով նուիրահաւաք կազմակերպեցինք եւ այդ միջոցներով այսօր այս ընտանիքին յանձնեցինք վերանորոգուած բնակարանը»:
Ընտանիքի մայրը` Նորա Հայրիյեանն, իր շնորհակալութիւնն ու երախտիքի խօսքն է ուղղել «Թուֆենկեան» բարեգործական հիմնադրամին` դժուար օրերին իրենց կողքին կանգնելու եւ սատար լինելու համար. «հիմնադրամի շնորհիւ այսուհետ ապրելու ենք բարեկեցիկ պայմաններ ունեցող մեր տանը»,- նշել է նա:
Նոյն օրը, յետպատերազմեան ժամանակահատուածում Մարտունու շրջանում թուով 8, իսկ Խերխանում` 1-ին տունը շահագործման յանձնեցին` Սեյրանեանների ընտանիքին:
Ընտանիքի մայրը` Մարինէ Սեյրանեանը, պատմում է, որ 6 հոգանոց ընտանիքն այս տանն էր ապրում: Տան կցակառոյց հատուածի կառուցման աշխատանքները սկսել էին, առաջին հարկի պատերն արդէն դրել, երբ սկսուեց չարաբաստիկ պատերազմը: Ամուսինը` Ստեփան Սեյրանեանը, մեկնեց մարտադաշտ եւ հոկտեմբերի 22-ին, Ջիւանու տարածքում, անօդաչու թռչող սարքի հարուածից միացաւ անմահների գնդին: Պատերազմից յետոյ կցակառոյցի եւ վերանորոգման աշխատանքներն աւարտին հասցրեց «Թուֆենկեան» բարեգործական հիմնադրամը:
«Ցաւով ենք նշում, որ տանտէրն ու իր նման բազմաթիւ տղաներ այսօր մեզ հետ չեն: «Թուֆենկեան» բարեգործական հիմնադրամը նման ընտանիքների կողքին է: Փորձում ենք անել հնարաւորինս, որպէսզի փոքր ինչ դիւրացնենք հերոսների ընտանիքների անդամների կ'եանքըէ,- իր խօսքում նշեց հիմնադրամի տնօրէն Գրիգոր Պետեանը:
«Տան կառուցման եւ վերանորոգման աշխատանքները սկսել են սեպտեմբերի 5-ին, աւարտել ուղիղ 44 օր յետո… Շնորհակալութիւն ենք յայտնում Հիմնադրամին` բանուորից մինչեւ տնօրէն, բոլոր բարերարներին` մեզ աջակցելու, մեր կողքին լինելու համար»,- նշեց Մ.Սեյրանեանը:
Տան բացման պատուաւոր առաքելութիւնն իրականացրեց ընտանիքի կրտսեր որդին` Արեգը: Չնայած նրան, որ ֆիզիկապէս կորցրել են տան հենասեանը, բայց նա հոգեպէս միշտ ընտանիքի հետ է ու կշարունակի ապրել ընտանիքի հետ` այդ մեծ առանձնատանը: Որդիները յստակ որոշել են. կը մնան ու կը շենացնեն հայրենի գիւղը:
Սեյրանեանների ընտանիքում առաջիկայում երկու ծնունդ կը լինի, ովքեր իրենց հետ նոր ապրումներ կը բերեն, նոր իմաստ ու ապրելու ուժ կը տան:
Նիւթը՝ «Ամարաս» պարբերականէն:
Հեղինակ՝ Նարինէ Հայրապետեան