Տարեվերջին աշխուժանում են ձեռքի աշխատանքների ցուցադրություն-վաճառքները, կազմակերպությունները, տարբեր ընկերություններ այս օրերին ներկայացնում են իրենց մեկ տարվա աշխատանքը՝ այդ կերպով ավարտելով տարին եւ պատրաստվելով նոր տարվա, նոր ծրագրերի։
Երեւանում արդեն 10 տարի գործող «Օղակ» հասարակական կազմակերպությունը նույնպես ավանդույթ ունի՝ ամեն տարեվերջի ներկայանալ ցուցահանդես-վաճառքով, որը ցույց է տալիս ընկերության գործունեության միայն մեկ մասի՝ արհեստ-ձեռագործության դասընթացների արդյունքը։
«Օղակ» ՀԿ-ի սրահում (Նորք-Մարաշ) ներկայացված է կազմակերպության շահառու կանանց պատրաստած Կաղանդի հավաքածուն, որը մեծ ընդունելություն է գտել տոներից առաջ։

Տարիների ընթացքում կազմակերպությունը հատուկ դասընթացների ընթացքում բազմաթիվ կանանց սովորեցրել է ասեղնագործություն, կար ու ձեւ, կենցաղային իրերի տոնական կամ առօրյա ձեւավորման հմտություններ, որոնք կիրառելով բազմաթիվ կանայք պատրաստել են ինքնատիպ աշխատանքներ։


Երեւանի ցուցահանդես-վաճառքից հետո «Օղակ»-ի տոնական հավաքածուն կցուցադրվի նաեւ Բեյրութում։
Մայրաքաղաքում այս օրերին ներկայացված այլ ցուցադրություններից տարբերվող «Օղակ»-ի հավաքածուն ներառում է անձնական եւ տան համար անհրաժեշտ իրեր, պայուսակներ, բարձեր, սրբիչներ, ազգային ասեղնագործություն, տոնածառի խաղալիքներ, այլ տոնական իրեր, որոնք բոլորը պատրաստված են ստեղծագործ մտքով եւ ճաշակով, համադրված են ավանդականն ու նորարարը, ազգայինն ու ժամանակակիցը։

«Օղակ» ՀԿ-ն ոչ շահութաբեր կազմակերպություն է․ 10 տարի առաջ հիմնվելով Երեւանում՝ կազմակերպությունը նպատակ է դրել՝ նպաստել հայաստանցի կանանց դերի բարձրացմանը, նրանց անձնական աճին, ինքնակատարելագործմանը։ Այս առաքելությունը կազմակերպությունը կյանքի է կոչել՝ կազմակերպելով անհատական աճի եւ տարբեր մասնագիտական հմտություններ փոխանցող դասընթացներ, արվեստի խմբակներ, անցկացրել է տարբեր միջոցառումներ՝ հավաքներ, առողջապահական արշավներ, խորհրդատվություն, մասնագիտական աշխատանիստեր։

Իրենց աշխատանքի ընթացքում «Օղակ»-ի աշխատակիցներն ու նրա շուրջ կանգնած մարդիկ (տարբեր մասնագետներ, աջակիցներ, կամավորներ) առաջնորդվել են երեք հիմնական արժեքներով՝ աճ, ինքնակարգապահություն եւ ուղղամտություն։
«Օղակ»-ի հիմնադիրները (Վերա Սիսեռյան, Գոհար Աբովյան) նշում են, որ իրենց ոգեւորում է դրական արդյունքը՝ նկատում են կազմակերպության դասընթացներին մասնակցող կանանց կյանքի դրական փոփոխությունը, ստեղծագործական մտքի զարգացումը եւ ճկուն դիմադրողականության ձեռք բերումը, ինչը հիմնադիրներին մղում է նորանոր մտքերի, գաղափարների իրագործման։
Տասը տարվա ընթացքում «Օղակ»-ն ընդալայնել է իր աշխատանքի տարածքը՝ Նորք-Մարաշ վարչական շրջանից հասնելով մինչեւ Արագածոտնի, Գեղարքունիքի եւ Տավուշի մարզեր, որտեղ նույնպես տասնյակ կանայք հաղորդակցվում են կազմակերպության արժեքներին, ստեղծելով հավաքականություն, որը, ըստ հիմնադիրների, կարեւոր հիմք եւ հենարան է՝ ամուր պետականության համար:
