image

Արցախը կանգնած է սովի լուրջ վտանգի առաջ. Հայաստանի Վարչապետ

Արցախը կանգնած է սովի լուրջ վտանգի առաջ. Հայաստանի Վարչապետ

Euronews-ին տուած հարցազրոյցին, ի թիւս այլ հարցերու, Նիկոլ Փաշինեան անդրադարձած է Լաչինի միջանցքով տեղաշարժի արգելափակման:

«Եկէք խօսենք տեղում իրավիճակի մասին։ Դուք նշեցիք Լաչինի միջանցքը։ Արդարադատութեան Միջազգային Դատարանը, Մարդու Իրաւունքների Եւրոպական Դատարանը, ԱՄՆ-ն, ԵՄ-ն, բոլորը պահանջել են երաշխիքներ Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատութեան վերաբերեալ։ Ի՞նչ է տեղի ունենում այս առումով, որը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար հանդիսանում է վճռորոշ դարպաս»,- հարց ուղղած է լրագրողը։

Նիկոլ Փաշինեան պատասխանած է.

«Նախ, ես կ'ուզենայի Արդարադատութեան միջազգային դատարանի որոշումը տարանջատել Ձեր թուարկած միւս գործօններից, որովհետեւ Արդարադատութեան միջազգային դատարանի որոշումն ունի պարտադիր իրաւական ուժ, այսինքն՝ դա միջազգային բարձրագոյն դատական ատեանն է, որի որոշումներն ունեն բարձրագոյն իրաւական ուժ, եւ այդ դատարանը Հայաստանի դիմումի հիման վրայ սոյն թուականի փետրուարի 22-ին ընդունել է որոշում, որ Ադրբեջանը պէտք է ձեռնարկի իրեն հասու բոլոր քայլերը՝ Լաչինի միջանցքով տրանսպորտային միջոցների, ապրանքների եւ քաղաքացիների երկկողմանի շարժն ապահովելու համար, եւ յուլիսի 6-ին այդ որոշումը վերահաստատել է:

Սա շատ կարեւոր է նաեւ միջազգային իրաւակարգի տրամաբանութեան տեսակէտից, որովհետեւ Միջազգային իրաւունքի բարձրագոյն դատական ատեանի որոշումը չի կատարւում: Դա ընդհանրապէս օրէնքի եւ օրինականութեան տեսակէտից, կարծում եմ, գլոբալ առումով վատ մեսիջ է եւ մտածելու նիւթ՝ միջազգային հանրութեան համար, ամենայնդէպս, մենք աշխատելու ենք այս խնդիրը միջազգային ատեաններում բարձրացնելու համար:

Ի՞նչ է կատարւում Լեռնային Ղարաբաղում. Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է: Ի՞նչ է նշանակում հումանիտար ճգնաժամ. Լեռնային Ղարաբաղ ընդհանրապէս սնունդ չի մատակարարւում, արտաքին մատակարարման սնունդ չկայ, չկան առաջին անհրաժեշտութեան մի շարք ապրանքներ, չկայ մանկական սնունդ, չկայ դեղորայք, չկան հիգիենիկ պարագաներ, չկան առաջին անհրաժեշտութեան այլ ապրանքներ, Լեռնային Ղարաբաղի բնական գազի մատակարարումը դադարեցուած է Ադրբեջանի կողմից, Լեռնային Ղարաբաղին ելեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցուած է Ադրբեջանի կողմից, վառելիքի մատակարարումը դադարեցուած է Ադրբեջանի կողմից: Եւ այս առումով մենք այնտեղ սովի իրական վտանգի առաջ ենք կանգնած, առողջապահական խնդիրների եւ այլն, եւ այսպէս շարունակ»:

Լրագրողը յիշեցուցած է, որ Ատրպէյճանը շարունակաբար կը հերքէ այդ, անոնք կը պնդեն, որ «Աղդամի ճանապարհը հասանելի է»։

«Տեսէք, ես չգիտեմ Դուք ինչի մասին եք խօսում, որովհետեւ ես խօսում եմ այն փաստաթղթի մասին, որը ես ստորագրել եմ, եւ որն ունի միջազգային փաստաթղթի կարգավիճակ: Այնտեղ շատ յստակ գրուած է, որ Լաչինի միջանցքը, որը գտնւում է ռուս խաղաղապահների վերահսկողութեան ներքոյ, եւ որը ոչ թէ զուտ ճանապարհ է, այլ 5 քմ լայնութեամբ տարածութիւն, պէտք է դուրս լինի Ադրբեջանի վերահսկողութիւնից, եւ որը պէտք է ապահովի կապը Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ:

Սկզբունքօրէն, գիտէք, կը ներէք, մի քիչ աբսուրդ բան ասեմ, բայց լուսնից դէպի Լեռնային Ղարաբաղ ճանապարհը բաց է, ոչ մի անցագրային կէտ չկայ, բայց ես չեմ կարող խօսել ինձ անյայտ ինստիտուտների մասին, թէ դա ինչ ճանապարհ է՝ Մարսից, լուսնից: Ես խօսում եմ նրա մասին, ինչը փաստաթղթաւորուած հասկացութիւն է: Հիմա այդ ճանապարհը փակ է, եթէ որեւէ մէկը կասկածում է, Դուք կարող էք հենց հիմա փորձել գնալ դէպի Լեռնային Ղարաբաղ:

Իմիջիայլոց, երէկ Կարմիր խաչի միջազգային կոմիտէն արդէն յայտարարեց, որ Լաչինի միջանցքի փակ լինելու բերումով ինքը չունի հնարաւորութիւն հումանիտար օգնութիւն հասցնել Լեռնային Ղարաբաղ: Սա ի՞նչ է նշանակում, սա նշանակում է՝ նախ Կարմիր խաչի միջազգային կոմիտէն պաշտօնապէս յայտարարում է Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնութիւն հասցնելու անհրաժեշտութիւնը, հակառակ դէպքում չէր ասի, որ ես չեմ կարող օգնութիւն հասցնել, եւ երկրորդը՝ արձանագրում է, որ ինքը դա չի կարող անել եւ երրորդը՝ չի կարող անել Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով: Սրան հետեւեց նաեւ, եթէ չեմ սխալւում, «Freedom house» միջազգային կազմակերպութեան արձագանգը՝ կոչով, որ պէտք է ապահովել հումանիտար բեռների հասանելիութիւնը Լեռնային Ղարաբաղ:

Վերադառնալով հումանիտար ճգնաժամին, հետեւեալն ասեմ. ի հարկէ, Լեռնային Ղարաբաղում, մանաւանդ այս սեզոնին, որոշակի գիւղատնտեսական աշխատանքներ իրականացւում են, բայց Ադրբեջանի զինուորականները կրակում են գիւղատնտեսական աշխատանքներ իրականացնող անձանց, գիւղատնտեսական տեխնիկայի վրայ: 2020 թուականից այս կողմ մենք դէպքեր ունենք, երբ տրակտորիստը սպանուել է ադրբեջանցի դիպուկահարի կողմից՝ գիւղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս: Բայց հիմա տրակտոր էլ չի աշխատում, որովհետեւ վառելիք չկայ: Եւ վառելիքի բացակայութեան պատճառով մարդիկ չեն կարողանում բերքահաւաք իրականացել, եթէ ինչ-որ հրաշքով բերքահաւաք են իրականացնում, ասենք, օրինակ, հացահատիկի, այդ բերքը հնարաւոր չէ կրկին վառելիքի բացակայութեան պատճառով հասցնել ալրաղացներ, եթէ ինչ-որ հրաշքով ալիւր են ստանում՝ կրկին վառելիքի բացակայութեան պատճառով հնարաւոր չէ հասցնել հացի թխման արտադրամասեր, եթէ ինչ-որ հրաշքով ալիւրը հասցնեն՝ ելեկտրաէներգիայի, գազի բացակայութեան պատճառով հնարաւոր չէ արտադրական ծաւալներով հաց արտադրել, եթէ ինչ-որ ձեւով հնարաւոր է հաց արտադրել՝ կրկին տրանսպորտի բացակայութեան պատճառով այդ հացը դժուար է կամ հնարաւոր չէ խանութ հասցնել: Եթէ հնարաւոր է խանութ հասցնել՝ հասարակական եւ մասնաւոր տրանսպորտ չի գործում կրկին վառելիքի բացակայութեան պատճառով, որպէսզի մարդիկ գնան եւ այդ հացը ձեռք բերեն խանութից: Եթէ ինչ-որ ձեւով նրանց յաջողուի հասցնել խանութ, այս բլոկադայի պատճառով բոլոր ձեռնարկութիւնները փակուել են, բոլորը կորցրել են իրենց աշխատանքը եւ մարդիկ չունեն եկամուտներ խանութից հաց ձեռք բերելու համար: Եթէ ինչ-որ հրաշքով ունեն հաց ձեռք բերելու համար անհրաժեշտ եկամուտ՝ հերթերն այնքան մեծ են, իսկ ապրանքն այնքան քիչ, որ նոյնիսկ ինչ-որ հրաշքով այդ խանութի մօտ հասնելով այդ վաճառուող քիչ, հրաշքով, հրաշքի շղթայով խանութ հասած ապրանքն իրենց կարող է ուղղակի չհասնել:

Եւ այսպէս նոյն տրամաբանութեամբ նայենք՝ մանկական սնունդ. պատկերացրէք՝ երիտասարդ մայրերը չունեն հնարաւորութիւն երեխաներին կերակրել մանկական սնունդով: Ընդ որում, նրանցից շատերը, գուցէ հենց սկզբից բնական ճանապարհով չեն կերակրել երեխաներին, եւ սկսել են մանկական սննդով կերակրել եւ մի օր ուղղակի մանկական սնունդն անհետացել է»: