Ես շատ լաւ կը հասկնամ, թէ ինչ կը զգան այն արտահանողները, գործարարները, որոնց զէրոյէն սկսած, կեանքի ու մեծագոյն ջանքի ներդրումով ստեղծած ձեռնարկութիւնները յայտնուած են ոչնչացման վտանգի առջեւ: Այս մասին Կեդրոն Քրէակատարողական հիմնարկէն գրած է Բարգաւաճ Հայաստան կուսակցութեան նախագահ Գագիկ Ծառուկեանը:
«Նախորդ ուղերձում ես իմ մտորումներն էի ներկայացրել բարեգործութեան թեմայով։ Հիմա ուզում եմ կիսուել իմ մտքերով՝ գործարարութեան մասին։
Ես կայացել եմ զրոյից՝ առանց որեւէ ազդեցիկ բարեկամի, ժառանգուած կապիտալի։ Սկսել եմ փոքր բիզնեսից, անցել եմ բոլոր դժուարութիւնների միջով։ Սա ասում եմ մէկ պարզ պատճառով. հայաստանեան գործարարութեան ամբողջ բովանդակութիւնը ես իմ մաշկի վրայ գիտեմ։
Վստահաբար ասում եմ. գործարար խաւը Հայաստանի Հանրապետութեան կայացման գործում, յաջողութիւնների եւ զարգացման գործում ունեցել է բացառիկ դերակատարում։
Անկախութեան հենց սկզբից՝ 90-ականների ահռելի դժուարութիւնների փուլից՝ շրջափակում, վտանգաւոր ճանապարհներ, տնտեսական համակարգի փլուզում, ֆինանսական ճգնաժամ, պատերազմ, մեծապէս մեր գործարարների տաղանդի, աշխատասիրութեան եւ հայրենասիրութեան շնորհիւ է, որ Հայաստանը դիմացաւ փորձութիւններին ու բռնեց զարգացման ճանապարհը։
Մեր գործարարներն անհաւանական յաջողութիւնների են հասնում աշխարհի տարբեր ծայրերում, վայելում յարգանք եւ հեղինակութիւն։
Բազմաթիւ անգամներ հրապարակային ասել եմ, որ Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է։ Որքան այս խաւը պինդ լինի, ունենայ զարգանալու հնարաւորութիւն, այնքան մեր երկիրը ամուր կը լինի։ Եւ պետութեան խնդիրն է՝ ճիշդ տնտեսական քաղաքականութեամբ օգնել այս շերտին։
Ասել եմ նաեւ, որ բիզնեսի կայացումը կարող է տեւել տարիներ, պահանջել երկար տարիների դժուար աշխատանք, բայց քանդուելը կարող է լինել ամիսների, եթէ ոչ՝ շաբաթների հարց։
Առանձնայատուկ ուզում եմ խօսել դրսի, արտահանման շուկաների մասին։ Ժամանակակից աշխարհում ոչ ոք ոչ մէկին չի սպասում։ Շուկայ գտնելը, յարմարուելը չափազանց բարդ խնդիր է։ Ապրանքի որակը, գինը անշուշտ կարեւոր են, բայց կարեւոր են նաեւ անձնական կապերը, վստահութիւնը, ձեւաւորուած յարաբերութիւնները։
Հիմա մեր բազմաթիւ արտահանողներ կանգնած են լուրջ խնդիրների առաջ։ Մեծագոյն սխալ է մտածելը, թէ իբր հարցերը միեւնոյնն է՝ մի օր կը կարգաւորուեն, ու հայ արտահանողները կը վերադառնան իրենց աւանդական շուկաները։ Բիզնեսում ժամանակը կանգ չի առնում։
Զգուշացնում եմ՝ ամէն ինչ այդքան հեշտ չէ։ Շուկայում մեր տեղերն արդէն իսկ գրաւում են ուրիշները։ Չեն էլ թաքցնում, դա անում են հրապարակայնօրէն եւ ցուցադրաբար։ Բազմաթիւ հայկական ապրանքների տեղերում այսօր արդէն ադրբեջանական ապրանքներ են։ Այս պրոցեսի մասին դեռեւս մէկ-երկու ամիս առաջ եմ ասել։
Չկան մշտական շուկաներ։ Այսպէս շարունակուելու դէպքում, խնդիրները չկարգաւորելու դէպքում վաղը հայկական կոնեակների, գինիների, օղիների, պանրի, ձկնեղէնի, գիւղմթերքի, ծաղիկների, ցանկացած արտադրանքի տեղը վերցնելու են վրացական, ադրբեջանական, մոլդովական, ուզբեկական եւ այլ երկրների արտադրողները։ Սա կեանքն է, սա բիզնեսի դաժան օրէնքն է։
Ու պէտք է լաւ պատկերացնել, որ սա միայն գործարարների խնդիրը չէ։ Սպառման շուկայի կորուստը կը բերի ամբողջ ցիկլի խաթարմանը։ Բոլորը կը զգան սրա հետեւանքները։
Մենք իսկապէս ունենք տաղանդաւոր գործարար շերտ։ Ես միշտ մեծ ուրախութեամբ շփւում եմ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ։ Նրանց հոգսը, խնդիրները գիտեմ 100 տոկոսով։ Ինձ համար անասելի ցաւ է այս շերտի դժուարութիւնները տեսնելը։ Ես տեսնում եմ խնդիրները, ու շատ հարցեր ինձ լրջօրէն մտահոգում են։ Ես տեսնում եմ նաեւ լուծումները, որոնք թոյլ կը տան խուսափել վատագոյնից։
Ես մի կողմ եմ դնում քաղաքական ենթատեքստերը։
Իմ մէջ խօսում է այն մարդը, որի հանդէպ կատարւում է ակնյայտ անարդարութիւն։ Ամբողջ կեանքիս ընթացքում իմ հայրենիքում իմ ստեղծածը, կառուցածը փորձում են ներկայացնել որպէս անարդար ունեցուածք։ Ինչ սարքել եմ՝ սարքել եմ զրոյից, ինչը ձեռք եմ բերել՝ եղել է կիսաւեր, կիսաքանդ, ու ես դրանք սարքել եմ ժամանակակից, ամենաբարձր ստանդարտի ձեռնարկութիւններ։ Փառք Աստծոյ, բոլոր փաստերը պահպանուած են։ Բայց իմ մէջ հիմա խօսում է նաեւ զրոյից կայացած մարդը, որը սկզբում չունէր ոչինչ՝ բացի իր աշխատասիրութիւնից ու հաւատից, եւ որն անցնելով շատ դժուար ճանապարհ՝ հասել է մեծ յաջողութիւնների։ Ես շատ լաւ եմ հասկանում, թէ ինչ են զգում այն արտահանողները, գործարարները, որոնց զրոյից սկսած, կեանքի ու մեծագոյն ջանքի ներդրումով ստեղծած բիզնեսները յայտնուել են ոչնչացման վտանգի առջեւ։ Այս մարդկանց վրայ է պահւում մեր պետութիւնը, այս մարդիկ մեր երկրի տնտեսական ողնաշարն են։ Նրանց շահը ամբողջ երկրի շահն է, նրանց վնասը բոլորիս վնասն է։ Այս գիտակցութեամբ պիտի շարժուի պետութիւնը»,- նշած է ան։