image

Արցախի նախագահը միացաւ նստացոյցին

Արցախի նախագահը միացաւ նստացոյցին

Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեան Ստեփանակերտի մէջ նստացոյցի սկսաւ:

Ան աւելի կանուխ նաեւ հանդէս եկաւ ուղերձով մը, ըսելով, որ «Դեկտեմբերից Յունիս տեւած հիւծող շրջափակումից եւ վերջին մէկ ամսուայ լրիւ պաշարումից յետոյ այժմ Արցախում ունենք սննդի, վառելիքի, դեղորայքի, հիգիենայի (մաքրութեան) եւ այլ առաջին անհրաժեշտութեան պարագաների մեծ սղութիւն, գիւղատնտեսական աշխատանքների գրեթէ ամբողջութեամբ կասեցում, հանրային տրանսպորտի գործունէութեան ծաւալների խստիւ կրճատում, ջրի ու կապի ենթակառուցուածքների շարունակական խափանումներ, հիւանդանոցների, հացի արտադրամասերի ու այլ կենսական օբյեկտների (ապրանքներու) աշխատանքի խափանումներ` ելեկտրամատակարարման այլընտրանքային լուծումների բացակայութեան պատճառով, երեխաների, յղիների ու այլ խոցելի խմբերի թերսնուցում, հարիւրաւոր բաժանուած ընտանիքներ եւ այլն, եւ այլն: Մի քանի օրուայ մէջ այս վիճակը շատ աւելի սուր է դառնալու` իր բոլոր անդառնալի հետեւանքներով հանդերձ»:

«Այս ողջ ընթացքում Արցախի Հանրապետութեան իշխանութիւնների կողմից բազմաթիւ միջոցներ են ձեռնարկուել թէ՛ միջազգային հարթակներում եւ թէ տեղում` ապահովելու համար պատշաճ դիմադրութիւն ադրբեջանական ոտնձգութիւններին: Դրանց հիմնական մասը տեսանելի չէ` հաշուի առնելով տարբեր զգայուն հանգամանքներ, եւ նաեւ այդ ջանքերի շնորհիւ ենք կարողացել այսքան ժամանակ դիմակայել շրջափակման ծանր մարտահրաւէրներին»-նշած է Յարութիւնեանը:

«Հաշուի առնելով առկայ ծանրագոյն իրավիճակն ու վերահաս հումանիտար ու անվտանգային աղէտը` ես որոշել եմ դիմել ծայրայեղ միջոցի, այն է` հէնց այս պահից Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում միանալ բազմաթիւ քաղաքացիների կողմից մեկնարկած նստացոյցին»,-ընդգծած է Արցախի նախագահը, նշելով որ սա լրացուցիչ ահազանգ է միջազգային կազմակերպութիւններուն:

Յարութիւնեանն ընդգծած է, թէ որն է նստացոյցի ակնկալիքը: «Այս նստացոյցով մենք ակնկալում ենք, որ Հայաստանը, Ռուսաստանը, ԱՄՆն, Ֆրանսիան, Եւրամիութիւնը, ՄԱԿի Անվտանգութեան խորհուրդն ու այլ լիազօր մարմիններ, ինչպէս նաեւ բոլոր մնացած առնչուող դերակատարները զերծ կը մնան առաջին հերթին Ադրբեջանի հետագայ ագրեսիւ ու յանցաւոր գործողութիւնները խրախուսելուց ու անտեսելուց, իսկ այնուհետեւ` կը կատարեն իրենց պարտաւորութիւնները Եռակողմ յայտարարութեան, ՄԱԿի Արդարադատութեան միջազգային դատարանի հրամանների եւ միջազգային այլ ակտերի ու պայմանաւորուածութիւնների պատշաճ կատարման ուղղութեամբ»,-նշած է ան:

«Իսկ ահա Մայր Հայրենիքում ու Սփիւռքում բնակուող հայ ժողովրդի բոլոր հատուածներից ակնկալում ու խնդրում ենք, որ բոլոր հնարաւոր գործողութիւնների դիմեն որոշում կայացնողների ուշադրութիւնը հրաւիրելու եւ Արցախին աջակցող գործնական քայլեր կատարելու ուղղութեամբ»,-աւելցուցած է Արցախի նախագահը: