Ֆիլմարտադրող, բեմադրիչեւ ծնունդով՝ Արցախցի Ճիւան Աւետիսեան կը գրէ՝
Պատերազմի այս օրերի մասին գուցէ մի օր շատ աւելին խօսեմ ու պատմեմ, սակայն այժմ մի փոքր անդրադարձ կատարեմ կատարուածին․
Արցախահայութիւնը մօտ 9 ամիս լինելով հիւծուած ու սոված եւ չունենալով անհրաժեշտ միջոցներ (սննդամթերք, փամփուշտ, վառելիք եւ այլ միջոցներ)՝ անհաւասար մարտեր մղեց ու անհաւանական դիմադրութիւն ցուցաբերեց մի քանի անգամ իրեն գերազանցող Ադրբեջանական ուժերի դէմ՝ բազմաթիւ հերոսական դրուագներ նուիրելով հայոց պատմութեանը եւ մեր գալիք սերունդներին։
Չնայած այն հանգամանքին, որ Ալիեւը երկար ժամանակ պատրաստուել է այդ յարձակմանը եւ ունեցել է մի շարք երկրների հովանաւորչութիւնն ու աջակցութիւնն՝ այդուհանդերձ չի կարողացել հոգեպէս ծնկի բերել արցախահայութեանը։
Այժմ շատերին կարող է թուալ, թէ սա կապիտուլացիա (անձնատուութիւն) է։ Այո՛, կորուստը անասելի մեծ է, սակայն մէկ օր շատերս վստահաբար բարձրաձայնելու ու հպարտանալու ենք այս օրերին արցախահայութեան գործած քայլերով ու յամառութեամբ, որի ընթացքում մենք լուռ էինք, իսկ մեր արածը՝ ոչինչ։
Այսօր ես վստահ եմ, որ տարիներ անց գովերգելու եւ մեր երեխաների անունները կոչելու ենք այսօրուայ հերոսների անուններով։
Այժմ այն ինչ փորձում է անել վիրաւոր Արցախը նման է մի մեծ սեղանից փշրանքներ պոկելուն, որը դարձեալ արւում է յանուն աշխարհասփիւռ հայութեան եւ միացեալ Հայաստանի Հանրապետութեան այսօրուայ եւ վաղուայ օրուան։
Յուսամ, որ մէկ օր աշխարհով մէկ սփռուած հայութիւնը կը հասկանայ, թէ ինչի միջով է անցել արցախցին՝ փոքրից մեծ, կին ու զինուորական։
Յուսամ, որ աշխարհասփիւռ հայութիւնը կը գիտակցի Արցախը զոհաբերելու գինը․․․
Գուցէ մենք մեր մեջ դրա արդարացումը եւ մխիթարութիւնը գտնենք, որ ցաւից չողբանք։