image

«Դուք բոլորէն թոյլ էք». Մինասեանը՝ Փաշինեանին

«Դուք բոլորէն թոյլ էք». Մինասեանը՝ Փաշինեանին

Դուք Սամուէլ Կարապետեանէն ալ, Գագիկ Ծառուկեանէն ալ, Ռոպերթ Քոչարեանէն ալ թոյլ էք: Այս մասին Ազգային Ժողովէն ներս Կառավարութեան ծրագրի արդիւնքներու զեկոյցի ժամանակ ըսած է «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արծուիկ Մինասեանը՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինեանին։

«Դուք այնքան թոյլ էք, որ թէ՜ բազմակի անգամ Սամուէլ Կարապետեանից էք թոյլ, թէ Գագիկ Ծառուկեանից, էլ չասեմ Ռոբերտ Քոչարեանից, էլ չասեմ բոլոր այն թեկնածուներից, որոնք ընդդիմութեան ճակատում պայքարում են ձեր դէմ: Ուզում եմ անդրադառնալ այն գնահատականներին ու վիրաւորանքներին, որ Նիկոլ Փաշինեանը հասցնում է նախընտրական շրջանում քաղաքական ուժերի ներկայացուցիչներին։ Դուք ի՞նչ էք ցանկանում դրանով անել, հանրութեանը ի՞նչ էք ուզում փոխանցէք, որ այս երկիրը պիտի շարժուի ատելութեան ու վիրաւորանքների միջոցո՞վ:  

Եռագլուխ բառը երեւի շփոթել էք՝ պէտք է ասէք բազմագլուխ, որովհետեւ ձեզ յաջողուել է այս տարիների ընթացքում հասարակութեան ճնշող մեծամասնութեանը դարձնել ընդդիմադիր, եւ եթէ այդ ճնշող մեծամասնութեանը դուք յայտարարում էք որպէս պատերազմի կուսակցութեան անդամներ, ապա փոխէք այդ թիւը, շատացրէք: Պատերազմ բերողն էլ էք դուք, պատերազմ բերածն էլ էք դուք, աղէտներ բերածն էլ էք դուք, կորուստներ բերածն էլ էք դուք, եւ շարունակաբար բերելու էք, եթէ մնաք իշխանութեան:

Ամենացայտուն համեմատութիւնը կարող է բերուել այն, որ Նիկոլ Փաշինեանը խօսում է Արցախի ժողովրդին ամենաշատ ուշադրութեան ու ֆինանսական յատկացումներ իրականացրած Կառավարութեան մասին, բայց արդիւնքը ի՞նչ է: Արդիւնքը ցեղասպանուած, տեղահանուած մի ողջ ժողովուրդ է. հարցրէք արցախցիներին՝ երջանի՞կ են իրենք: Այն, որ անընդհատ հետեւողականօրէն վիրաւորում էք եւ անպատւում էք մարդկանց արժանապատւութիւնը, գալիս է հաստատելու մէկ բան, որ դուք վարկաբեկել էք պետական իշխանութիւնը եւ այդ վարկաբեկումը ցաւօք սրտի շարունակւում է»,- նշած է Մինասեանը: