Ապրիլի 11-ին Ազատության հրապարակում մեկնարկած «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքի մասնակիցներին տեսաուղերձով դիմել է կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ ներկայացնելով երկրի տնտեսական վերածննդի և «ուժեղ խաղաղության» իր ծրագիրը: Անազատության մեջ գտնվող գործիչը հայտարարել է բիզնեսի կառավարումը զավակներին փոխանցելու և որպես վարչապետ քաղաքական պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամության մասին՝ նշելով, որ իր պայքարն ուղղված է հայկական ինքնության պահպանմանն ու աղքատության հաղթահարմանը։
«Արդեն գրեթե մեկ տարի է, ինչ ես գտնվում եմ կալանքի տակ՝ եկեղեցին և մեր ինքնությունը պաշտպանելու համար: Ես բարձրացրել եմ իմ ձայնը մի վարչակարգի դեմ, որը հայ ժողովրդին պահում է աղքատության մեջ, պատերազմի վախի ներքո և պառակտված վիճակում»,- ասել է Կարապետյանը:
Սամվել Կարապետյանը հանրությանը խոստացել է արմատապես փոխել սոցիալ-տնտեսական իրավիճակը՝ ստեղծելով նոր գործարաններ և 300 հազար նոր աշխատատեղ: Նա վստահեցրել է, որ հենց հզոր տնտեսությունն է հանդիսանում ուժեղ դիվանագիտության և պրոֆեսիոնալ բանակի հիմքը, ինչն էլ իր հերթին կարող է գործնականում ապահովել երկրի խաղաղությունը:
«Հայաստանը պետք է դառնա անվտանգ, խաղաղ, հարուստ, ուժեղ երկիր. երկիր, որտեղ կառավարիչները ոչ թե դատարկում են բյուջեն ու լցնում սեփական գրպանները, այլ հակառակը՝ դատարկում են սեփական գրպանները հանուն մեր հայրենիքի բարեկեցության: Արդարությունը ու ներքին համերաշխությունը հարատև են լինելու Հայաստանում. Հայաստանը դարձնելու ենք բարեկեցության երկիր ու աղքատություն բառը թողնելու ենք անցյալում: Ես այս բոլոր խոստումների իրականացումը երաշխավորում եմ»,- ասել է Կարապետյանը:
Խոսելով անվտանգային միջավայրի մասին՝ «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդը մեղադրել է գործող իշխանություններին հանրության շրջանում նոր պատերազմի, մասնավորապես՝ սեպտեմբերյան էսկալացիայի վախեր սերմանելու մեջ: Հիշեցնելով նախորդող տարիների ողբերգական իրադարձությունները՝ նա վստահեցրել է, որ որպես վարչապետ թույլ չի տալու նոր պարտություններ և ապահովելու է կայուն խաղաղություն: Արտաքին քաղաքականության համատեքստում նա շեշտել է, որ պարտվողական կեցվածքը փոխարինվելու է «ուժեղ խաղաղությամբ»։
Կարապետյանը նշել է, որ վերականգնելու են վստահությունն ու կապերը Սփյուռքի հետ, ինչպես նաև ամրապնդելու են Հայաստանի դիրքերը միջազգային հիմնական կենտրոններում՝ Մոսկվայում, Վաշինգտոնում, Լոնդոնում և Պեկինում:
«Հարգելի հայրենակիցներ, մեզ ընտրություններում մեծ հաղթանակ է պետք, որպեսզի մենք ավելի արագ իրականացնենք այն բոլոր մասշտաբային ծրագրերն ու փոփոխությունները, որոնց վաղուց արժանի է հայ ժողովուրդը: Ուժը ձեր ձեռքերում է, դուք սկսում եք փոփոխությունը, իսկ ես այն դարձնելու եմ իրականություն: Միասին մենք՝ ուժեղ տնտեսությամբ, ուժեղ դիվանագիտությամբ, ուժեղ բանակով, կբերենք ուժեղ ու կայուն խաղաղություն և բարեկեցիկ կյանք։ Ես իմ կառուցած ամենամեծ հայկական բիզնես ընկերության կառավարումը փոխանցում եմ իմ երեխաներին, իսկ ես ծառայելու եմ իմ երկրին և փոխելու եմ Հայաստանի քաղաքացիների կյանքը դեպի լավագույն ապագա։ Փոփոխությունների ժամանակը եկել է. շուտով ես ձեզ հետ կլինեմ, մեկ վայրկյան չկասկածեք՝ արդարությունը հաղթելու է, ուժեղ Հայաստանը հաղթելու է»,- հայտարարել է Կարապետյանը: