image

«Ինդիփենդենթը» այլ աղբյուրների շարքում հղում է կատարել նաև «Արևելքին»

«Ինդիփենդենթը» այլ աղբյուրների շարքում հղում է կատարել նաև «Արևելքին»

Բրիտանական հեղինակավոր The Independent օրաթերթն  անդրադարձել է սեպտեմբերի 30-ին Հալեպում ուժգին ռմբակոծության հետևանքով զոհվածներից երկուսին՝ Միրեյ Հինդոյանին և նրա եղբորը՝ Արման Հինդոյանին: Այլ աղբյուրների շարքում լրատվամիջոցը հղում է կատարել նաև arevelk.am կայքին: Լրատվամիջոցը նշում է, թե երիտասարդ աղջիկը, որ զոհ է գնացել ռմբակոծությանը, համալսարանական ուսանող էր և լողորդ, նա ծանր վիրավորվել, ապա մահացել է հայաբնակ Վիլլաներ շրջանի վրա ընկած ռումբերի հետևանքով:

The Independent-ը հղում է կատարել նաև Հալեպի Հայ Երիտասարդական ընկերակցության ֆեյսբուքյան էջին, որտեղ հրապարակվել է Միրեյ Հինդոյանի լուսանկարը, իսկ  գրառման մեկնաբանություններում նշվել է, որ նրա մահվան պատճառը ընդդիմադիր ուժերի հարձակումներն են: The Independent-ը, հրապարակելով այդ մեկնաբանությունը, ավելացնում է, որ այս մասին պնդումները դեռևս ճշտված չեն:

Հեղինակավոր պարբերականի մեկ այլ հղում վերաբերում է «Բժիշկներ առանց սահմանի» բարեգործական կազմակերպությանը, որը նշել է, թե  դեպքը տեղի է ունեցել, երբ  Հալէպը  «արյան լոգարանի» է վերածվել Ասադի  ուժերի և ռուսական օդուժի օժանդակությամբ Հալեպի վրա վերջ չունեցող հարձակումներից:

Հղում կատարելով  «Արևելքին», The Independent-ը նշում է, որ զոհված երեխաների  մայրը, հարձակումներից հետո վիրավորվել և հիվանդանոց է տեղափոխվել:

Բրիտանացի լրագրող Քեթի Ֆորսթերն իր նյութը պատրաստելիս օգտվել է նաև Հալեպի «Գանձասարից» ու Բոստոնի armenianweekly-ից:  

Նյութում անդրադարձ կա նաև Հալեպի ամենամեծ հիվանդանոցի վերջին ռմբակոծմանը և սիրիական պատերազմի պատճառով Գերմանիա տեղափոխված սիրիացի մի աղջկա: