Այսօր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի ծննդյան օրն է: Նրա մանկությունն անցել է Լիբանանի Բեյրութ քաղաքի Կարանտինա շրջանում, որ Լիբանանի նշանավոր գաղթակայաններից էր և հայտնի էր իբրև գաղթականների 40-օրյա կարանտինի վայր: Լիբանան փոխադրվող հայ և օտար գաղթականները նավահանգստից անմիջապես տարվում էին ծովեզերքին մոտ գտնվող այդ տեղը, որտեղ մնում էին բժշկական հսկողության տակ, և միայն ստուգվելուց հետո էին նրանց թույլատրում շփվել քաղաքի բնակիչների հետ: Հետագայում կարանտինային այդ վայրը կոչվել է Կարանտինա:
Կարանտինան՝ վաղ տարիներին
Լիբանանահայության պատմության անբաժանելի մասը համարվող Կարանտինան (ուր չնայած դեռևս հայություն կա) այսօր արդեն անցյալ է: Ժամանակին այն եղել է չքավոր բնակավայր, որ հայտնի էր իր գաղթականներով, աղքատ ու խիտ բնակեցված բնակչությամբ, թիթեղյա, փայտյա ինքնաշեն տներով, կենսական տարրական պայմանների բացակայությամբ: Հենց այդտեղ էլ 1947 թ.-ին Արթին և Լուսին Քեշիշյանների ընտանիքում ծնվել է Արամ Քեշիշյանը: Կարանտինայի հայությունն ապրում էր մի ընտանիքի պես: Հայերի շրջանում շատ էին արհեստավորները, որոնք համերաշխ բնակվում էին ուրիշ ազգերի կողքին: Նրանք աշխատասեր մարդիկ էին՝ իրար օգնող, մեկը մյուսի ցավով ապրող: Հայկական ոգի կար հայերի տներում, լիբանանահայությունն այդտեղ կերտել է իր տարագիր պատմության մի կարևոր հատվածը՝ հայկական սովորույթներով, ավանդույթներով, կուսակցական ակումբներով: Հայերենը առաջին տեղն էր գրավում, բայց քիչ չէին նաև թրքախոս հայերը: Մի շարք սովորույթների շարքում ընդունված էր նաև երեխայի ծնունդն ընդունել տանը: Տան պայմաններում ծնունդ ընդունող փորձառու տատմերեր քիչ կային. լիբանանահայությունը նրանց «դայակ» էր անվանում:
Եվ ահա, Կարանտինայում ապրող հայտնի դայակ, արմատներով ադանացի Օժեն Դեյրմենջյանն էլ ընդունում է Արամ Քեշիշյանի ծնունդը: Բացի այն, որ Օժենը Կարանտինայում և նրանից դուրս ճանաչված տատմեր էր, բուժքույր և խնամակալ, նա նաև ապագա կաթողիկոսի հարևանն էր, իսկ նրա երեխաները հետագայում փոքրիկ Արամ Քեշիշյանի և նրա եղբայրների հետ խաղում էին Կարանտինայի փողոցներում:
Տարիներ հետո Արամ Ա կաթողիկոսը սիրով և ակնածանքով պիտի հիշեր իր և շատ այլ երեխաների ծնունդներն ընդունած հայուհուն: Երեխայի ծնունդներ ընդունելուց բացի Օժեն Դեյրմենջյանն իրիսկ սարքած դեղերով բազմաթիվ հիվանդություններ էր բուժում, այցելում հիվանդներին, հաշմանդամներին ու աղքատներին, յուրաքանչուրին ինչ-որ բանով օգտակար լինում: Նրա բարության մասին հետագայում շատերն են խոսել, իսկ բուժքրոջ հագուստով և բժշկական պարագաների պայուսակով նրա կերպարը ծանոթ էր աղքատ թաղամասի հայությանը: Նա իր խորհուրդներով և բուժումներով օգնել է նաև շատ չբեր կանանց:
Կարանտինայում և այլ շրջաններում հայտնի բուժքույր Օժեն Դեյրմենջյանը. Լուսանկարը՝ «Արեւելքի» արխիվից
Օժեն Դեյրմենջյանը բուժում էր նաև պաղեստինցի գաղթականներին, քրդերին, շիա իսլամներին, որոնցով նույնպես բնակեցված էին Կարանտինայի նեղ ու անբարեկարգ թաղերը: Նա ունեցել է չորս երեխա, որոնց, ամուսնու մահից հետո, պահել է դժվարությամբ: Մահացել է 1973-ին, հուղարկավորված է Բուրջ Համուդի Ազգային գերեզմանատանը:
Տիկին Օժենի զավակները, իրենց մանկության ընկերոջ կաթողիկոս դառնալուց հետո էլ կապ էին պահում նրա հետ, այցելում, իսկ Արամ Ա-ն սիրով էր ընդունում մանկության ընկերներին: Օժենի դուստրերից մեկը՝ Սրբուհի Աբուդուրյանը (մահացել է Հայաստանում, 2013-ին) հիշում է. «Ես երիտասարդ աղջիկ էի, հիշում եմ տիկին Լուսինի հարսանիքը: Հարսանիքի ժամանակ հյուրերն այնքան ուրախացան, պարեցին, փայտե խղճուկ ծածկը, որի տակ հարսանիքն էր տեղի ունենում, փլվեց… Հետո ծնվեցին նրանց երեխաները: Նրանք շատ երեխաներ ունեցան: 16-17 տարեկան էի, հիշում եմ, որ փոքրիկ Արամը մի գիրք էր վերցնում, փայտից խաչ սարքում և հոգևորականի դերի մեջ մտնելով ամբողջ օրը խաղում: Մենք գիտեինք, որ նա հոգևորական է դառնալու, նրան շատ էին սազում այդ խաղերը, մենք հեռվից նայում էինք: Նրանց ազգանունն էլ՝ Քեշիշյան, քահանա իմաստը ուներ»:
Արամ Ա կաթողիկոսի մայրը՝ Տիրամայր Լուսին Քեշիշյանը, մահացավ 2019-ի սեպտեմբերին. նա շատ էր կապված Արամ Ա կաթողիկոսի հետ:
Տիրամայր Լուսին Քեշիշյանի վերջին լուսանկարը՝ Արամ Ա կաթողիկոսի հետ
Մեսրոպյան հայկական վարժարանը, ուր հաճախել է Արամ կաթողիկոսը, մոտ էր Կարանտինային. Կարանտինայում ապրող հայ երեխաները հաճախում էին ոչ միայն Մեսրոպյան, այլև շրջակայքում գտնվող հայկական դպրոցներ: Աղքատ ու անբարեկարգ թաղամաս լինելով, Կարանտինան նաև հայկական ոգիով մի վայր էր, որտեղից ուրիշ նշանավոր հայեր էլ են դուրս եկել՝ կրթական գործիչներ, արվեստագետներ, բարերարներ և հոգևորականներ:
Պատանի Արամ Քեշիշյանը
Մեսրոպյան վարժարանն ավարտելուց հետո ապագա Արամ Ա կաթողիկոսն այնուհետև անցել է հոգևորականի, գիտնականի, աստվածաբանի երկար ու հարուստ ճանապարհ՝ ուսանելով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դպրեվանքում, ձեռնադրվել հայ հոգևորականի բոլոր աստիճաններով: 1968-1978 թվականներին հաջորդաբար սովորել է Մերձավոր Արևելքի Աստվածաբական ճեմարանում, Բեյրութի ամերիկյան համալսարանում, Շվեյցարիայի Պոսե Էկումենիկ հաստատությունում, Օքսֆորդի համալսարանի արևելագիտության բաժնում և Նյու Յորքի Ֆորդհամի համալսարանում։ Ստացել է Աստվածաբանության մագիստրոսի, Եկեղեցական պատմության մագիստրոսի և Փիլիսոփայության դոկտորի կոչումներ: Բազմաթիվ գրքերի հեղինակ է, որոնք ոչ միայն հայերեն են այլև՝ օտար լեզուներով: Նրա անունը սերտորեն կապվում է հատկապես Մերձավոր Արևելքի էկումենյան շարժման հետ:
2020 թ.-ն Արամ Ա կաթողիկոսի հայրապետական կոնդակով հռչակվել է «Հատուկ խնամքի կարոտ հայորդիների տարի»:
Մի խումբ հայ երեխաներ՝ Կարանտինայում. ձախից երկրորդը Օժեն Դեյրմենջյանի դուստրը՝ Սրբուհի Աբուդուրյանը. Լուսանկարը՝ «Արեւելքի» արխիվից
Օժեն Դեյրմենջյանը (ձախից առաջինը) Հայաստան ներգաղթած քրոջ (ձախից երկրորդը), դստեր, տղաների և փեսայի հետ