image

Armenographie շարքի հերթական ֆիլմը նվիրված էր Լիբանանին

Armenographie շարքի հերթական ֆիլմը նվիրված էր Լիբանանին

RepatArmenia հիմնադրամը սկսել է ֆիլմերի ցուցադրություն, որոնք նվիրված են սփյուռքի հայկական համայնքներում ինքնության հարցերի քննարկմանը, հայության ներկայի, անցյալի և ապագայի խնդիրներին:  «ARMENOGRAPHIE» շարքի ֆիլմերից արդեն ցուցադրվել են Սիրիայի և Պոլսո մասին պատմող ֆիլմերը, իսկ օրերս ցուցադրվեց այդ շարքի հաջորդ ֆիլմը, որը նվիրված էր Մերձավոր Արևելքի կարևորագույն մեկ այլ համայնքի՝  Լիբանանին:  Վավերագրական ֆիլմի հեղինակներն են Աննա Բարսեղյանն ու Ստեֆան Քրիստենսեն, որոնք նկարահանումներ են կատարել  Անջարում (Այնճար) և Բեյրութում՝ հարցազրույցների միջոցով փորձելով ցույց տալ համայնքի անցյալն ու ներկան:

2005-ից 2007 թվականներին նկարահանված ֆիլմում պրոֆեսորները, պատմաբանները, քաղաքապետները և թատրոնի ռեժիսորները քննարկում են «Առասպելական Հայաստանի» կամ «գետոյի» կենսակերպը, կապվածությունն անցյալին և սփյուռքի ստեղծագործ ուժը:

«Ականաթ» սրճարանում տեղի ունեցած կինոդիտումից հետո Լիբանանում ծնված, Հայաստան հայրենադարձված գրող, լրագրող Սաքո Արյանը խոսեց Լիբանանի մասին, այնուհետև պատասխանեց հայրենադարձության խնդիրների, լիբանանահայերի՝ Հայաստանի հանդեպ ունեցած վերաբերմունքի մասին ներկաների հարցերին:

Այնուհետև դահլիճում հավաքվածները աշխույժ քննարկում սկսեցին հայրենադարձության մասին՝ նշելով կարևորագույն հարցեր, որոնց պատճառով չի կայանում մասսայական հայրենադարձություն:

RepatArmenia հիմնադրամի նախագահ Վարդան Մարաշլյանն ասաց, որ հիմնադրամը կազմակերպված աշխատանք է կատարում սփյուռքահայերի շրջանում հայրենադարձությունը խթանելու առումով, սակայն RepatArmenia-ի նպատակը ավելի շատ որակական հայրենադարձություն քաջալերելն է, այնպիսի ծրագրեր իրագործելը, որպեսզի սփյուռքահայերի զբոսաշրջությունը տարբերվի Հայաստանի հետ նրանց հետ գաղափարական կապվածությունից: