image

«Ո՞ւր է մեր կամքը վճռական». Վերյիշելով Վահան Նաւասարդեանի պատգամը

 «Ո՞ւր է մեր կամքը  վճռական». Վերյիշելով Վահան  Նաւասարդեանի  պատգամը

Թեհրանահայ  ազգային գործիչ Կարէն  Խանլարեանի  դիմատետրեան  էջէն կը կարդանք՝ 

ՀՀ Խորհրդարանի եւ ՀՅԴ Բիւրոյի անդամ՝ Վահան Նաւասարդեանը խորհրդարանի 87-րդ նիստում, 1920թ․ մայիսի 3-ին, երբ համգամանօրէն քննարկւում էր Զանգեզուր-Ղարաբաղի հարցը, «Ադրբեջան»-ի խորհրդայնացման պայմանների լոյսի տակ, հնչեցրել է պատմական մի ելոյթ, որից մի քանի հատուածներ մէջ ենք բերում ստորեւ․ 

«Դիմում են ձեզ պարոնայք պատգամաւորներ, եւ ձեզ հետ մէկտեղ` Հայաստանի բազմահազար քաղաքացիներ, Հայրենիքը վտանգի մէջ է: Հենց այս րոպէին, երբ դուք քննութեան էք առնում` Բաքուի նոտաները, թափւում է արիւնը հայ մարդու Ղարաբաղի եւ Զանգեզուրի բարձունքներում: Չկայ արդէն Բալուջան՝ զարդը Խաչէնի, աւերուել է Շօշուն՝ գոհարը Վարանդայի, սրածուել են պատմական Գիւլիստանի շէն ու գեղեցիկ գիւղերը, չկայ անառիկ եւ հեքիաթային բերդն Անդրկովկասի իր ողջ հայկական մասով՝ Շուշին, եւ, վերջապէս, սքանչելի մէկ հատուածը հայ ժողովրդի, նա այսօր գտնւում է թուրք թաթար եաթաղանի տակ: 

Ո՞ւր է ձեր կամքը վճռական։

Մեզ խոհականութեան եւ համակերպուելու դասեր են ուզում տալ, կարծելով, թէ այդ մասին մենք ոչինչ չգիտենք: Ո՛չ, այդ գիտենք թէ մենք եւ թէ մեր ողջ անցեալը: 

Հայ հասարակական զարգացման պատմութիւնն ընթացել ու դարբնուել է երեք ուժերի հզոր ազդեցության տակ։ Այդ ուժերից մէկը համակերպուողների մեծաթիւ բանակն է եղել, որն ըմբոստութեան եւ ընդվզումի սրբազան իրաւունքն այլոց վերապահելով՝ շարունակ իր վիզն է ճկել ու շարունակ սրածուել: Ապա դեր է կատարել մեր կեանքում լրտեսների, դաւաճանների ու կաշառուածների փոքրաթիւ խմբակը, որը անողոք հալածուել, հալածում է ու պիտի հալածուի մեր միջից եւ, վերջապէս, եղել է նաեւ մի ուրիշ բանակ, դարերի դառն փորձերից եկել է այն վերջնական եւ կուռ համոզման, որ հայ ժողովրդի միակ փրկութիւնն իր իսկ կազմակերպուած բազկի մէջ պիտի որոնել իսլամական ծովի մէջ: Եւ այդ բազուկն էր միայն, որ իսլամի ովկիանոսում փրկեց հայկեան փոքրիկ մակոյկն այն ժամանակ, երր մեզնից շատ ուժեղ ազգեր Ասիայի պատմաբեմից ընդմիշտ եւ անհետ հեռացան: 

Բայց միթէ՞ պայքարելով մէկտեղ նաեւ չենք բանակցել։ Միթէ՞ հայ ժողովուրդն այնքան է խելացնոր, որ գոտեմարտի մտնի ամբողջ իսլամ աշխարհի հետ: Մեր պայքարի ամենադաժան ժամին իսկ մենք բարեկամական ձեռք ենք մեկնել Թուրքիային եւ պիտի մեկնենք, թէեւ փորձերը միշտ եղել են ապարդիւն եւ ապարդիւն էլ, հաւանօրէն, դեռ պիտի մնան, որովհետեւ Թուրքիայի հետ լեզու գտնելու համար, նախ եւ առաջ հզօր եւ յաղթական բազուկ պիտի ունենալ․․․»։

(Յառաջ օրաթերթ, ՀՅԴ Երեւանի ԿԿ-ի պաշտօնաթերթ, Երեւան, 1920 մայիսի 8, էջ 3)

Ինչքան այժմէականութեան տարրեր եւ պատմական զուգահեռներ է պարունակում Վահան Նաւասարդեանի նշուած ելոյթը․ Բերձորի միջանցքի շրջափակմանը եւ Արցախահայութեան գլխին նորանոր եաթաղանների կախմանն իտես՝ անճարակութեան ու անզօրութեան այս զզուելի, տաղտկալի մթնոլորտում․․․