image

Սիրիայի պատերազմի պատճառով Հայաստան է տեղափոխվել նաև առողջական խնդիրներ ունեցող երեխաների կենտրոնը

Սիրիայի պատերազմի պատճառով Հայաստան է տեղափոխվել նաև առողջական խնդիրներ ունեցող երեխաների  կենտրոնը

Երևանում մեկ տարի է` ինչ գործում է  սահմանափակ կարողություններ և առողջական խնդիրներ ունեցող սիրիահայ երեխաների ու պատանիների «Արևիկ» կենտրոնը, որ հիմնվել է Հալեպում` 2000 թվականին: Սիրիայի պատերազմից հետո Հայաստան են տեղափոխվել նաև կենտրոն հաճախող երեխաներն ու նրանց ծնողները, և կենտրոնն իր գործունեությունը 2014 թվականից շարունակում է Հայաստանում` «Արևիկ-Հայաստան» նոր անվանումով: Սիրիայում այս կենտրոնը գործել է երեք հայկական կրոնական համայնքների հովանավորությամբ, իսկ ահա  Երևանում այն սկսել է գործել 2013 թվականին հիմնված «Հալեպ» հասարակական-բարեսիրական կազմակերպության հովանու ներքո:

«Արևելքի» հետ զրույցում  «Հալեպ»  հասարակական-բարեսիրական կազմակերպության նախագահ Անի Բալխյանն ասաց, որ կազմակերպությունն ինչպես տարբեր օգնություն և օժանդակություն է ցուցաբերում Հայաստանում հաստատված սիրիահայերին, այնպես էլ փորձում է ուշադրության կենտրոնում պահել նաև սիրիահայ  մտավոր և ֆիզիկական հաշմանդամության խնդիրներ ունեցող երեխաներին:  «Նրանք առավել ևս ունեն մեր բոլորիս ուշադրության կարիքը, և նոր միջավայրին հարմարվելու համար  նրանց համար ստեղծում ենք համապատասխան պայմաններ` անհրաժեշտ կրթություն, խնամք ստանալու համար, անցկացնում ենք մտավոր, ֆիզիկական թերապիա, հոգեբանական աջակցություն ենք տրամադրում»,-ասաց Անի Բալխյանը: 

«Արևիկ-Հայաստան» կենտրոնի մասնագետները Սիրիայում նույն կենտրոնում աշխատած մանկավարժները, հոգեբաններն ու մյուս մասնագետներն են, ովքեր նույնպես պատերազմի պատճառով տեղափոխվել են Հայաստան: Երևանյան այս կենտրոն  են հաճախում հալեպյան կենտրոնի երեխաներից 10 երեխա ու պատանի: «Հալեպ» հասարակական-բարեսիրական կազմակերպության միջոցներով  ամեն օր նրանց համար անցկացվում են մաթեմատիկայի, նկարչության, երաժշտական, ֆիզիկական դաստիարակության, հոգեբանական աջակցման դասընթացներ, ինչպես նաև թատրոն-թերապիա և խոսքի զարգացման անվճար դասեր: Երեխաները կենտրոնում են լինում ժամը 10-ից 14-ը:   Կազմակերպությունը, ինչպես մեր զրույցի ընթացքում նշեց Անի Բալխյանը, հոգում է նրանց տուն-կենտրոն-տուն փոխադրման ծախսերը և տրամադրում մեկանգամյա սնունդ (նախաճաշ կամ ճաշ)։  «Մեծ տեղ ենք տալիս այդ երեխաների համար մշակութային միջոցառումների կազմակերպմանը և գրեթե բոլոր առիթներով  ինչ-որ  ձեռնարկ կամ միջոցառում ենք նախատեսում, հաճախ նաև իրենց ուժերով ենք կազմակերպում: Այժմ Նոր տարվան ենք պատրաստվում, և երեխաներն ուրախ են, որ իրենց սիրելի տոնը ջերմ միջավայրում պիտի անցկացնեն»,-նշեց Անի Բալխյանը` ավելացնելով, որ կազմակերպությունը պատրաստվում է ուրախ Նոր տարի պարգևել «Հալեպ» բարեսիրական -հասարակական կազմակերպության շուրջ համախմբված բոլոր սիրիահայ երեխաներին ու պատանիներին` նրանց համար գնվել են նվերներ, անցկացվելու են տոնական հանդեսներ: Կազմակերպության մշտական հոգածության տակ 1500 սիրիահայ ընտանիք կա, մոտ` 5000 սիրիահայ: 

«Հալեպ» հասարակական-բարեսիրական կազմակերպության միջոցները գոյանում են միջազգային կազմակերպությունների  և անհատների նվիրատվություններից: Կազմակերպությունը Հայաստանում ապրող սոցիալապես անապահով սիրիահայերի համար իրականացնում է 12 ծրագիր, որոնցից մեկն էլ նրանց բնակարանային հարցը մեղմացնելու «Հյուրընկալիր մի ընտանիք» նախաձեռնությունն է: Ծրագիրն իրականացվում է բարերարների նյութական աջակցությամբ, ովքեր, գնելով բնակարաններ Հայաստանում, առանց վարձավճարի, սահմանված պայմաններով  տրամադրում են  սիրիացի կարիքավոր ընտանիքներին:

Ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը ձեռք բերված  բնակարանների համար գնում է կահույք: