Օրերս նշանակալի անվանակոչություն է կատարվել աշխարհի խոշորագույն գրադարաններից մեկում՝ Նյու Յորքի հանրային գրադարանում, որ նաեւ աշխարհի խոշորագույն գիտական գրադարանային համակարգերից մեկն է։ Այդ մասին հայտնել է գրադարանի պատասխանատուներից մեկը, որը նամակ է հղել իր գործընկերներին: Ներկայացնում ենք նամակը:
Նամակ Նյու Յորքի Հանրային Գրադարանի Էնդրյու Վ. Մելոն հետազոտական գրադարանների տնօրեն Բրենթ Ռեյդիից
Հարգելի՛ գործընկերներ,
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Հումանիտար հետազոտությունների կենտրոնը, ի պատիվ գրադարանի նախկին նախագահի, վերանվանվում է ՎԱՐԴԱՆ ԳՐԵԳՈՐՅԱՆԻ անվան Հումանիտար հետազոտությունների կենտրոն:
Վարդան Գրեգորյանը հեղինակավոր առաջնորդ էր, մարդասեր ու մեծ մտավորական, որը վիթխարի ներգործություն է ունեցել Նյու Յորքի Հանրային Գրադարանի վրա, ինչը շարունակում ենք զգալ մինչև օրս։ Նրա հեռատես ղեկավարման շնորհիվ 1981-1989 թվականներին՝ իր պաշտոնավարման ընթացքում, գրադարանը վերակենդանացավ և վերահաստատեց իր նախկին կարգավիճակի գերակայությունը՝ իբրև սիրելի ու հարազատ հանրային հաստատություն։
Նախորդ տասնամյակի տնտեսական վայրիվերումներից հետո նշանակալիորեն մեծացնելով ներդրումները՝ Վարդան Գրեգորյանը վերականգնեց գրադարանի ֆինանսական կայունությունը։ Նա վերահսկեց գրադարանի պատմական կենտրոնների վերանորոգումը, մեծացրեց մեր շրջանառվող հավաքածուների ծավալը՝ հատկապես կենտրոնանալով բազմալեզու և բազմամշակույթ նյութերի վրա: Ներդրումներ հատկացրեց հետազոտական մասնաճյուղերը համադրողներով ու փորձագիտական աշխատակազմով հագեցնելու համար, ընդլայնեց մեր հավաքածուները մշակելու ու պահպանելու հնարավորությունները և հիմք նախապատրաստեց Բրայանթ Պարկի տարածքի տակ մեր գրապահոցները ստեղծելու համար։ Այն աշխատանքը, որ կատարում ենք այսօր, հնարավոր չէր լինի՝ առանց նրա հեռատեսության և մեր շահառուների նկատմամբ խորին նվիրվածության։
Հանրային Գրադարանից հետո պաշտոնավարելով որպես Բրաուն Համալսարանի նախագահ, ապա՝ որպես Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի նախագահ, Գրեգորյանը հավատարմորեն նվիրված մնաց գրադարանին` առատաշնորհ ներդրումներ ուղղորդելով գրադարանին՝ հավաքածուների թվայնացման և կրթական ծրագրերին սատարելու համար։
Հումանիտար հետազոտությունների կենտրոնի գաղափարը և 2019 թվականին դրա բացումը այն դրական ազդակի շարունակությունն էին, որի հիմքը դրվել էր Վարդանի օգնությամբ։ Այսօր ձեր նվիրվածության ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ մենք շարունակում ենք ծառայել հետազոտողների և ուսումնասիրողների համայնքներին։ Աշխատանքային գեղեցիկ, խաղաղ տարածքների տրամադրումը, մեր հավաքածուների աճող մատչելիությունը, փորձագիտական անձնակազմը և ծրագրավորման ու ուսուցողական ծրագրերի հետզհետե մեծացող ծավալը նպաստում են գիտության ու հետազոտությունների առաջադիմությանը:
Կենտրոնի վերանվանումը հարգանքի տուրք է ոչ միայն Վարդանի մնայուն
ժառանգությանը, այլև կենտրոնում կատարվող հետազոտություններին օժանդակելու ուղղությամբ մեր կատարած աշխատանքի նշանակալիությանը: Դա բացահայտում է փորձագիտական մեր անձնակազմի պատկառելի համբավը, արժևորում է մեր աշխարհահռչակ հավաքածուները և, որպես հետազոտական առաջատար կենտրոններ, ամրակայում Կատարողական արվեստի գրադարանը, Սթիվեն Ա. Շվարցմանի կենտրոնը և Սևամորթների մշակույթի հետազոտման Շոմբերգ կենտրոնը։
Ձեզ հրավիրում եմ միանալու մեզ՝ նշելու համար Վարդան Գրեգորյանի անվան հումանիտար հետազոտությունների կենտրոնի անվանափոխությունը և ակնկալում շարունակական ձեռքբերումներ:
Ջերմագույն հարգանքով՝
Բրենթ Ռեյդի