Ցանկացած կարգավիճակ, այո, կարող է նշանակել անկախութիւն, բայց ցանկացած կարգավիճակ կարող է նշանակել նաեւ մարզ՝ Ատրպէյճանի կազմում: Եթէ սրան գումարենք այն, որ բանակցային բովանդակութիւնը չի կոնկրետացնում, թէ հանրաքուէն ո՞ր տարածքում պէտք է տեղի ունենայ, չի կոնկրետացնում, թէ ո՞վ պէտք է ձեւակերպի հանրաքուէի դրուող հարցը, ստացւում է, որ ըստ իմ ժառանգած բանակցային բովանդակութեան, հանրաքուէի կարող էր դրուել նաեւ հետեւեալ հարցը՝ համաձա՞յն էք, որ ԼՂ-ն լինի ինքնավար մարզ Ատրպէյճանի կազմում: Բանակցային բովանդակութիւնը չի պարզաբանում նաեւ, թէ եթէ մարդիկ քուէարկում են «ոչ», ի՞նչ է դա նշանակում. անկախութիւ՞ն, թէ 0 կարգավիճակ:
Դեկտեմբեր 24-ի իմ հարցազրոյցին հետեւած քննարկումները՝ ԼՂ հարցի կարգաւորման բանակցային գործընթացի մասին, բացայայտեցին շարք մը կեղծիքներ, որոնց արձանագրումը չափազանց կարեւոր է: Այս մասին ֆէյսպուքեան իր էջով գրած է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը:
Ան թուարկած է զանոնք, նշելով.
«1. Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի ատրպէյճանական բնակչութեան մասնակցութիւնը Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշմանը՝ արդէն որպէս ժամանակակից Լեռնային Ղարաբաղի բնակչութեան մաս՝ արձանագրուած է Մատրիտեան սկզբունքներում, որոնք հայկական կողմը դեռեւս 2007 թուականից ընդունել է որպէս բանակցութիւնների հիմք: Բարեբախտաբար, թէ դժբախտաբար չենք կարող ասել, թէ Հայաստանի կամ Արցախի որեւէ քաղաքական գործիչ դրանից տեղեակ չի եղել, որովհետեւ Մատրիտեան սկզբունքները շատ վաղուց, դեռ իմ վարչապետ դառնալուց առաջ հրապարակուած են համացանցում: Այստեղից հարց է ծագում, ինչո՞ւ երբեմնի բարձրաստիճան պաշտօնեաները չեն ընդվզել սրա դէմ:
2. Յիշում էք, որ Նոյեմբերի 9-ից յետոյ թեմա ծագեց, թէ եղել է հնարաւորութիւն 44-օրեայ պատերազմը կանգնեցնել ԼՂԻՄ-ի ժամանակ Շուշիում բնակուած ատրպէյճանցիների եւ/կամ նրանց ընտանիքի անդամների՝ Շուշի վերադառնալու իրաւունքը երաշխաւորելու դիմաց: Այսօրուայ նոյն շրջանակները 2020-ի աշնանը ասում էին, թէ այդպիսով Շուշին հայկական պահելու շանս է եղել եւ ես չեմ գնացել դրան, ինչին հակադարձեցի, թէ ԼՂԻՄ-ում Շուշիի բնակչութեան 90 տոկոսը ատրպէյճանցի է եղել, ո՞նց էք պատկերացնում 90 տոկոսով ատրպէյճանցի բնակչութեամբ հայկական բնակավայր: Էդ ժամանակ էլ ինձ մեղադրեցին, թէ ասում եմ, թէ Շուշին հայկական չէ: Հիմա այդ նոյն մարդիկ ինչո՞ւ են նեղսրտած, երբ խօսւում է մինչեւ իմ վարչապետ դառնալը գոյութիւն ունեցած բանակցային բովանդակութեան մասին: 2020-ի աշնանը նրանք կողմ էին Շուշիում ապրած ատրպէյճանցիների վերադարձին, հիմա դէ՞մ: 2007-ին կողմ էին, հիմա դէ՞մ:
3. Հիմա էլ անընդհատ կրկնում են, որ միայն Արցախի ժողովրդի կողմից ընտրուած իշխանութիւնը կարող է բանակցային գործընթացում ներկայացնել Արցախի ժողովրդին: Ո՞վ է վիճում: Սա իմ կարեւորագոյն թեզերից մէկն է՝ 2018-ից ի վեր: Այլ հարց է ծագում. այդ նոյն մարդիկ ինչու ծպտուն չէին հանում, երբ 1998 թուականին Ռ. Քոչարեանի ձեռամբ Արցախը հեռացւում էր բանակցային գործընթացից: Բայց հիմա էլ յանկարծ չմտածէք, թէ նրանք ուզում են Արցախը բանակցային սեղան վերադարձնել, նրանք ուզում են Հայաստանը հեռացնել բանակցային սեղանից: Հազիւ առիթ է, մի գաղտնիք բացեմ: Սերժ Սարգսեանը եւ ՀՀԿ-ն ինձ մեղադրում են, թէ ես վարչապետ դառնալուց յետոյ միջնորդներից պահանջել եմ ԼՂ-ի վերադարձ բանակցային սեղանի շուրջ, ինչով իբր վատացրել եմ մեր բանակցային վիճակը: Սերժ Սարգսեանը ինքն էլ 2016 թուականին միջնորդներից պահանջել է անմիջապէս ԼՂ-ին ներգրաւել բանակցային գործընթացի մէջ: Դրանո՞վ է վատացրել մեր բանակցային դիրքերը: Ի դէպ, այդ նոյն ժամանակ Սերժ Սարգսեանը փորձել է հիմնաւորել, որ Արցախի ապագայ կարգավիճակի որոշման հարցին ԼՂԻՄ-ում ապրած ատրպէյճանցիները պէտք է մասնակցեն այն նոյն համամասնութեամբ, ինչ համամասնութեամբ ապրել են 1988 թուականին ԼՂԻՄ-ում: Ինչո՞ւ է սա արել, որովհետեւ հասկացել է, որ բանակցային բովանդակութեան տրամաբանութեամբ այդ ենթադրուող հանրաքուէի պահին, որը կարող է տեղի ունենալ 100 տարի անց, ատրպէյճանցիները ԼՂ-ում կարող են մեծամասնութիւն լինել: Իսկ կարողացե՞լ է լուծել այս խնդիրը: Ի հարկէ ոչ եւ այս է պատճառը, որ 2018-ի Ապրիլին բարձրաձայնել է բանակցային գործընթացի անյոյս վիճակի, կանգնած լինելու եւ վերահաս պատերազմի մասին:
4. Մեր իրականութեան մէջ յայտնի շրջանակների փրոփականտան մի թիւրիմացութիւն է ներարկել, թէ «ԼՂ վերջնական կարգավիճակ», «ինքնորոշում» տերմինները անպայմանօրէն նշանակում է ԼՂ անկախութիւն: Սա ի հարկէ այդպէս չէ, որովհետեւ ինքնավար մարզն էլ է կարգավիճակ, շրջանն էլ է կարգավիճակ, անկախութիւնն էլ է կարգավիճակ: Իմ ժառանգած բանակցային բովանդակութիւնը յստակեցնու՞մ է այս հարցերը, յստակեցնու՞մ է, թէ կարգավիճակ ասելով ինչ է նկատի առնւում: Ի հարկէ ոչ: Հայկական կողմը միշտ հպարտացել է այն դրոյթով, թէ ԼՂ կարգավիճակի ճշգրտման փոթենցիալ հանրաքուէի դրուող հարցը կամ հարցերը չպիտի ունենան ձեւակերպման որեւէ սահմանափակում եւ կարող են ենթադրել ցանկացած կարգավիճակ: Ցանկացած կարգավիճակ, այո, կարող է նշանակել անկախութիւն, բայց ցանկացած կարգավիճակ կարող է նշանակել նաեւ մարզ՝ Ատրպէյճանի կազմում: Եթէ սրան գումարենք այն, որ բանակցային բովանդակութիւնը չի կոնկրետացնում, թէ հանրաքուէն ո՞ր տարածքում պէտք է տեղի ունենայ, չի կոնկրետացնում, թէ ո՞վ պէտք է ձեւակերպի հանրաքուէի դրուող հարցը, ստացւում է, որ ըստ իմ ժառանգած բանակցային բովանդակութեան, հանրաքուէի կարող էր դրուել նաեւ հետեւեալ հարցը՝ համաձա՞յն էք, որ ԼՂ-ն լինի ինքնավար մարզ Ատրպէյճանի կազմում: Բանակցային բովանդակութիւնը չի պարզաբանում նաեւ, թէ եթէ մարդիկ քուէարկում են «ոչ», ի՞նչ է դա նշանակում. անկախութիւ՞ն, թէ 0 կարգավիճակ:
Ի դէպ, քննարկումների ծիրում կայ նաեւ մի շատ լեկիթիմ հարց: Ի՞նչ նպատակ ունի հիմա խօսել բանակցային բովանդակութեան մէջ ԼՂ ատրպէյճանական բնակչութեանը վերաբերող դրոյթների մասին: Նպատակը մէկն է՝ պաշտպանել 44-օրեայ պատերազմի արդիւնքում տեղահանուած արցախցիների՝ Արցախում հայկական իրաւազօրութեան ներքոյ բնակուելու իրաւունքը: Բայց սա բանակցային մարտավարութեան հարց է եւ յետագայ քննարկումների խնդիր»: