Վարչապետ Նիկոլ Փաշինեանը ՀՀ բանակի կազմաւորման 34-րդ տարեդարձի առթիւ ուղերձ յղած է։ Ան նշած է, որ վերջին տարիներուն «հսկայական ներդրումներ եւ բարեփոխումներ եղած են մեր բանակին մէջ»։ Փաշինեանը վստահ է՝ ուժեղ բանակ չունեցող երկիրը խոցելի է եւ կրնայ գայթակղիչ ըլլալ յարձակման համար։
Ուղերձը՝ ստորեւ։
«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետութեան սիրելի՛ քաղաքացիներ,
Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետութեան բանակի կազմաւորման 34-րդ տարեդարձը։
Մեր բանակն անցել է ձեւաւորման բարդ ժամանակաշրջան, առերեսուել է մարտահրաւէրների ու բարդութիւնների, բայց այսօր կարող ենք արձանագրել, որ ունենք բանակ, որը փոխւում եւ որի պաշտպանունակութիւնն աւելանում է ամէն օր։
Վերջին տարիներին հսկայական ներդրումներ եւ բարեփոխումներ ենք արել մեր բանակում։
Առաջինը՝ կամաւոր ատեստաւորման ծրագիրն է, որը հնարաւորութիւն տուեց զինծառայողների վարձատրութիւնն ընդհուպ կրկնապատկել` կախուած զինծառայողի պրոֆեսիոնալ հմտութիւններից։ Այսօր մեր բանակի տասնեակ հազարաւոր զինծառայողներ կամաւոր ատեստաւորման բերումով 30, 50, 100 եւ նոյնիսկ աւելի տոկոսներով բարձր վարձատրութիւն են ստանում՝ կամաւոր ատեստաւորմանը նախորդած շրջանի համեմատ։
Մեր բանակում կան 700 հազար դրամ վարձատրութիւն ստացող շարքային կազմի բազմաթիւ զինծառայողներ։ Սպայական վարձատրութիւնները կարող են գերազանցել 1, 1․5, 2 միլիոն դրամը։ Սա կարեւոր սոցիալական երաշխիք է զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների եւ հանրութեան համար, որը կարող է վստահութիւն ունենալ մեր զինծառայողների պրոֆեսիոնալ մակարդակի եւ այն շարունակաբար բարձրացնելու մօտիւացիոն համակարգի գոյութեան առումով։
Վերջին տարիներին հսկայական քանակութեամբ ժամանակակից սպառազինութիւն եւ ռազմական տեխնիկա է ձեռք բերուել, այնպիսի որակի եւ պարամետրերի, որ մեր բանակը երբեք չի ունեցել։ Սրա համար ծախսուել են մեծ ֆինանսական միջոցներ, որովհետեւ ձեռք բերուած տեխնիկան թանկարժէք է եւ քանակական։ Բայց նաեւ պէտք է պատասխան հնչի մի շատ կարեւոր հարցի․ իսկ ինչո՞ւ այս նոյնը չի արուել 2018, 2019, 2020, 2021, 2022 թուականներին։
Սպառազինութիւն եւ տեխնիկայի վաճառքի պոտենցիալ ունեցող մեր գրեթէ բոլոր միջազգային գործընկերները քաղաքավարի մերժում էին Հայաստանի Հանրապետութեանը զէնք վաճառել՝ երկու հիմնական պատճառաբանութեամբ․
1․ Վստահ չէին, որ այդ զէնքը չէր տեղակայուի ՀՀ միջազգայնօրէն ճանաչուած տարածքից դուրս։
2․ Վստահ չէին, որ այդ զէնքերի գաղտնի պարամետրերը հասանելի չէին դառնայ ՀԱՊԿ-ին, որին ՀՀ-ի անդամակցութիւնը նոյնպէս խոչընդոտ էր նման գործարքներ կնքելու համար։
Իսկ ՀԱՊԿ գործընկերները 2022 թուականի սեպտեմբերի դրութեամբ հրաժարւում էին կատարել ՀՀ անվտանգութիւնն ու տարածքային ամբողջականութիւնը երաշխաւորելու մեր նկատմամբ ունեցած պայմանագրային պարտաւորութիւնները։ Հրաժարւում էին նաեւ մատակարարել հարիւր միլիոնաւոր տոլարի սպառազինութիւն եւ տեխնիկա, ինչի համար վճարումները Հայաստանի Հանրապետութիւնն արդէն կատարել էր։
Սա գոյաբանական սպառնալիք էր Հայաստանի Հանրապետութեան համար եւ ակնյայտ էր, որ մեր պետականութիւնը վերացնելու, մեր ինքնիշխանութիւնը զրոյացնելու որոշում է կայացւած։
Այս օրհասական վտանգը յաղթահարուեց երկու վճռական իրադարձութեան արդիւնքում․ 2022 թուականի հոկտեմբերի 6-ին Փրահայում քառակողմ ֆորմատով ձեռք բերուած քաղաքական պայմանաւորուածութեան, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետութիւնն ու Ադրբեջանի Հանրապետութիւնը միմեանց տարածքային ամբողջականութիւնն ու ինքնիշխանութիւնը ճանաչում են 1991 թուականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրայ, եւ ՀԱՊԿ-ում ՀՀ անդամակցութիւնը սառեցնելու։
Այս ռազմավարութիւնը մենք հետեւողականօրէն շարունակելու ենք։ Յստակ արձանագրել ու արձանագրում ենք, որ ՀՀ բանակն իր միջազգայնօրէն ճանաչւած 29 հազար 743 քառակուսի քիլոմետր տարածքի պաշտպանութիւնից դուրս այլ խնդիր չունի եւ չի ունենալու՝ բացառութեամբ միջազգային պայմանագրերի հիման վրայ խաղաղապահ առաքելութիւններին մասնակցութիւնը։
Ինչ վերաբերում է ՀՀ օկուպացւած տարածքներին, այդ հարցի լուծման բանաձեւը, որն արձանագրուած է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման յանձնաժողովների համատեղ գործունէութեան կանոնակարգում, արդէն իրաւական բարձրագոյն ուժ ունի երկու երկրներում եւ խնդիրը կը լուծուի սահմանազատման գործընթացում։
Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետութեան սիրելի՛ քաղաքացիներ,
Հաճոյքով եմ արձանագրում, որ վերջին տարիներին մեր բանակում տեղի ունեցած բարեփոխումները կարող եմ երկար թուարկել։
Յատուկ յիշատակման է արժանի «Պաշտպան հայրենեաց» ծրագիրը, որում ընդգրկուած հազարաւոր զօրակոչիկները պայմանագրային զինծառայող դառնալու, կամաւոր ատեստաւորման բարձր վարձատրութիւն ստանալու եւ ծառայութեան ընթացքում իրենց տանն ապրելու հնարաւորութիւն են ստացել։
Այսօր մենք 19 տարեկան բազմաթիւ զինծառայողներ ունենք, ովքեր 500, 600 հազար դրամ ամենամսեայ վարձատրութիւն են ստանում։ Համոզուած եմ՝ նրանցից շատերը հետագայում պայմանագրային զինծառայութիւնը շարունակելու, այդ թւում՝ սպայական կրթութիւն ստանալու եւ որպէս սպայ ծառայելու որոշում են կայացնելու։
Կրճատուել է պարտադիր ժամկէտային զինծառայութեան ժամկէտը՝ 24 ամսից դառնալով 18 ամիս։ Սա էականօրէն բարելաւում է պարտադիր ժամկէտային զինծառայութեան պայմանները։
Մեծ ծաւալի ամրաշինական աշխատանքներ են իրականացւում մեր սահմանների երկայնքով, որոնք նոր խօսք են բերել մեր պաշտպանական համակարգում։
Ուղերձի ժանրը հնարաւորութիւն չի տալիս աւելի ծաւալուելու, բայց այն, ինչ բանակում իրականացուել է վերջին տարիներին՝ անկիւնաքար է մեր պետութեան յարատեւութեան, անկախութեան, ինքնիշխանութեան, տարածքային ամբողջականութեան եւ սահմանների անձեռնմխելիութեան համար։
Բայց նաեւ ուզում եմ ընդգծել՝ մենք պատերազմի չենք պատրաստւում, որովհետեւ պատերազմ չի լինելու։ Հայաստանի Հանրապետութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան միջեւ խաղաղութիւն է հաստատուած, եւ խաղաղութիւնից աւելի յուսալի անվտանգութեան երաշխիք չկայ։
Մենք ուժեղացնելու ենք անվտանգութեան այդ ամենայուսալի երաշխիքը։
Իսկ բանակի զարգացումը շարունակաբար ընթանալու է, որովհետեւ բանակը պետութեան կարեւորագոյն ինստիտուտներից է, եւ չափազանց կարեւոր է ունենալ ուժեղ, պաշտպանունակ բանակ՝ ապագայի պայմանական սպառնալիքներին դիմակայելու համար, այն դէպքերում, երբ դիւանագիտութիւնն ի վիճակի չի լինի դա անել։
Ուժեղ բանակ չունեցող երկիրը խոցելի է եւ կարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար։ Հայաստանի Հանրապետութիւնն այսպիսին չպիտի լինի երբեք։
Փա՛ռք նահատակներին եւ կեցցէ՛ Հայաստանի Հանրապետութիւնը»։