Այսօր հալեպահայ նշանավոր բժիշկ, համայնքային գործիչ Մերուժան Քիրիշյանի մահվան Ա տարելիցի առթիվ «Սպանդարյան» գերեզմանատանը, որտեղ հուղարկավորված է բժիշկը, հարազատների, ընկերների ներկայությամբ կատարվել է գերեզմանի օրհնության կարգ, այնուհետեւ Կոնդի «Սուրբ Հովհաննես» եկեղեցում տեղի է ունեցել հոգեհանգստյան արարողություն։ Արարողությունների եւ ցավակցական ընդունելության ընթացքում մեկ անգամ եւս հիշատակվել է վաստակ ունեցող նշանավոր բժիշկն ու նրա գործը։

Մերուժան Քիրիշյանը մահացել է Երեւանում, 2025-ի հունվարի 8-ին, 85 տարեկանում։
Նա տիկնոջ հետ Հայաստան էր տեղափոխվել մոտ տասը տարի առաջ՝ Սիրիայում երկարատեւ բժշկական գործունեությունից հետո՝ այնտեղ վաստակելով անուն, հեղինակություն, ծնունդ տալով բազմաթիվ մանուկների, բուժելով հայ եւ տեղացի հազարավոր հիվանդների։
Իբրեւ գինեկոլոգ, Մերուժան Քիրիշյանն իր մասնագիտությունը շարունակում էր Երեւանում՝ ՀԲԸՄ-ի «Կլաուդիա Նազարյան» բժշկական կենտրոնում՝ մի խումբ սիրիահայ բժիշկների հետ. նրանք սիրիական պատերազմից հետո Հայաստան տեղափոխվելով՝ օգնում էին այստեղ հաստատված սիրիահայերի, որոնք իրենց առողջությունը վստահելի էին հմուտ եւ վաստակավոր բժիշկներին։
