Բաքվում մոտ հինգ տարի բանտարկված մնալուց հետո ազատ արձակված եւ հունվարի 14-ին Հայաստանին վերադարձված լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանը, «Արեւելք»-ի տեղեկություններով, այժմ բուժվում է Երեւանի «Քլոդիա Նազարյան» բժշկական կենտրոնում, բժիշկը հալեպահայ վաստակավոր եւ փորձառու բժիշկ Գրիգոր Դարակջյանն է։
Բժիշկն «Արեւելք»-ի հետ զրույցում ասաց, որ Վիգենի առողջական բոլոր հարցերին տեղյակ են, լուրջ առողջական խնդիրներ ունի, բայց՝ ոտքի է, պետք է բուժում ստանա եւ կենտրոնն այժմ զբաղվում է այդ հարցով, տրամադրվել է անհրաժեշտ դեղորայքը։
Վիգենին «Քլոդիա Նազարյան» բժշկական կենտրոն են ուղարկել «Նաիրի» բժշկական կենտրոնից, որտեղ վերջին անգամ հետազոտվել է Վիգենը։
«Քլոդիա Նազարյան» բժշկական կենտրոնը գործում է ՀԲԸՄ հովանավորությամբ․ այն անվճար բժշկական խորհրդատվական եւ այլ ծառայություններ է մատուցում սիրիահայ կարիքավորների, Արցախից տեղահանվածների։ Այժմ բուժվողների մեջ է նաեւ լիբանանահայ նախկին գերին։
Անցյալ տարվա դեկտեմբերին արդեն հայտնի էր դարձել, որ Վիգենի առողջությունը վատացել է բանտում, ըստ կնոջ, նա դժվար էր քայլում, իսկ Երեւանում էլ պարզ դարձավ, որ սրտանոթային խնդիրներ ունի, լսողությունն է ծանրացել․․․ Վիգեն Էուլջեքջյանը 47 տարեկան է։