Սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական հարձակումների պատճառով ընթացող մարտերում հոկտեմբերի 4-ին զոհված Հայկ Ղուլյանը ծառայում էր Հադրութում:
Հայկը ծնվել է 2001 թվականին Արցախի Մարտունու Շեխեր գյուղում: Սովորում էր ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, սակայն առաջին կուրսն ավարտելուն պես մեկնել է բանակ, հետագայում ուսումը շարունակելու հստակ որոշմամբ:
Հայկ Ղուլյանի կուրսեցի Արմինե Գալստյանը, Tet.am-ի հետ զրույցում հիշելով կուրսընկերոջը, պատմում է, որ Հայկը բոլորին օգնում էր, շատ եռանդուն ու նպատակասլաց էր, իսկ հիմնական նպատակը Արցախի նախագահ դառնալն էր.
«Հայկը շատ հայրենասեր էր, միշտ մեր կուրսեցիներին ասում էր, որ երբ դառնամ Արցախի նախագահ, դուք լինելու եք իմ օգնականները և անընդհատ խոսում էր Արցախյան հարցի կարգավորման մասին և ասում՝ Արցախյան հարցը կարգավորելու եմ միայն բանակցությունների միջոցով, ամբողջ աշխարհին ստիպելու եմ ճանաչել Արցախի անկախությունը»:
Արմինե Գալստյանն ասում է ծառայության ընթացքում խոսել են Հայկի հետ, զրույցի ժամանակ նշել է, որ բանակից վերադառնալուց հետո կրթությունը պետք է շարունակեր Գերմանիայում: