Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ԱրԱվես ՀԿ-ն հայտնում են հայրենի բնության մեջ կատարված մի կարևոր և բացառիկ իրադարձության մասին. Արմաշի կարևորագույն թռչնաբանական տարածքում (IBA) առաջին անգամ փաստագրվել է հազվագյուտ մի թռչունի՝ բտիկաթև կիվիվի (Vanellus spinosus) բնադրումը։ Թեև տեսակը տարածքում նկատվել է դեռևս 1995 թվականից, սա առաջին փաստագրված բնադրման դեպքն է Հայաստանում։
Այս թռչնատեսակի գրանցումը եզակի է հատկապես նրանով, որ բտիկաթև կիվիվն աչքի է ընկնում իր դժվար նկատելի վարքագծով։ Տեսակի հայտնաբերումը վկայում է ոչ միայն մասնագիտական բարձր որակավորում ունեցող թիմի աշխատանքի, այլև տարածքում իրականացվող պահպանության ջանքերի արդյունավետության մասին։