image

Կարպիս Թիթիզյանն ու այլ սփյուռքահայեր՝ «Առաջին ալիք Ամերիկա»-ի խորհրդի անդամներ

Կարպիս Թիթիզյանն ու այլ սփյուռքահայեր՝ «Առաջին ալիք Ամերիկա»-ի խորհրդի անդամներ

Ավարտվել են «Առաջին ալիք Ամերիկա» ընկերության գրանցման, հաշվառման և լիարժեք գործունեության մեկնարկի նախապատրաստական աշխատանքները, եւ «Առաջին ալիք Ամերիկա»-ն անցնում է լիարժեք գործունեության, տեղեկանում ենք նույնանուն ալիքից։  Ընկերությունը, որը հիմնադրվել է 2024 թվականի ապրիլին, այժմ պատրաստ է գործել որպես ինքնուրույն իրավաբանական միավոր՝ ԱՄՆ օրենսդրության պահանջներին համապատասխան։

Այս փուլում դադարեցվել են տնօրենների խորհրդի ժամանակավոր անդամների և տնօրենի լիազորությունները, որոնք կամավոր հիմունքներով իրականացրել են հիմնադիր փուլի իրավական և կազմակերպչական գործընթացները։

Ձևավորված նոր խորհրդում ընդգրկվել են հետևյալ անդամները՝

• Գարի Թիթիզյան - «Հորիզոն» հեռուստաընկերության հիմնադիր, “Levon travel” ընկերության հիմնադիր, Կալիֆորնիայի հայկական կյանքի ակտիվ անդամ

• Կարեն Իսրաելյան - Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս

• Կարեն Մեյմարյան - “Fat and happy beverages” ընկերության հիմնադիր տնօրեն

• Թոմաս Ալեքսանյան - Իրանահայ միության խնամակալ մարմնի անդամ և գլխավոր տնօրեն

• Մելինե Մայիլյան - Ճշմարտության և արդարադատության կենտրոնի համահիմնադիր, փաստաբան

• Արաքսի Սիմիդյան - ⁠QueensCare-ի Նորարարությունների և Վարչական գծով գլխավոր պատասխանատու

«Առաջին ալիք Ամերիկա» ընկերության տնօրեն է նշանակվել հեռուստատեսային ոլորտում բազմամյա փորձ ունեցող պրոդյուսեր Արա Բաղդասարյանը։

Այս կարևոր փուլով «Առաջին ալիք Ամերիկա»-ն անցում է կատարում կայուն և լիարժեք գործունեության՝ նպատակ ունենալով ամրապնդել հայկական հանրային հեռարձակման ներկայությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներում։