image

Ֆլորա Սարեանի «Չգրուած օրէնք» հատորին նուիրուած գրական երեկոյ

Ֆլորա Սարեանի «Չգրուած օրէնք» հատորին նուիրուած գրական երեկոյ

Օրերս, Կլենտէյլի մէջ ներկայացուած է «Չգրուած օրէնք» գրքի հեղինակ Ֆլորա Սարեանի ստեղծագործական վաստակը։

Այս մասին «Արեւելք» տեղեկացաւ ԱՄՆ հրապարակուող «Ասպարէզ»էն, որ մասնաւորապէս կը գրէ ՝

Համազգայինի Շրջանային վարչութեան Գրական միաւորը Ապրիլ 14ին, Գլենդելի Երիտասարդաց կենտրոնի սրահում ընձեռնել էր մի ձեռնարկ, որը ներկայացնելու էր «Չգրուած Օրէնք» գրքի հեղինակ Ֆլորա Սարեանի ստեղծագործական վաստակը։

Ձեռնարկի բացումը կատարեց Գրական միաւորիս ատենապետուհի Սոնա Մատարեանը։ Նա իր հմայիչ ու ճարտար լեզուով խօսեց նախ ձեռնարկի նպատակի մասին եւ անդրադարձաւ մեր ժողովրդի հոգեկան խռովքներին, անդրադառնալով՝ Ապրիլեան եւ Արցախեան դառն յուշերին, ապա հաւատ ու յոյս ներշնչելով՝ մեր ժողովրդի սրբազան նպատակներին՝ հասնելու արդարութեան եւ ազատութեան։ Նա բեմ հրաւիրեց, գրական միաւորի անդամուհի Սեդա Մարթիրը, որպէսզի ներկայացնի Ֆլորա Սարեանի կենսագրութիւնը, որ խօսուն գրական ոճով ներկայացուեց ունկնդիրներին։

Այդ բաժնում, Ֆլորա Սարեանը ի յայտ եկաւ իր կեանքի ինքնատիպ ու հետաքրքրական ոլորտներով եւ իր գրքի հրատարակման պայծառ յաջողութիւններով։

Ապա բեմ հրաւիրուեց կրկին միաւորիս անդամներէն՝ Մարալ Վարժապետեանը, որ իր խոր եւ բարձրաթռիչ շնչով ընթերցեց գրքից մի քանի բաժիններ, զօրեղ ազդեցութիւն թողնելով ներկաների վրայ։

Ապա բեմ հրաւիրուեց գրքի հեղինակ՝ Ֆլորա Սարեանը․ նա խօսեց թրքական դաժան բռնապետութեան տակ հեծող հայ ժողովրդի տառապանքի մասին, խօսեց մեր հերոսների աննման նուիրումի եւ նրանց փրկարար դերակատարումների, որը իր տարիների ուսումնասիրութիւնն է եղել՝ գտնել իրականը, վսեմ ճշմարտութիւնը եւ գրի առնել եւ փոխանցել նոր սերնդին։

Նա իր անկեղծ մտածումներին եւ ապրումներին հետամուտ լինելով ու խոր յուզումներով մանրամասնեց գրքի գլխաւոր բաժիններից արտայայտութիւններ, որով առաւել հետաքրքրութիւն յառաջացրեց ներկաներին մօտ՝ ունենալու եւ ընթերցելու տուեալ գիրքը:

 

Ֆլորա Սարեանի խօսքից յետոյ նաեւ ներկաները ուղղեցին հարցեր եւ հեղինակը տուեց համոզիչ եւ առաւել հետաքրքրական ու յուզիչ պատասխաններ, որոնք առաւել գոհացրեցին ներկաներին:

Հեղինակի ելոյթից յետոյ, սրտի իր խօսքը փոխանցեց Արմինէ Ղազարեանը, որ իր սերտողութեան ապաւինելով շեշտեց եւ լոյսի բերեց՝ «Չգրուած Օրէնք» վէպի ծալքերը։ Նա հմտօրէն ներկայացրեց վէպը, քննարկելով՝ կարեւոր եւ հոգեբանական նրբագոյն ելեւէջները, կերպարները, ամէն մի հերոս աննման գոյներով վեհացնելու հեղինակի տողերը եւ իր քաղած մէջբերումներով մեծ շողարձակում կատարեց ներկաների վրայ։

Ձեռնարկի վերջում, ներկաները մեծ հետաքրքրութեամբ վերցրին գրքերից օրինակներ՝ ընդունելով հեղինակի մակագրական դրոշմը, ապա մեր ազգային ու հերոսական երգերի շարանի ներքոյ, ներկաները հրաւիրուեցին կոկիկ հիւրասիրութեան եւ վայելեցին գրական սոյն երեկոյից ընկերային մի ջերմ պահ։

 

Սեդա Մարթիր