image

Երբ գրականությունն ու պատմությունը համերաշխ են

Երբ գրականությունն ու պատմությունը համերաշխ են

Կարո Վարդանյան


Մեր գրականության պատմությունը լեցուն է ոչ միայն մեծամեծ ձեռքբերումներով ու հաղթանակներով, այլև ցավալի անարդարություններով:

Ավետիս Թերզիպաշյանի գրական ժառանգությունը նշանակալի ձեռքբերում է, բայց մեծ անարդարություն է, որ նման առաջնակարգ գրողի ու վավերագրողի անունն ու վաստակը մինչ օրս անհայտ է հայաստանյան հանրությանը: Ավելին, ուծացման դաժան օրինաչափությամբ այս անունը այսօր գրեթե ոչինչ չի ասում նաև սփյուռքահայ նոր սերնդին:

Ավետիս Թերզիպաշյանն իր տարաբախտ սերնդի առաջապահներից էր՝ հավասարի իրավունքով կանգնած սփյուռքահայ գրականության այն երևելիների կողքին, որոնց ճանաչեցին ու սիրեցին հայրենիքում: Հանիրավի անտեսված այս հեղինակը հայտնություն է և՛ բարձրաճաշակ ընթերցողների, և՛ 20-րդ դարասկզբի պատմական իրադարձություններով հետաքրքրվողների համար: Նրա գրիչն առավել առինքնող է դարձնում երգիծելու բացառիկ ձիրքը՝ հեղինակին հաճախ մերձեցնելով մեր երգիծական գրականության վարպետներին:



Ա. Թերզիպաշյանը պատահական մարդ չէր: Ներկայացնում էր Վան-Վասպուրականի վաճառականական դասը՝ իր լայնախոհությամբ, հավասարակշիռ կեցվածքով ու հեռատեսությամբ վայելելով լայն հեղինակություն ու վստահություն: Մեծ հետք է թողել հայրենի բնաշխարհի հասարակական-քաղաքական, կրթական, մշակութային, ինչպես նաև հոգևոր-բարեսիրական ասպարեզներում՝ հասնելով մինչև Վանի քաղաքապետի աստիճանի: Ցավոք, նա իր սիրասուն քաղաքի վերջին քաղաքապետն էր, իսկ Արևմտյան Հայաստանի անկումից հետո մինչև իր վախճանը (1947թ.) շարունակեց ապրել քաղաքական-կազմակերպչական բեղուն կյանքով՝ մշտապես լինելով իր նկարագրած ժամանակաշրջանի ու իրադարձությունների կենտրոնում: Լավագույնս ճանաչել է ժամանակաշրջանն ու ժամանակակիցներին՝ լինեին նրանք մեծահռչակ Զորավար Անդրանիկն ու Պողոս Նուպարը, գործող կուսակցությունների անվանի ներկայացուցիչները, թե այսօր արդեն մոռացված այլևայլ անձինք: Ճիշտ է, նա ամենից առաջ գրող-գեղագետ է, բայց քանի որ իր գրականության թեման ապրած ժամանակաշրջանն է ու այդ ժամանակաշրջանը նշանավորած գործիչները, ուստի նրա գրական ժառանգությունը օժտված է նաև պատմագրական ամենահավաստի աղբյուրի բացառիկ արժանիքներով: Ու պատահական չէ, որ այսօր նրա վաստակը առավելապես հայտնի է պատմաբանների մի նեղ շրջանակի:
Խոսքը այն շրջանակի մասին է, որը հետամուտ է վերոնշյալ ժամանակաշրջանի ու գործող անձանց վաստակի ճշմարտացի վերարտադրմանն ու արժևորմանը: Ասվածը վերաբերում է Թերզիպաշյանի ողջ գրական ժառանգությանը և մասնավորապես երեք ծավալուն երկասիրություններին («Արծիւը իր բոյնին մէջ» (1938), «Նուպար» (1939) և «Անդրանիկ» (1942)), որոնք ժանրային առանձնահատկություններով, թերևս, ներկայանում են որպես իրապատում վեպեր:

Ա. Թերզիպաշյանն անզուգական պատմող է, հայտնի ու անհայտ իրադարձությունների գեղարվեստական վերարտացոլման վարպետ: Կերպարները կերտելու, հոգեբանական-իրավիճակային ամենանրբին շերտերը բացահայտելու, ոճավորելու ու նաև երգիծելու նրա գրողական բարեխղճությունը խտրություն չի դնում ամենահայտնի ու անհայտ-աննշան անձանց միջև: Նա նույնպիսի հոգի ու վարպետություն է դնում և՛ Մկրտիչ Խրիմյանին, Անդրանիկին, Պողոս Նուպարին, Արամ Մանուկյանին ու այլ հանրահայտ անձանց նկարագրելիս, և՛ մի անհայտ նավավարի, մի աննշան գեղջուկի կամ որևէ այլ անհիշատակ անձի բնավորությունն ու ապրումները վերարտադրելիս:
Այս հատորին նախորդած «Նուպար» գրքի ընթերցումից ստացած հիացական տպավորություններով գրված իր նամակում Տիգրան Կամսարականը իրավացիորեն նկատում է. «Չպիտի զարմանամ, երբ օր մը դուք ամենէն շատ կարդացուած հայ հեղինակը ըլլաք, մատչելի հասարակութեան ու միանգամայն ծայրաստիճան շահագրգռական՝ ընտրանիին համար»:
Տիգրան Կամսարականը բոլոր հիմքերն ուներ այդպես մտածելու ու այդպես գնահատելու իր տաղանդավոր գրչընկերոջ գործը: Բայց մի բան նա հաշվի չէր առել: Հայ իրականությունը, հայրենիքում, թե Սփյուռքում, միշտ նեղ ու անձուկ է եղել ճշմարտության համար: Որքան էլ ժամանակները հայրենիքում ու Սփյուռքում տարբեր էին ու ներհակ, այնուամենայնիվ, ունեին մի ակնհայտ ընդհանրություն. պատմության անհիմն հերոսականացում ու, որ ամենաարատավորն է՝ պատմության կուսակցականացում: Հայրենիքում ամեն ինչ դիտարկվում էր բոլշևիկյան-կոմունիստական լույսի տակ, իսկ Սփյուռքում՝ առավելապես դաշնակցական: Ավետիս Թերզիպաշյանի վերարտադրած իրականությունը չէր տեղավորվելու ո՛չ մեկի ու ո՛չ էլ մյուսի մեջ: Նա նկարագրում էր պատմական եղելությունը, իսկությունը՝ գրգռելով ու ջղագրգռելով մեր իրականության ազդեցիկ հոսանքներին: Ուստի չպիտի լիներ «ամենէն շատ կարդացուած հեղինակը», պիտի հետևողականորեն անտեսվեր ու մոռացության մատնվեր:

Թերզիպաշյանի երկերի առաջին գրախոսներից Լևոն Թութունջյանը, Կահիրեի «Արև» թերթում լույս տեսած իր մի դրվատական հոդվածում (1940թ., հունիսի 25), վկայակոչելով նույն թերթի նույն տարվա մայիսի 25-ի համարում լույս տեսած՝ Գ. Ֆեներճյանի գրախոսականը, Թերզիպաշյանին որակում է որպես «հակազդեցական»՝ նկատի ունենալով ֆրանսերեն reactionnoire տերմինը: «Հակազդեցական» ասելով՝ նշյալ հեղինակները նկատի ունեին հակազդեցությունը «յիսուն տարուան կործանարար քարոզչութեան մը դեմ»: Այս առումով, հիրավի, Ա. Թերզիպաշյանի գրականությունը նաև քաղաքացիական խիզախում էր, խիզախում՝ արտահայտելու արևմտահայոց «ինքնապահպանման բնազդը եւ ի հարկին զայն արծարծելու եւ առաջնորդելու» (նույն հոդվածում): Բնականաբար, նկատի է առնված հայ հեղափոխության, այսինքն՝ կովկասահայ հեղափոխականների գործունեությունը Արևմտյան Հայաստանում, ինչը հայտնի է, թե ինչով ավարտվեց: Ահա այս հանգամանքն էր, որ խորացրեց Անդրանիկի ու Հ.Յ.Դաշնակցության միջև բացված վիհը:
Պատահական չէ, որ Թերզիպաշյանի այս խիզախումի մասին առաջիններից մեկը խոսում էր Լևոն Թութունջյանը: Մարդ, որը Վահան Թոթովենցի հետ միասին տվել էր այդ «հակազդեցության» առաջին օրինակը՝ դեռևս 1920-ին «Արսէն Մարմարեան» ծածկանունով լույս ընծայելով «Զօրավար Անդրանիկ եւ իր պատերազմները» (Կ.Պոլիս) ծավալուն հուշագրությունը: Անդրանիկի վստահությունը վայելող այս հեղինակային զույգը գրքի նախամուտքում հայտարարում էր. «Մեր նպատակն է տալ ստոյգ պատմութիւնը եւ ոչ հեքիաթայինը: Արժէ հետեւիլ այս մեծ մարդու կեանքի բոլոր ելեւէջներուն, ստորին սանդխամատերէն մինչեւ բարձրագոյնը»:
Որ Օսմանյան Թուրքիան հետևողականորեն ծրագրում էր ու պիտի բոլոր պարագաներում իրականացներ հայոց ցեղասպանությունը՝ կասկածից վեր է: Կասկածից վեր է նաև, որ կովկասցի հեղափոխականները Երկիր էին թափանցել արևմտահայությանը օգնելու ազնիվ մղումով: Օգնեցի՞ն արդյոք: Կասեցրի՞ն կամ գոնե մեղմեցի՞ն ցեղասպանության ծավալներն ու հայրենազրկումը: Ինչ խոսք, հայ հեղափոխության հերոսական էջերը շատ են, բայց առավել շատ են արկածախնդրությունը, բախտախնդրությունը, ձախավեր գործողություններով վայրենաբարո թուրքին անպաշտպան բնակչության դեմ ավելի ու ավելի գրգռելը, ի վերջո, Երկիրն ու տարաբախտ ժողովրդին բախտի քմահաճույքին թողնելը:

Ուրեմն ի՞նչ իմաստ ուներ և մինչ օրս ի՞նչ իմաստ ունի պատմության հերոսականացումը, երկրորդական ձախողված գործիչներից փրկիչներ ու հերոսներ կերտելու անվերջանալի գործընթացը՝ դրա արդյունքում հետևողականորեն սևացնելով ու փնովելով իրական հերոսին՝ Անդրանիկին, որի հետ էին կապել իրենց բախտը գաղթականության բազմահազարանոց թափորները:

Վերը նշված բոլոր երկերում էլ Ա. Թերզիպաշյանը մեծ տեղ է հատկացնում հարազատ Վանի նկարագրություններին: Նա ներբողներ չի նվիրում իր քաղաքին, բայց նշանավոր ու աննշան իրադարձությունները, անգամ կենցաղային իրողությունները այնքան բնական ու անբռնազբոս է վերարտադրում, որ ընթերցողն ակամա դառնում է վանեցի, սիրահարվում Վասպուրական աշխարհին: Վանի մասին իրենց այլևայլ երկերը հյուսելիս շատերն են ձեռքի տակ որպես պատմական հենք ունեցել Թերզիպաշյանի հատորները: Փորձառու ընթերցողը առաջին հերթին պիտի հիշի Գուրգեն Մահարու «Այրվող այգեստանները», մանավանդ որ այդ վեպում հիշատակված է Ավետիս Թերզիպաշյանը: Գաղտնիք չէ, որ Մահարին ևս իր վեպի առաջին տարբերակը շարադրել էր վերը ակնարկված լույսի ներքո, և այդ խիզախումը նրան չներվեց. պատմության հերոսականացման ու դաշնակցականացման արատավոր շորշոփները 1960-ականների կեսերից թափանցել էին նաև Խորհրդային Հայաստան: Հետաքրքիր է, որ Մահարին իր վեպի վերնագրերի փնտրտուքի մեջ նամակով դիմել էր իր բարեկամ Շահան Շահնուրին և նրանից ստացել վերնագրի այսպիսի տարբերակ՝«Հովն հրձիգին մեղսակից էր» (Գ. Մահարի, «Այրուող այգեստաններ», Երևան 2004, էջ 555, Գ.Աճեմյանի ծանոթագրությունը):

Պարզ է, չէ՞ դրանով ինչ էր ակնարկում Շահնուրը: Հրձիգը հայակեր թուրքն է, իսկ «մեղսակից հովը»՝ հայ հեղափոխությունն ու հեղափոխականները: Իհարկե, Մահարին խուսափեց այդ վերնագրից՝ այն դարձնելով վեպի վերջին՝ քսանյոթերորդ ասքի բնաբան միայն, բայց այս փաստը մի լրացուցիչ անգամ վկայում է, որ իրենց բնօրրանը կորցրած արևմտահայերից ու նրանց ժառանգներից շատերն էին դավանում «հակազդեցականի» դիրքորոշումը, բայց շատ քչերն էին համարձակվում հրապարակայնորեն արտահայտել իրենց համոզմունքը:

Այդ քչերից մեկն էլ Անդրանիկի հոգեզավակ Վազգեն Անդրեասյանն էր, որին հեղափոխական կուսակցականները «խորհուրդ» էին տվել այլևս չգրել Անդրանիկի մասին (Վազգեն Անդրէասեան, «Անդրանիկ», Պէյրութ, 1982, էջ 10): Վ. Անդրեասյանն իր գիրքը լույս է ընծայել 1982-ին: Այսինքն, սերունդ էր փոխվել, և Անդրանիկի վաստակի դեմ ծավալված արշավանքը վերջնական մոլորության մեջ էր գցել նոր սերնդին: Մեծ դառնություն կա Անդրեասյանի գրքի էջերում, քանզի ստիպված էր ազգի ամենազորավոր անհատին, «Հայրենիքի տեր ու պաշտպան Անդրանիկին» (աշուղ Շերամ) պաշտպանել կուսակցական-աղանդավորական ոտնձգություններից: Եվ իր դառնությունը ցմրուր արտահայտելու համար գրքի առաջաբանում մեջբերում է հատված Հրաչ Զարդարյանի նույնքան դառնացած մի պոռթկումից. «…Անգամ մը եւս, բացառիկ սաստկութեամբ, որոտաց մէջս սրբազան ընդվզումը՝ դէպի այն բութ շարքայինները, միջակ ու շիլ շէֆերը, որ շղթայազերծեցին իրենց պղտոր կիրքերը, լարեցին դավադրանքի ոստայններ՝ խեղդելու համար ազգային պատմական փառք մը՝ սուտի եւ զրպարտութեանց թնճուկին մէջ: …Անդրանիկ՝ լոյսի պէս արդար եւ իմաստուն մեծութիւն մը…» (նույնը, էջ 8):
Ահա այդ հարյուրամյա սուտն ու կեղծիքն են, որ տասնամյակների մեջ թանձրանալով ու ահագնանալով՝ քսանմեկերորդ դարում ծնունդ տվեցին մեր պատմության ամենամեծ ստին՝ փոշիացնելով նորագույն շրջանի մեր գրեթե բոլոր ձեռքբերումները՝ Արցախը, Ազգային Բանակը, ազգային արժանապատվությունը…

Ավետիս Թերզիպաշյանի երկերում շատ ճշմարտություններ կան անթեղված: Եվ եթե երբևէ ամբողջացվի հայոց բազմահատոր Անդրանիկապատումը՝ այս գիրքը միշտ հանդիսանալու է այդ շարքի լավագույն հատորներից մեկը: