ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումեան Բարձրագոյն դատական խորհուրդին ներկայացուցած է իր հրաժարականի դիմումը:
Մկրտումեանի յայտարարութիւնը ամբողջութեամբ կը ներկայացնենք ստորեւ.
«Շուրջ երեսուն տարի ծառայել եմ Հայաստանի Հանրապետութեան, որից եօթ տարի ՀՀ դատախազութիւնում՝ որպէս բաժնի պետ, երեք տարի ՀՀ Ազգային ժողովում՝ որպէս իրաւաբանական ծառայութեան ղեկավարի առաջին տեղակալ եւ քսան տարի՝ ՀՀ վճռաբեկ դատարանում:
ՀՀ վճռաբեկ դատարանում աշխատում եմ դատարանի կազմաւորման առաջին իսկ օրուանից՝ 1998 թուականի 8 յուլիսից. տասը տարի պաշտօնավարել եմ որպէս ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ, տասը տարի՝ որպէս ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ:
Հայաստանի Հանրապետութիւնում իրականացուած օրէնսդրական (մասնաւորապէս՝ ՀՀ քաղաքացիական եւ ՀՀ քաղաքացիական դատավարութեան օրէնսգրքերի, մի շարք այլ օրէնքների նախագծերի մշակում) եւ դատաիրաւական (մասնաւորապէս՝ դատաւորների մասնագիտացում՝ ըստ քաղաքացիական, քրէական եւ վարչական ոլորտների, դատական ատեանների ֆունկցիոնալ տարանջատման սկզբունքի ներդրում եւ այլն) բարեփոխումների համար արժանացել եմ ՀՀ վաստակաւոր իրաւաբանի բարձր կոչմանը: Հայաստանի Հանրապետութեան արդարադատութեան համակարգում նախադէպային իրաւունքի ներդրման եւ իրականացման վերաբերեալ գիտական հետազօտութեան համար ինձ շնորհուել է իրաւագիտութեան դոկտորի գիտական աստիճան:
Այս տարի ՀՀ վճռաբեկ դատարանի կազմաւորման քսանամեայ տարելիցն է, ինչի կապակցութեամբ սրտանց շնորհաւորում եմ իմ բոլոր գործընկերներին եւ գտնում եմ, որ ժամանակի հրամայականն է հնարաւորութիւն ընձեռել փորձառու երիտասարդներին դրսեւորելու իրենց գիտելիքները, ուժը, եռանդը՝ նախադէպային իրաւունքի եւ արդարադատութեան համակարգի յետագայ զարգացման դժուարին ու պատասխանատու գործում:
Հիմք ընդունելով վերոգրեալը՝ խնդրում եմ ընդունել իմ հրաժարականը եւ, ղեկավարուելով ՀՀ դատական օրէնսգրքի 35-րդ յօդուածի 3-րդ մասի պահանջներով, այն լուծել հերթական նիստում՝ իմ բացակայութեամբ»: