Հայաստանի զբոսաշրջության եւ ծառայությունների մատուցման ոլորտը վերջին տարիներին օրըստօրե աճող տեմպեր է գրանցում: Սակայն ցանկացած ոլորտի դինամիկ զարգացման գլխավոր նախապայմանը որակյալ եւ միջազգային չափանիշներին տիրապետող կադրերն են:
Ուսումնասիրելով շուկայի ներկայիս միտումները՝ մեր ուշադրության կենտրոնում հայտնվեց մի բացառիկ կրթական նախագիծ, որը խոստանում է հեղափոխական նոր որակ բերել տարածաշրջան: Խոսքը Հայ-Շվեյցարական Հյուրընկալության Ակադեմիայի (SAAH) մասին է, որն իր դռներն է բացել Շիրակի մարզում՝ Գյումրի քաղաքում, «Գրանդ Հոթել Ապրիկոտ Գյումրի» հյուրանոցի հարկի տակ:
Ակադեմիան հիմնադրվել է 2025 թվականին՝ շվեյցարահայ գործարար եւ բարերար, ինչպես նաեւ ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ պարոն Վահե Գաբրաշի կողմից: SAAH-ի ռազմավարական գործընկերներից է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ)՝ աշխարհի ամենամեծ հայկական ոչ առեւտրային կազմակերպությունը, որը նվիրված է հայկական ժառանգության պահպանմանն ու համայնքային զարգացմանը: Այս համագործակցության միջոցով Ակադեմիան համարձակ քայլ է կատարում Հայաստանի աճող զբոսաշրջության ոլորտում մրցունակ աշխատուժ ձեւավորելու ուղղությամբ։
Ուսումնասիրելով կառույցի գործունեությունը՝ հստակ երեւում է նրանց հիմնարար առաքելությունը. ապահովել համաշխարհային չափանիշներին համապատասխան, գործնականում անմիջապես կիրառելի հյուրընկալության կրթություն: Այս համակարգը հիմնված է շվեյցարական հանրահայտ գերազանցության գաղափարի վրա, սակայն լիովին հարմարեցված է Հայաստանի զբոսաշրջային յուրահատկություններին:
SAAH-ի հեռահար տեսլականն է՝ զարգացնել Հայաստանը որպես հյուրընկալության եւ սպասարկման գերազանցության տարածաշրջանային կենտրոն։
Համագործակցություն աշխարհի թիվ 1 հյուրընկալության դպրոցի հետ
Ակադեմիայի հիմնական առավելություններից մեկն այն է, որ այն իրականացնում է մասնագիտական կրթության եւ ուսուցման ծրագիր՝ լիցենզավորված EHL-ի կողմից (SAAH delivers a vocational and education training program licensed by EHL), որը հանդիսանում է 1893 թվականին հիմնադրված լեգենդար EHL Group-ի (École hôtelière de Lausanne) մասնագիտական ուսուցման մոդելը եւ աշխարհում ճանաչված է որպես թիվ 1 հյուրընկալության կառավարման դպրոց:
Այս գործընկերությունը SAAH-ին հնարավորություն է տալիս առաջարկել կառուցողական ուսումնական ճանապարհ՝ հիմնական, միջին եւ առաջատար մակարդակներով: Բովանդակությունը մատուցվում է EHL Group-ի բացառիկ ուսուցման կառավարման համակարգի միջոցով, իսկ դասավանդողները՝ ինստրուկտորները վերապատրաստված եւ հավաստագրված են EHL-ի «Ուսուցանողների վերապատրաստում» ծրագրով: Շրջանավարտներն ավարտելիս ստանում են միջազգայնորեն ճանաչված VET by EHL հավաստագիր եւ դիպլոմ։
Կրթական ուղղությունները եւ առաջարկվող մասնագիտությունները
Ուսուցումն իրականացվում է երեք հիմնական ուղղություններով, որոնցից յուրաքանչյուրի տեւողությունը 18 ամիս է։ Բոլոր ուղղություններում ներդրված է «Սովորել՝ գործելով» (Learning by doing) փիլիսոփայությունը՝ շնորհիվ «Գրանդ Հոթել Ապրիկոտ»-ի իրական հյուրանոցային միջավայրի։
1. Խոհարարական արվեստ (Culinary Arts)
Այս ծրագիրը սովորեցնում է, որ ժամանակակից խոհարարը միայն բաղադրատոմսերով տեխնիկա կիրառող չէ, այլ արվեստագետ, համերի սիմֆոնիա ստեղծող եւ ինչ-որ տեղ՝ ռազմավարական գործիչ (գործադիր տնօրեն): Այս մասնագիտացումն ընտրողները սովորում են տաք եւ սառը ուտեստների պատրաստման նուրբ տեխնիկաներ, ափսեի ձեւավորում, ճաշացանկերի կազմում, թիմերի կառավարում եւ զրոյական թափոններով (zero-waste) խոհանոցների կառավարում:
Նրանք սովորում են մտածելակերպ, որի հիմքում տնտեսապես ու էկոլոգիապես պատասխանատու մոտեցումն է, կայունություն եւ նորարարություն՝ Մասիմո Բոտուրայի նման համաշխարհային խոհարարական միտումներ ձեւավորելու համար:
2. Ռեստորանային սպասարկում (Food & Beverage Service)
Սպասարկման ոլորտը ավելին է, քան պարզապես ուտեստ մատուցելը. այն ավելի քան 3 տրիլիոն դոլարանոց համաշխարհային արդյունաբերություն է, որտեղ կատարյալ սպասարկումն ու հյուրի կարիքների կանխատեսումը նախօրոք պլանավորված ծրագիր են:
Այստեղ սովորում են ռեստորանի կառավարում, վերահսկում, որակի ապահովում, թիմի ղեկավարում, ժամանակի պլանավորում եւ փոփ-ափ (pop-up) կոնցեպտների ստեղծում:
3. Հյուրանոցային ադմինիստրացիա (Hotel Administration)
Հյուրանոցը 5 տրիլիոն դոլարանոց էկոհամակարգ է (սենյակներ, լոգիստիկա, միջոցառումներ), որի կառավարումը նման է քաղաքի ղեկավարմանը, իսկ ճանապարհորդների ավելի քան 70%-ը պատրաստ է ավելին վճարել անհատականացված ծառայության համար:
Այստեղ սովորում են հյուրերի ընդունում (check-in-ից մինչեւ check-out), մաքրության եւ լվացքատան աշխատանքների կազմակերպում, ներքին գրասենյակի (front office) լոգիստիկա, ֆինանսական տնօրինում, մարքեթինգային բրենդինգ, գույքի կառավարման հատուկ ծրագրեր եւ էներգախնայողության սկզբունքներ:
Կորպորատիվ արժեքները եւ որդեգրած սկզբունքները
Կան հիմնարար արժեքները, որոնք դրված են Ակադեմիայի գործունեության հիմքում։ Նրանք առաջնորդվում են գերազանցության սկզբունքով, ճշտապահությամբ եւ պատասխանատվությամբ: Միեւնույն ժամանակ, կառույցը ցուցաբերում է նորարարական մոտեցում, բարձր է գնահատում ազգային ինքնությունը՝ այն հաջողությամբ համադրելով շվեյցարական ճշգրտության եւ գլոբալ տեսլականի հետ:
Ակադեմիայի հաջողության գլխավոր գրավականը նրանց նվիրված թիմն է, որն առանձնանում է հյուրընկալության եւ առաջնորդության ոլորտներում համաշխարհային լուրջ փորձ ունեցող եռանդուն մասնագետներով: Ակադեմիայի ընդհանուր գործունեությունն ու կառավարումն առաջնորդում է գործադիր տնօրեն Խաչիկ Հակոբյանը, իսկ Կրթական ծրագրերի ղեկավարը Հայկուհի Գեւորգյանն է։
Գործնական տեղեկատվություն դիմորդների համար
Ո՞վքեր կարող են դիմել. 18 տարին լրացած ցանկացած անձ, ով ունի միջնակարգ (ավագ դպրոցի) կրթություն: Ուսանողներ են ընդունվում Հայաստանից, տարածաշրջանից (հարեւան երկրներից) եւ Սփյուռքից:
Լեզվական պահանջներ. Քանի որ ծրագրերն իրականացվում են անգլերենով, խորհուրդ է տրվում ունենալ անգլերենի բազային B1 մակարդակ: Անհրաժեշտության դեպքում Ակադեմիան առաջարկում է անգլերենի ինտենսիվ դասընթաց նախքան հիմնական ծրագրի մեկնարկը:
Ուսման վարձը. Տարեկան 4,500 շվեյցարական ֆրանկ (CHF), որը ներառում է EHL լիցենզիայի վճարը, բոլոր ուսումնական նյութերը, մասնագիտական հաստատությունների եւ սեմինարների հասանելիությունը (կեցության եւ սննդի ծախսերը ներառված չեն):
Կրթաթոշակներ. SAAH-ն առաջարկում է կարիքահեն կրթաթոշակներ: Հատուկ արտոնյալ պայմաններ են գործում Արցախից տեղահանվածների, պարտադիր զինվորական ծառայություն անցած անձանց եւ սոցիալապես անապահով ուսանողների համար:
Կարիերայի հնարավորություններ. «Սովորել՝ գործելով» մոդելի շնորհիվ ուսանողները հենց սկզբից ներգրավված են պրակտիկայի մեջ: Ակադեմիան սերտորեն համագործակցում է տեղական եւ միջազգային առաջատար հյուրընկալության բրենդների հետ՝ ապահովելով շրջանավարտների աշխատանքի տեղավորումն ամբողջ աշխարհում:
Հայ-Շվեյցարական Հյուրընկալության Ակադեմիայի (SAAH) մուտքը հայաստանյան կրթական շուկա, եւ հատկապես դրա հաստատումը Գյումրիում, ռազմավարական մեծ նշանակություն ունի: Շվեյցարահայ գործարար Վահե Գաբրաշի այս նախաձեռնությունը ոչ միայն աշխատատեղերի եւ որակյալ կադրերի ստեղծման հեռանկար է, այլեւ հստակ հայտ՝ Հայաստանը համաշխարհային զբոսաշրջային քարտեզում որպես բարձրակարգ սպասարկման երկիր դիրքավորելու համար:

.jpeg)

.jpeg)