image

Սիրիահայ երեխաները Երևանում կրկին 100 ԱՄՆ դոլարին համարժեք տեղական նվերներ ստացան

Սիրիահայ երեխաները Երևանում կրկին 100 ԱՄՆ դոլարին համարժեք տեղական նվերներ ստացան

Ըստ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի  2016թ-ի հունիսի 30-ի պաշտոնական տվյալների՝ Հայաստանում բնակություն է հաստատել շուրջ 14.633 սիրիահայ փախստական, որոնց թվաքանակը, բնականաբար, գնալով ավելանում է: Նրանք ունեն բազմաթիվ ու տարաբնույթ  մտահոգություններ. գերակա խնդիրներից են, օրինակ,  նոր միջավայրին ինտեգրվելը, կեցության գոնե տարրական պայմանների ապահովումը: Նշված խնդիրները այսօր այս կամ այն չափով լուծում են ստանում տարբեր հասարակական կազմակերպությունների ակտիվ գործունեության շնորհիվ, որոնցից է  «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական կազմակերպությունը: Արդեն երկրորդ անգամ, «One Armenia» կազմակերպության անմիջական նախաձեռնությամբ եւ ֆինանանսավորմամբ՝ այսօր կազմակերպել էր միջոցառում՝ սիրիահայ շուրջ 100 փոքրիկների համար: «Արեւելք»-ի թղթակիցը «ՀԱԼԷՊ» կազմակերպության այսօրվա ձեռնարկից տեղեկացնում է, որ միջոցառման ավարտին սիրիահայ երեխաներին բաժանվեցին նվերներ, որոնցից յուրաքանչյուրը 100 ԱՄՆ դոլարին համարժեք արժողությամբ փաթեթներ էին։ Բոլոր նվերները բացառապես հայկական արտադրության էին. նախապատվություն էր տրված հատկապես սիրիահայերի կողմից արտադրվող ապրանքատեսակներին:

«Հայկական արտադրության ապրանքատեսակների ընտրությունը ռազմավարական կարեւոր նշանակություն ունի, որի միջոցով փորձում ենք աջակցել տեղացի, այդ թվում՝ սիրիահայ արտադրողներին»,- «Արեւելք»-ի հետ զրույցում պարզաբանեց «One Armenia» կազմակերպության ներկայացուցիչը:

Ինչպես տեղեկացանք «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական կազմակերպության տնօրեն Անի Պալխյանից, մոտ ապագայում նմանատիպ ծրագրեր են սպասվում նաեւ այլ կազամակերպությունների հետ համատեղ: Մասնավորապես մշակվում են սիրիահայ փոքրիկների ամառային հանգստի կազմակերպման  ծրագրեր:

Հիշեցնենք, որ 2016թ-ի դեկտեմբերի 28-ին եւս «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական կազմակերպությունը եւ «One Armenia»-ն կազմակերպել էին Ամանորի բարեգործական միջոցառում, որի շրջանակներում շուրջ 200 սիրիահայ երեխաների բաժանվեցին նվերներ:

 

Տաթևիկ Մուրադյան