image

Հրանուշ Հակոբյան. «Գտնում եմ, որ Խորհրդային Միության փլուզումից հետո շատ բաներ միանգամից կորցրեցինք»

Հրանուշ Հակոբյան. «Գտնում եմ, որ Խորհրդային Միության փլուզումից հետո շատ բաներ միանգամից կորցրեցինք»

Հայաստանում նշվել է ուսանողական շինջոկատների հիմնադրման 50-ամյակը: Պարզվում է` այդ կառույցը դեռ գոյություն ունի Հայաստանում:  Տեղի է ունեցել հանդիսավոր նիստ, որի բացումը կատարել է խորհրդային տարիներին Հայաստանում ուսանողական ջոկատների կազմավորմանը մասնակցած ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Այդ մասին նա նույնիսկ հարցազրույց է տվել «Ավանգարթ» թերթին` կարոտով հիշելով անցյալը:1983-90թթ. Սփյուռքի նախարարը եղել է Ուսանողական ջոկատների հանրապետական շտաբի համակարգողը:   Խոսելով շինջոկատների մասին` Հրանուշ Հակոբյանն ասել է.   

 

«Դրանք կոչվում էին աշխատանքային կոփվածքի առաջին դասեր: Ամեն ինչ տրվում էր սովորողներին անվճար` դպրոցից համալսարան: Եվ, որպեսզի այդ ուսանողները չմեծանային ջերմոցային բույսի նման կամ զուտ սպառողի հոգեբանությամբ, ստեղծվեցին ուսանողական շինջոկատները: Ինչու չէ, այն անծայրածիր երկիրը նաև աշխատուժի պակաս ուներ, հատկապես Սիբիրում, Հեռավոր Արևելքում: Այս կամ այն կարևոր կառույցը հայտարարում էին Կոմերիտական երիտասարդական, եւ երիտասարդության ուժերով կյանքի կոչում դրանք: Հիշենք, օրինակ, ԲԱՄ-ը: Ուսանողական ջոկատների ճամփով անցած երիտասարդները լավ թրծվում էին, աշխատանքի նկատմամբ վերաբերմունք էր դրսևորվում, իրենք տեսնում էին իրենց աշխատանքի արդյունքը: Տղաները հիմնականում շինհրապարակներում էին աշխատում, իսկ աղջիկները` պահածոյի գործարաններում: Քանի որ միրգը, բանջարեղենը շատ առատ էր, աշնանը աշխատուժը չէր բավարարում` ուսանող աղջիկները մեկնում էին` պահածոյի հումքի պահեստավորման աշխատանքներին օգնելու: Գտնում եմ, որ Խորհրդային Միության փլուզումից հետո շատ բաներ միանգամից կորցրեցինք: Բայց, ի պատիվ Ստեփան Ստեփանյանի, այս աշխատանքային դաստիարակության կարևորագույն օղակը պահպանվեց և շարունակում է գործել` արդեն նոր ուղղվածությամբ: Սկզբնական շրջանում տեղյակ չէի, որ այն պահպանվել է, բայց, երբ իմացա, ուրախացա, որովհետև, ի վերջո անկախ Հայաստանի երիտասարդությունը նույնպես պետք է որոշակի ներդրում կատարի իր հայրենիքի զարգացման գործում: Եվ փաստորեն վերջին 24 տարիներին նույնպես մեր երիտասարդության համար ՈՒՇՋ-ն դարձել է աշխատանքային դարբնոց: Անչափ հաճելի է, որ ուսանողական ջոկատների 50-ամյա պատմություն ունեցող գործուն կառույցը որոշել է նշել իր հոբելյանը:

Շատերին եմ հանդիպել, ովքեր ոգեւորված մասնակցում են նախապատրաստական աշխատանքներին: Սա առիթ է` եւս մեկ հայացք նետելու իրենց անցած ճանապարհին, մի պահ վերադառնալու դեպի իրենց երիտասարդության ակունքները:

Չմոռանանք ամենակարեւորը. այդ ջոկատներում բոլորը ձեռք էին բերում մտերիմներ, բարեկամներ, ընկերանում էին նաեւ օտարների հետ: Յուրօրինակ ընտանեկան, աշխատանքային կենտրոն էր ուսանողական ջոկատը: Եվ այդ ավանդույթը այսօր էլ շարունակվում է»: