ԳԼԵՆԴԵԼ- Գլենդելի ոստիկանական դեպարտամենտում տեղի է ունեցել երդմնակալության հանդիսավոր արարողություն, որի ընթացքում հայազգի Ռոբերտ Ուիլյամը պաշտոնապես ստանձնել է Գլենդելի 21-րդ ոստիկանապետի պաշտոնը:
Միջոցառմանը ներկա են եղել նրա ընտանիքի անդամները, գործընկերները և համայնքի ներկայացուցիչները:
Ռոբերտ Ուիլյամի ծառայությունը Գլենդելի ոստիկանական դեպարտամենտում ունի ավելի քան երկու տասնամյակի պատմություն։ Նա իր ուղին ոստիկանությունում սկսել է որպես ուսանող-կամավոր և կադետ, 2003 թ.-ին երդվել է որպես ոստիկանության սպա։
Տարիների ընթացքում Ռոբերտ Ուիլյամը զբաղեցրել է պատասխանատու տարբեր պաշտոններ՝ բարձրանալով ծառայողական աստիճաններով (այդ թվում հասնելով փոխոստիկանապետի պաշտոնի)։
2025 թ. դեկտեմբերին նա նշանակվել էր ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար, 2026 թ. հունիսին պաշտոնապես ընտրվել է ոստիկանապետ։
Ավելի վաղ Ուիլյամը նշել է, որ հայկական ինքնությունը մշտապես կարևոր դեր է ունեցել իր կյանքում, թեպետ ինքը հայկական ազգանուն չունի․ «Հայրս ասորի և հայ է, մայրս՝ հայ։ Մեր տանը մենք միայն հայերեն ենք խոսել»,- ասել է նորանշանակ ոստիկանապետը։
Գլենդելի ոստիկանական դեպարտամենտի պաշտոնական հաղորդագրության մեջ ընդգծվում է.
«Լինելով Գլենդելի ծնունդով բնակիչ և խոր արմատներ ունենալով մեր համայնքում՝ Ռոբերտ Ուիլյամի պաշտոնակալությունը նոր էջ է բացում դեպարտամենտի պատմության մեջ»։