image

Բեթղեհեմի Կաթի քարայրը

Բեթղեհեմի Կաթի քարայրը

Աշխարհի քրիստոնյաների համար սուրբ քաղաքներից համարվող Հիսուսի ծննդավայր Բեթղեհեմում, բացի գլխավոր սրբավայր Սուրբ ծննդյան տաճարից, ուխտավորներն այցելում են հայտնի Կաթի քարայր, որը կաթոլիկ եկեղեցի է:

Ավանդությունը պատմում է, որ երբ Հերովդես արքան հրամայում է սպանել մինչև 2 տարեկան բոլոր երեխաներին, Սուրբ Մարիամն ու Հովսեփը Հիսուսի հետ հեռանում են Եգիպտոս։ Ճանապարհին Մանուկ Հիսուսը կաթ է ուզում և Մարիամը մտնում է մոտակա քարայր՝ կրծքով կերակրելու Հիսուսին։ Այդ ժամանակ կաթի մի կաթիլ ընկնում է գետին և քարայրը սպիտակում ու սկսում է պտղաբերություն շնորհել։

Կաթի քարայրի կաթոլիկ հոգևորականները նշում են, որ Սուրբ երկիր ուխտի եկած բազմաթիվ կանայք, որոնք չեն կարողացել մայրանալ, Կաթի քարայրի փոշին տանելով այն ջրի կամ կաթի հետ խառնելով խմել են, որից հետո Աստծո օրհնությամբ բալիկներ են ունեցել։

Կաթի քարայրում բացի Աստվածածնի, Հիսուսի ու Հովսեփի քանդակներից, գտնվում է նաև Հիսուսին կաթ տվող Աստվածածնի «Ստնտու» սրբապատկերը: