image

Հրանտ Դինք. Կյանքիդ գույնը պայքարն է, պայքարիդ գույնը ՝ անմահությունը...

Հրանտ Դինք. Կյանքիդ գույնը պայքարն է, պայքարիդ գույնը ՝ անմահությունը...
Հոդվածի մրցույթ «Հրանտ Դինք. նահատակության 10-րդ տարին» 

 

 

 

Ստամբուլի  «Ակոս»  երկլեզու ամսաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինք. բացառիկ մտավորական, երկու ինքնության և երկու գիտակցության կրող՝ ծնված 1954թ-ին՝ Թուրքիայի Մալաթիա քաղաքում: Ստամբուլի համալսարանի կենսաբանություն և փիլիսոփայություն բաժիններում բարձրագույն կրթություն ստանալուց հետո անցել է զինվորական ծառայության և հետագայում աշխատել որպես լրագրող: Հրանտն իր երակներում վառ է պահել հայկականության այն կենդանի ավիշը, որը հետագա ամբողջ գործունեության ընթացքում նրան թուրք առաջադեմ մտավորական պահելուց զատ միաժամանակ արժանապատիվ հայ լինելու ֆենոմենը դարձրեց: Լինելով թուրքահայության խոսափողը՝ նա բազմիցս տարբեր հարթակներից դեմ է արտահայտվել թուրքական պետական գաղափարախոսությանը՝ կապված հայոց ցեղասպանության, ազգային փոքրամասնությունների իրավունքների, խոսքի ազատության և հատկապես հայ և թուրք ժողովուրդների միջև քաղաքակիրթ երկխոսության վերաբերյալ, ինչի արդյունքում բազմիցս հալածվել է, իսկ 2005 թ. դատապարտվել 6-ամսյա պայմանական բանտարկության։ Լրագրողական գործունեության ընթացքում Նրա «Ակոս»-ն անտարբեր չէր կարող լինել իսլամացած հայերի խնդրին: Կյանքի վերջին տարիներին նա համարձակորեն լուսաբանում էր այսօրինակ թեմաներ, ժամանակ առ ժամանակ հրատարակվում էին հասարակ մարդկանց կյանքի պատմություններ, ովքեր մի ամբողջ գիտակից կյանք ապրել էին որպես թուրք, և հիմա, հանկարծ իրենց անցյալում բացահայտել էին հայկական արմատներ, և Թուրքիայում տիրող ժխտողականությունը՝ ցեղասպանության վերաբերյալ, այլևս միս ու արյուն էր առել ու մի շարք անցանկալի հարցեր էին առաջ եկել, որոնք թուրքական պետության համար տաբու էին: Ժամանակագրական առումով ամեն ինչ շատ պարզ էր. հայերի և մյուս քրիստոնյա ազգերի մասսայական իսլամացումը տեղի էր ունեցել հենց 1915 թվականին՝ ցեղասպանությանը զուգահեռ: Հրանտի մահից հետո, այսօր էլ ծպտյալ հայերի մի հոծ բազմություն իր ազգային պատկանելիության որոնման ճանապարհին է: Թուրքական համալսարանում ուսանած փիլիսոփայությամբ Հրանտը փորձեց հերկել հայ-թուրքական հարաբերությունների հարյուրամյա երկարություն ունեցող քարքարոտ խոպան հողը, և այն դարձնել ցորենի հասուն արտ, ուր վախվորած աղավնիների փոխարեն խաղաղարար արտույտները բույն կհյուսեն, և այն կդառնա հայ և թուրք ժողովուրդների նոր սերնդի համար հաշտարար փրկօղակ: Հայաստանում բնակվող հայերից քանի՞սը գիտեր Հրանտին, այն Հրանտին, որ այդպես էլ տարաբնույթ սպառնալիքներ ստանալով թուրք ազգայնամոլներից, մեկ վայրկյան անգամ չվարանեց իր համամարդկային արժեքների լուսաբանման գործում, այն Հրանտին, որ բարձրաձայն հայտարարում էր, որ ինքն իր պապերի երկրում է ապրում, և ոչ մի իշխանություն իրեն այդ հողից չի կարող վտարել. համոզված եմ՝ քչերը: Բայց Հրանտն ամեն օր և ամեն ժամ իր ընտանիքով և իր աշխատանքով պայքարում էր մեր փոխարեն, մեր նորանկախ պետության փոխարեն և իր կյանքով դարձավ շախմատային մահապարտ նավակ, որ հաջող գրոհի համար ճանապարհ պիտի բացեր: Նրա կենսաբանական մահը 2007 թվականի հունվարի 19-ին էր՝ Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ, ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից: Նրա մահվան փիլիսոփայությունն այն էր թերևս, որ Թուրքիան մեկ  կամ գուցե մի քանի օրով դարձավ ամբողջովին Հրանտ, դարձավ ամբողջովին հայ, մինչդեռ մարդասպանի շուրթերից հնչել էր «գյավուր՚ բառը... Հրանտի մարմինը ծածկող սպիտակ սավանը չծածկեց սակայն նրա կոշիկի ներբանի կարկատանը, որն իր ապրած կյանքի նման ծվատ-ծվատ գամվեց Թուրքիա պետության ճակատին՝ իբրև սուլթանավարության խարան: Կարկատանն այն բազում-բազմաթիվ ժողովրդավար ուղիների որոնումներից հոգնած թափառումների արդյունքն էր, որն ուղղված էր Թուրքիան աշխարհին առավել ընկալելի, առավել մարդասեր և առավել հայանպաստ դարձնելուն:

Հրա՛նտ, խաղաղության նահատակ, բոլորս հայ ենք, այո, բայց որքանո՞վ կարողացանք քո մահից հետո բոլորս Հրանտ դառնալ...

Հրա՛նտ՝ 1915 թվականի ցեղասպանող Թուրքիայի 1,500,000 հայ նահատակներին իր կյանքով միացած այն Մեկը, որ ցեղասպանվեց 21-րդ դարի «աշխարհիկ» և «առաջադեմ» Թուրքիայում: Կյանքիդ գույնը պայքարն էր, պայքարիդ գույնը ՝ անմահությունը...

 

 

Անի Աբգարյան. Իրավաբան