image

Ըստ «Լոյս» հիմնադրամին Հայաստանի մէջ գնաճը արագօրէն կը բարձրանայ

Ըստ «Լոյս» հիմնադրամին Հայաստանի մէջ գնաճը  արագօրէն կը բարձրանայ

«ԼՈՅՍ» հիմնադրամը վերլուծած է ՀՀ տնտեսութեան ընկերային-տնտեսական զարգացումները 2026 թուականի յունուար-փետրուար ամիսներուն։

«Այսպէս.

  • 2026թ. բարձր տնտեսական աճի տեմպը պահպանւում է՝ հիմնականում պայմանաւորուած հանքարդիւնաբերութեան աճով։ Ընթացիկ տարին սկսուել է համեմատաբար բարձր տնտեսական ակտիւութեան ցուցանիշով, որի տեմպը փոքր-ինչ դանդաղել է փետրուարին: Փետրուար ամսին ՀՀ տնտեսական ակտիւութեան ցուցանիշը (ՏԱՑ-ը) կազմել է 7,2%՝ 0.4 տոկոսային կէտով դանդաղելով յունուարի նկատմամբ: Յունուար-փետրուար ամիսների ՏԱՑ-ը կազմել է 7,4%, որին ամենամեծ դրական նպաստում է ունեցել արդիւնաբերութեան ոլորտը, որն էլ իր հերթին պայմանաւորուած է եղել հիմնականում հանքարդիւնաբերութեան աճով: ՏԱՑ-ին դրական նպաստում են ունեցել նաեւ ծառայութիւնների, առեւտրի եւ շինարարութեան ոլորտները:
  • Արտահանման եւ ներմուծման ցուցանիշները վերականգնուել են։ Յունուարին արձանագրուած անկումից յետոյ, փետրուարին թէ՛ արտահանման, թէ՛ ներմուծման ծաւալները կտրուկ վերականգնուել են՝ աճելով համապատասխանաբար 37,6% եւ 26,9%-ով։ Թէեւ փետրուարի արտաքին առեւտրի կառուցուածքային տուեալները դեռեւս չեն հրապարակուել, յունուարի ցուցանիշների վերլուծութիւնը թոյլ է տալիս ենթադրել, որ արտահանման աճը հիմնականում պայմանաւորուած է հանքարդիւնաբերական արտադրանքի արտահանման ակտիւացմամբ։ 
  • Պետական բիւջէի եկամուտները եւ ծախսերը աճում են, սակայն կապիտալ ծախսերը՝ նուազում։ 2026թ. յունուար-փետրուար ամիսներին պետական բիւջէի ինչպէս եկամուտները, այնպէս էլ ծախսերը աճել են։ Միաժամանակ, կապիտալ ծախսերը զգալիօրէն նուազել են՝ 58,8%-ով։ Կապիտալ ծախսերի նման կտրուկ անկումը մտահոգիչ է՝ հաշուի առնելով դրանց կարեւորութիւնը երկարաժամկէտ տնտեսական աճի եւ ենթակառուցուածքային զարգացման համար։
  • Գնաճի տեմպը սկսել է արագանալ։ Գնաճի տեմպը 2026թ. փետրուարին կազմել է 4,3%՝ յունուարի համեմատ արագանալով 0,5 տոկոսային կէտով: Այդ պայմաններում, սակայն, կեդրոնական բանկը մարտ ամսուայ ընթացքում չի վերանայել վերաֆինանսաւորման տոկոսադրոյքը՝ պահպանելով այն 6,5%-ի մակարդակում»:

Վերլուծութիւնն ամբողջութեամբ հասանելի է հետեւեալ յղումով` https://shorturl.at/Zc8az ։