image

ՀՀ նախագահը ծանոթացել է նաև հայրենադարձության աջակցման շինարարական ծրագրին

ՀՀ նախագահը ծանոթացել է նաև հայրենադարձության աջակցման շինարարական  ծրագրին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել «Նոր հեռանկարներ սիրիահայերի համար» ցուցահանդեսի բացման արարողությանը, որն անցկացվում է «Տնտեսական հնարավորությունների շաբաթ» բիզնես համաժողովի շրջանակներում: Ցուցահանդեսին մասնակցում են սիրիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված և գործարարությամբ զբաղվող սիրիահայերի յոթանասունից ավելի ընկերություններ ու անհատ ձեռնարկատերեր: Հանրապետության նախագահը ծանոթացել է տարբեր ոլորտներում բիզնես գործունեություն ծավալած սիրիահայերի աշխատանքի արդյունքին: 

Ինչպես «Արևելքին» տեղեկացնում են ցուցահանդեսին մասնակցած «Եռանավ» ընկերությունից, հանրապետության նախագահը բարձր է գնահատել ընկերության կատարած աշխատանքը, որ հայրենադարձությունը խթանելու նպատակով Հայաստանում իրականացվող մեծածավալ շինարարական ծրագիր է:  

«Եռանավ» շինարարական և հայրենադարձության ընկերությունը «Իմ տունը հայրենիքում» կարգախոսով բնակշինարարական ծրագիր է իրականացնում Հայաստան վերադարձող սփյուռքահայ ընտանիքների համար: Կառուցվող բնակարանները մատչելի գներով և նպաստավոր պայմաններով վաճառվում են հայրենիքում իրենց բնակարանը ունենալ ցանկացող սփյուռքահայերին: Երևանի Դավթաշեն համայնքում արդեն կառուցվել է նորագույն հարմարություններով բարձրահարկ շենք, որի բոլոր բնակիչները Սիրիայից Հայաստան տեղափոխված հայեր են: Շենքի հարևանությամբ «Եռանավը» սկսել է երկրորդ բնակարանային համալիրի կառուցումը: 

 

www.facebook.com/Homehomeland