Ֆրանսահայ ճանաչված երգիչ, կոմպոզիտոր և Եվրոպայում լավագույն հայ փոփ երգիչ ճանաչված Մարթեն Յորգանցը տոնել է իր ծննդյան 80-ամյա հոբելյանը։
Տասնամյակներ շարունակ հայ և օտարազգի հանդիսատեսի սրտերը գրաված արտիստը ծնվել է 1946 թվականի հունիսի 24-ին՝ Ստամբուլում։ Ուսանել է տեղի Մխիթարյան վարժարանում, սակայն սերը երգարվեստի հանդեպ այնքան մեծ էր, որ հանուն երաժշտական կարիերայի կիսատ է թողել ուսումը և արդեն 1965 թվականից սկսել է հանդես գալ ելույթներով։
Մարթեն Յորգանցի կյանքում շրջադարձային էր 1973 թվականը, երբ նա մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի հրավերով առաջին անգամ այցելել է Հայաստան։ Հենց Բաբաջանյանն էլ հեղինակեց Յորգանցի հայկական երգացանկի առաջին ստեղծագործությունները։ Հետագայում երգիչն ինքն է սկսել գրել իր երգերը՝ թողարկելով 20-ից ավելի ձայնասկավառակ, որոնց թվում են «Յորգանցը երեխաների համար», «Հայաստան 2006» և «Լավագույնը» ալբոմները։
Նրա երգացանկում ուրույն տեղ ունեն հայկական սիրված հիթերը, ինչպիսիք են «Հայի աչքեր», «Սիրում եմ քեզ» և «Գարուն ես միշտ, Երևան» ստեղծագործությունները։
Յորգանցը հայտնի է նաև իտալական ու ֆրանսիական երգերի կատարումներով։ Նրա արվեստի առանձնահատուկ էջերից է մանկական երգարվեստը, նա ավելի քան 30 մանկական երգերի հեղինակ է, որոնցից են «Այբ, բեն, գիմ» ու «Ճկույթիկ» սիրված գործերը։ Այս երգերն աչքի են ընկնում ինքնատիպ թեմաներով ու բանաստեղծական մեղեդայնությամբ։
Ապրելով և ստեղծագործելով Ֆրանսիայում՝ Յորգանցը հասցրել է նվաճել աշխարհի ամենահեղինակավոր բեմերը։ 1977 թվականին նա մենահամերգով հանդես է եկել Փարիզի հռչակավոր «Օլիմպիա» համերգասրահում, իսկ 1978-ին «Մոր» նվագախմբի հետ ելույթ է ունեցել Մոնրեալում։
Արտիստը միշտ սերտորեն կապված է եղել հայրենիքին ու Արցախին, մենահամերգներով հանդես է եկել Երևանում, Գյումրիում, Ստեփանակերտում, Շուշիում ու Մարտակերտում։
Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո Յորգանցն իր ակտիվ աջակցությունն է բերել հայրենակիցներին՝ հանդես գալով «100 երգ հայ երեխաների համար» հատուկ նախագծով։
Երաժշտական գործունեությանը զուգահեռ Յորգանցը զբաղվել է նաև ռեստորանային բիզնեսով։ 1976 թվականին Ֆրանսիայի Ալֆորվիլլ քաղաքում նա բացել է «Cappadocia» ռեստորանը, իսկ 1980-ին երկրորդ ռեստորանն է հիմնել Փարիզի կենտրոնում՝ Սուրբ Գևորգ փողոցում, որտեղ երկար տարիներ ինքն անձամբ հաճախ ելույթներ է ունեցել հյուրերի համար։
Մարթեն Յորգանցի թողած հարուստ երաժշտական ժառանգությունը շարունակում է սիրված ու արդիական մնալ հայկական էստրադայում՝ դաստիարակելով նաև հայ մանուկների նորանոր սերունդներ։