image

Հարութ Սասունյանը՝ «Ավրորա»-ի ծախսերի մասին. Արդարացվա՞ծ են քննադատությունները

Հարութ Սասունյանը՝ «Ավրորա»-ի ծախսերի մասին. Արդարացվա՞ծ են քննադատությունները

Երեկ տեղի ունեցավ «Ավրորա» 2018թ մրցանակաբաշխությունը, երրորդ դափնեկիր ճանաչվեց իրավաբան եւ ակտիվիստ Չո ԼաԱունը՝ այն նվիրումի համար, որով նա պայքարել է մյանմացի ռոհինջա ժողովրդի հավասարության, կրթության եւ մարդու իրավունքների համար:

Հայոց Ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն այն մարդկանց, ովքեր բացառիկ դեր են ունեցել մարդկային ճակատագրեր փրկելու գործում, ամեն տարի շնորհվում է «Ավրորա»մրցանակ: Նախաձեռնություն, որն սկիզբ առավ 2015 թ-ին աշխարհահռչակ երեք հայերի՝ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի ջանքերով:

 

«Ավրորա»-ի դափնեկիրները, որպես կանոն, ստանում են 100 հզր դոլարի պարգև, ևս 1 մլն դոլար հատկացվում է՝ թույլ տալով շարունակել նվիրատվության շղթան: Արդյո՞ք Հայաստանը չափազանց թանկ չի վճարում մարդասիրական նման ձեռնարկի համար, որը, անկախ ծավալներից, միանշանակ չի ընդունվում հասարակության որոշ խավերի կողմից:

Ամերիկահայ հասարակական գործիչ, գրող, «Կալիֆորնիա Կուրիեր»(The California Courier) թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը կարծում է, որ ոչ: «Արևելք»-ի հետ զրույցում նա դեմ է արտահայտվել այն քննադատություններին, որոնք հնչում են «Ավրորա»-ի ֆինանսական ծախսերի շուրջ:

 

«Էս նմանում է խոսակցության, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարը կառուցվում էր, կարծեմ 15 մլն դոլար հատկացվեց, մարդիկ ասում էին, որ ավելի լավ չէ՞ր, որ գումարը հատկացվեր մարդասիրական ծրագրերի, քան թե եկեղեցու: Բայց այդ մարդիկ, որ փողը տվեցին, իրենք նաև փող տալիս էին շատ մարդասիրական ծրագրերի, և սա միակը չէր»,-ասում է Սասունյանը:

 

Նախաձեռնությունը ֆինանսավորող անձինք իրականացնում են բազմաթիվ այլ ծրագրեր արդեն Հայաստանի համար, հետևաբար այս միջոցների նման ծախսն էլ արդարացված է, համոզված է մեր զրուցակիցը: Բացի դրանից, գումարն իրենց անձնական վաստակն է: «Ամեն մարդ ինքը պետք է որոշի, թե ինչպես ծախսի այդ փողը: Ուրիշ մարդիկ կարող են կարծիք հայտնել, բայց երկրորդական է, իրենք են որոշում՝ ոնց ծախսեն իրենց փողը»,-ասում է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի խմբագիրը:

Նախաձեռնության գաղափարն ու Հայոց Ցեղասպանության հարցի շուրջ նման մակարդակի բարձրաձայնումն, ըստ նրա,  արդարացնում են ծախսերը: Նախաձեռնությունը դրական տպավորություն է թողնում, գաղափարը կարևորում է Սասունյանը՝ ասելով. «Մրցանակի նախաձեռնողներն ասում են, որ քանի որ Ցեղասպանության ընթացքին շատերը մեզ օգնել են, մենք էլ հիմա այդ օգնությունը վերադարձնում ենք ուրիշներին օգնելով»:

Վստահ է, որ սա նպաստում է Հայոց Ցեղասպանության հարցի արծարծմանն ավելի մեծ մասշտաբներով, իսկ միջոցառումը, որն անցկացվում է Հայաստանում, բերում է նաև այլ օգուտներ: Մանրամասնում է.

«Բավական աշխատանքներ են տարել կազմակերպիչները, որպեսզի այս նախաձեռնության մասին միջազգային մամուլում տարածվի, մարդիկ լսեն: Տարբեր երկրներից մարդիկ այցելում են Հայաստան, Ցեղասպանության հուշարձան-թանգարան, հիշարժան վայրեր, տեղեկանում են Հայաստանի մասին, և երբ վերադառնում են, խոսում են Հայաստանի մասին իրենց երկրներում, գրվում է, թե իրենք Հայաստան գնացին, մրցանակ շահեցին»:

«Մանավանդ որ այս ծրագրի ժյուրիի անդամները, ղեկավարությունը աշխարհահռչակ մարդիկ են, զանազան երկրների դատավորներ, նախագահներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, և այդ մարդիկ նաև զբաղվում են այս ծրագրով, որոշումներ են առնում, Հայաստան են գալիս, ելույթներ են ունենում, այդ մարդոց գործունեությունը և հայտարարությունները աշխարհով մեկ տարածվում են միջազգային մամուլով, դա շատ դրական է ոչ հայկական շրջանակների համար»,-ասում է ամերիկահայ գործիչը: