Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր օրվա երկրորդ կեսին հեռախոսազրույցներ է ունեցել Պոլսո Հայոց պատրիարք արք. Սահակ Մաշալյանի և Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցի հոգաբարձության ատենապետ Պետրոս Շիրինօղլուի հետ։ Ինչպես «Արեւելքին» հայտնում են Պոլսո «Ժամանակ» օրաթերթից, Թուրքիայի նախագահը պատրիարքի հետ զրույցում առաջարկել է թուրքական կառավարության աջակցությունը Հայաստանին, մասնավորապես կորոնավիրուսի դեմ պայքարում Թուրքիան պատրաստ է դեղորայք տրամադրել Հայաստանին:
Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև կորոնավիրուսի պատճառով Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադառնալու խնդրին՝ նշելով, որ այդ հարցում դյուրացումներ են մտցվել։ Հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Պատրիարք հորը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի «Մենք մեզ բավարար ենք» շարժմանը հայ համայնքի մասնակցության համար:
Պետրոս Շիրինօղլուի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահն անդրադարձել է Սուրբ Փրկիչ հիվանդանոցին կառավարության հատկացված միջոցներին՝ նկատի ունենալով, որ Սուրբ Փրկիչն ընտրվել է իբրև կորոնավիրուսի դեմ պայքարի հիվանդանոցներից մեկը՝ Ստամբուլում: