image

Տ. Խաժակ արք. ձեռամբ Սուրբ Պատարագ մատուցվեց Բարսելոնայում

Տ. Խաժակ արք. ձեռամբ Սուրբ Պատարագ մատուցվեց Բարսելոնայում

Հոկտեմբերի 3-ին, Բարսելոնա քաղաքում գտնվող Պեդրալբեսի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում` ձեռամբ Արևմտյան եվրոպայի հայրապետական պատվիրակ` Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանի  մատուցվեց Սուրբ Պատարագ:

Սրբազան հայրն իր քարոզում նախ հայ հավատացյալներին բացատրեց սուրբ խաչի խորհուրդն ասելով` խաչը սիրո, նվիրումի, զոհաբերության և հաղթանակի խորհրդանիշ է, այնուհետև հիշեցրեց տեղի հայությանը, որ մեզանից յուրաքանչյուրն ունի առաքելություն, հատկապես օտարության մեջ և այդ առաքելությունն հաջողությամբ իրականություն կդառնա միայն այն ժամանակ, երբ այն ընկալենք խաչի խորհրդի միջոցով:

Սուրբ Պատարագին իր պատվավոր մասնակցությունն էր  բերում նաև Ռումինիայի և Բուլղարիայի  հայոց թեմի առաջնորդ` Գերաշնորհ Տեր Տաթև Եպիսկոպոս Հակոբյանը: Ներկա էր նաև Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան հարգարժան պարոն Վլադիմիր Կարմիրշալյանը և տարբեր համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

Հավարտ Սուրբ Պատարագի ձեռամբ Սրբազան Հայրերի կատարվեց սրբապատկերների օծման արարողություն:

Այնուհետև Սրբազան հայրերի առաջնորդությամբ, ներկա հավատացյալ հայորդիներն ուղղորդվեցին դեպի վերոնշյալ եկեղեցու բակում տեղադրված խաչքարը, որը կանգնեցվել էր ի հիշատակ հայոց ցեղասպանության սուրբ նահատակների` կատարելու  համար խաչքարի օրհնության կարգ:

Սրբապատկերներն ու  Խաչքարը կանգնեցվել են` բարերարությամբ բարսելոնաբնակ Մայիլյան ընտանիքի` ի մասնավորի Արման Մայիլիյանի: