Հայաստանում արհեստական բանականության և տեխնոլոգիաների ոլորտում հաստատված ներդրումային ծրագրերի արդյունքում էլեկտրաէներգիայի ներքին սպառումն այնքան կաճի, որ առանց նոր և մեծ հզորությունների ստեղծման երկիրը կկորցնի էներգիա արտահանելու ռեսուրսը: Այս մասին Հայաստան-Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք այսօր արձանագրում ենք, որ մենք արդեն հաստատված ներդրումային ծրագրերի շրջանակներում արդեն մոտենում ենք այն շեմին, որ առանց լրացուցիչ և մեծ էլեկտրաէներգիայի արտադրության հզորություններ ստեղծելու, մենք էլեկտրական էներգիայի արտահանման մասին մտածելու հնարավորություն չենք ունենա»,- ընդգծել է կառավարության ղեկավարը։
Վարչապետը հիշեցրել է, որ ընդամենը մեկուկես տարի առաջ Հայաստանն իրեն դիրքավորում էր որպես էլեկտրաէներգիայի ավելցուկ ունեցող և արտահանման շուկաներ փնտրող երկիր: Սպառման ծավալների աննախադեպ աճին ընդառաջ՝ կառավարությունը նախատեսում է առաջիկա հինգ տարիներին ինստիտուցիոնալ առումով մեծացնել վերականգնվող էներգետիկայի հուսալիությունը՝ «արևային և հնարավոր քամու կայաններին ավելացնելով նաև կուտակման կայաններ»:
Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ Փաշինյանն արձանագրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացով պայմանավորված՝ տարածաշրջանը գտնվում է տրանսֆորմացիայի փուլում։
«Մենք հիմա ամենօրյա ռեժիմով ըստ էության աշխատում ենք TRIPP նախագծի իրագործման մեկնարկը գետնի վրա տալու ուղղությամբ, որը միանշանակ և աներկբա ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև տարածաշրջանի ողջ տնտեսական միջավայրը փոխելու, անկյունաքար է լինելու»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ դա արդեն իսկ նպաստում է երկրի ներդրումային գրավչության աճին:
Վարչապետի խոսքով՝ TRIPP նախագծի զարգացումներին զուգահեռ, առաջիկայում սպասվում է Հայաստան-Թուրքիա սահմանի բացում, երկաթուղային հաղորդակցության վերականգնում Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ինչպես նաև Պարսից ծոցը Սև ծովին կապող երկաթուղային կապի հաստատում։ Վարչապետը հստակեցրել է, որ այս կոմունիկացիաները, ներառյալ նոր գազամուղերի, նավթամուղերի, էլեկտրահաղորդման գծերի և հաղորդակցության մալուխների կառուցման քննարկումները, հանդիսանում են կառավարության հաստատած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի բաղկացուցիչ մասը:
Ներկայացնելով մակրոտնտեսական ցուցանիշները՝ գործադիրի ղեկավարը փաստել է, որ նախորդ հինգ տարիներին նպատակադրված 7 տոկոսի փոխարեն գրանցվել է միջինը 7,9 տոկոս տնտեսական աճ։ Նրա խոսքով՝ 2018 թվականի համեմատությամբ Հայաստանի համախառն ներքին արդյունքը 2025 թվականի դրությամբ աճել է շուրջ 53 տոկոսով՝ հաշվի առնելով նաև համավարակի անկումային տարին։ Առաջիկա հինգ տարիների համար կառավարությունը նախատեսում է ապահովել միջինը տարեկան 6 տոկոս տնտեսական աճ։
Փաշինյանը համաժողովը որակել է որպես մայիսին ստորագրված Հայաստան-Միացյալ Թագավորություն ռազմավարական գործընկերության հուշագրին հաջորդող տրամաբանական քայլ, որի նպատակն է քաղաքական պայմանավորվածությունները լցնել իրական կյանքով։
«Կառավարության կամ կառավարությունների ասելիքը և անելիքն ավելի ցածրաձայն է դառնում և մենք հրապարակը և հարթակը հաճույքով տրամադրում ենք մասնավոր հատվածին, որպեսզի նրանք տեսնելով պրոցեսները, ունենալով կառավարության հաստատումը և հավաստիացումները, նաև կարողանան այս օրվանից պլանավորել իրենց առաջիկա անելիքները»,- նշել է վարչապետը՝ հույս հայտնելով, որ քննարկումները կվերածվեն կոնկրետ պայմանագրերի: