«Արեւելք»-ը շարունակում է ներկայացնել 20-րդ դարի հայ գրականության մեջ իր ուրույն տեղն ունեցող գրող, հրապարակախոս, թարգմանիչ (1924-2010) Ստեփան Ալաջաջյանի հրապարակախոսությունը: Ինչպես նրա մասին մեր նախորդ հրապարակման մեջ ենք նշել՝ ստեղծագործելով հիմնականում 20-րդ դարում՝ գրողն իր արձակում եւ հրապարակախոսական գրություններում արծարծել է համամարդկային հարցեր, որոնք արդիական են բոլոր ժամանակներում: Այսօր էլ Ստեփան Ալաջաջյանի հոդվածներն ընթերցվում են նույն ոգով եւ թարմությամբ, ինչպես ժամանակին, երբ դրանք գրվել, հրապարակվել են մամուլի էջերում կամ հնչել տարբեր հարթակներից: 1958 թվականին «Գրական թերթ»-ում լույս է տեսել գրողի «Հեռո՛ւ Լիբանանից» հոդվածը, որում նա իր մտահոգությունն է հայտնել Լիբանանը ներսից եւ դրսից պաշարած աներեւույթ ուժերի գործողությունների առթիվ: Հոդվածը լույս է տեսել Լիբանանի քաղաքացիական պատերազմից առաջ: Գրողը կարծես զգում էր, որ լիբանանցին կարծես միշտ պայքարի մեջ պիտի լինի՝ իր հողի տերը դառնալու, իր անկախությունը վայելելու համար: Գրողները մարգարեների են նման: Նրանք իրենց հոգու աչքերով միշտ տեսնում են հեռուն եւ իրենց սրտի զգայուն թելերով կանխազգում են գալիքը: Պատերազմի ավարտից հետո, մի որոշ ժամանակ, թվում էր, թե Լիբանանը վերագտել է իր խաղաղ ապրելու ընթացքը, սակայն այսօր նորից Միջերկրականի ափին ծվարած հրաշալի այդ երկիրն ընկղմված է խոր անորոշության եւ տագնապների մեջ, եւ Ստեփան Ալաջաջյանի այս հոդվածում արտահայտված մտքերն ու բնորոշումները լավագույնս են ցույց տալիս այսօրվա Լիբանանի իրական պատկերը:
Ստեփան Ալաջաջյան. «Հեռու Լիբանանից... այլապէս կը խեղդուէք նրա աւազանում»
Լիբանանը մի փոքրիկ զմայլելի հողամաս է Միջերկրականի ափին: Ինչո՞ւ են խաթարում այդ գեղեցկութիւնը. չէ՞ որ մարդը միշտ էլ սիրել է գեղեցիկը, պաշտել եւ սրբութեան պէս պահպանել է այն: Բայց արիւնարբու կապիտալը մարդկային ի՞նչ գիծ ունի իր մէջ, ե՞րբ է ուրախացել բնութեան հմայքով, միշտ էլ կեղեքել է բնութիւնը, ամայացրել, աւերել:
Ինքը՝ լիբանանցին էլ գիտէ այդ, գիտէ, որ դարեր շարունակ իր երկիրը, բնական այս հրաշալիքը, եղել է հարստահարիչների զոհը, եւ միշտ էլ պայքարել է ազատութեան եւ անկախութեան համար: Իր երկրի պատմութիւնը ինքը՝ լիբանանցին, աւելի լաւ գիտէ: Բայց կապիտալիզմը սրբապղծել ու արիւնոտել է նրա պատմութեան էջերը: Դարեր շարունակ բէյրութցին Դամասկոսում զգացել է իր տանը, հալէպցին իր հանգիստը որոնել է Զահլէի, Ալէյի բարձունքներում, Բիքֆայայի եւ Բաալբէքի հովիտներում: Դամասկոսցին ու բէյրութցին, տրիպոլցին եւ հոմսեցին միշտ երգել են նոյն երգը, կերել են միեւնոյն սեղանից եփրատեան դաշտելի հացն ու Սայդայի նարինջները: Սիրել են հարազատ գեղաչեայ արաբուհուն:
Մի՞թէ հերիք չէին օսմանեան շղթաները, որ բանտից բանտ էին քշում պայքարի մարդկանց: Մայիսեան զոհերի յիշատակը դեռ թարմ է մնացել լիբանանցու հոգում: Մի՞թէ հերիք չէր ֆրանսիական գաղութատիրութեան լուծը, որ յափշտակեց ամէն ինչ, սերմանեց անառակութիւն եւ այլասերում: Երկրորդ համաշխարհային պատերազմից յետոյ, անկախութեան եւ ինքնուրոյն կեանքի կարօտով, նրանք ոտքի ելան իրենց երկրի տէրերը դառնալու:
Դուք ուզեցիք փոխարինել սուլթանական եաթաղանին եւ ֆրանսիական կայսերապաշտութեանը: Եւ ահա դո՛ւք, ճիւաղնե՛ր, Դամասկոսը անջատեցիք Բէյրութից, Բլուդանը՝ Բաալբէքից եւ ուզում էք միայնակ մնացած որբի պէս խեղդել նրան եւ նրա դիակի վրայ կառուցել մի հսկայ պլացդարմ՝ Արեւելքից եկող ճառագայթները խափանելու:
Նախ կեղտոտեցիք այդ գեղեցիկ երկրի ընդերքը, կառուցելով մի սեւ կոյուղի, ուր արգահատանքով թափել էք տալիս լիբանանցի արաբի քրտինքը, իսկ հիմա ուզում էք այլանդակել նրա երկինքն ու հողը: Զէնք ու զրահով, Մալեքի նման գործակալներով, որ սնուել են ձեր համալսարանի խաւարամտութեամբ, բռնադատում էք Լիբանանի ազատաբաղձ ժողովրդի կամքն ու աշխատանքը, ականներ էք ցանել այնտեղ, որտեղ ճլմփալով լողանում է լիբանանցի մանուկը. տանկեր էք քշում այն փողոցներով, որտեղ նազանքով անցնում է ուսանողուհին, բազմահազար բլուրների վրայ թառած վանքերի զանգակատները դարձրել էք դիտակետ՝ մարտական, ազատատենչ հերոսների վրայ կրակելու:
Հեռո՛ւ, հեռո՛ւ Լիբանանից:
Չէ՞ որ, պարոն ամերիկացինե՛ր, Խաղաղական եւ Ատլանտեան օվկիանոսների ջրերն աւելի շատ են, քան Միջերկրականի մայրիներով շրջապատուած այս ափի ջրերը, էլ ի՞նչ գործ ունէք այս ջրերում:
Հեռո՛ւ, հեռո՛ւ Լիբանանից, այլապէս կը խեղդուէք Լիբանանի այս փոքրիկ աւազանում:
«Գրական թերթ»
1958թ., 20 Յուլիս