«Արեւելք» կը շարունակէ ներկայացնել 20-րդ դարու հայ գրականութեան մէջ իր ուրոյն տեղն ունեցող գրող, հրապարակախօս, թարգմանիչ (1924-2010) Ստեփան Ալաճաճեանի հրապարակախօսութիւնը: Ինչպէս անոր մասին մեր նախորդ հրապարակման մէջ նշած ենք՝ ստեղծագործելով հիմնականապէս 20-րդ դարուն՝ գրողն իր արձակին եւ հրապարակախօսական գրութիւններուն մէջ արծարծած է համամարդկային հարցեր, որոնք արդիական են բոլոր ժամանակներուն: Այսօր ալ Ստեփան Ալաճաճեանի յօդուածները կ'ընթերցուին նոյն ոգիով եւ թարմութեամբ, ինչպէս այն ժամանակ, երբ անոնք գրուած են ու հրապարակուած մամուլի էջերով կամ հնչած տարբեր հարթակներէ: 1958 թուականին, «Գրական թերթ»-ին մէջ լոյս տեսած է գրողին «Հեռո՛ւ Լիբանանից» յօդուածը, ուր ան իր մտահոգութիւնը յայտնած է Լիբանանը ներսէն եւ դուրսէն պաշարած աներեւոյթ ուժերու գործողութիւններուն առթիւ: Յօդուածը լոյս տեսած է Լիբանանի քաղաքացիական պատերազմէն առաջ: Գրողը կարծես կը զգար, որ լիբանանցին կարծես միշտ պայքարի մէջ պիտի ըլլայ՝ իր հողին տէրը դառնալու, իր անկախութիւնը վայելելու համար: Գրողները մարգարէներու նման են: Անոնք իրենց հոգիի աչքերով միշտ կը տեսնեն հեռուն եւ իրենց սրտի զգայուն թելերով կը կանխազգան գալիքը: Պատերազմի աւարտէն յետոյ, մի որոշ ժամանակ, կը թուէր, թէ Լիբանանը վերագտած է իր խաղաղ ապրելու ընթացքը, սակայն այսօր նորէն Միջերկրականի ափին ծուարած հրաշալի այդ երկիրն ընկղմած է խոր անորոշութեան եւ տագնապներու մէջ, եւ Ստեփան Ալաճաճեանի այս յօդուածին մէջ արտայայտուած միտքերն ու բնորոշումները լաւագոյն ձեւով ցոյց կու տան այսօրուան Լիբանանի իրական պատկերը:
Ստեփան Ալաճաճեան «Հեռո՚ւ մնացէք Լիբանանից... Այլապէս կը խեղդուէք նրա աւազանում»
Լիբանանը մի փոքրիկ զմայլելի հողամաս է Միջերկրականի ափին: Ինչո՞ւ են խաթարում այդ գեղեցկութիւնը. չէ՞ որ մարդը միշտ էլ սիրել է գեղեցիկը, պաշտել եւ սրբութեան պէս պահպանել է այն: Բայց արիւնարբու կապիտալը մարդկային ի՞նչ գիծ ունի իր մէջ, ե՞րբ է ուրախացել բնութեան հմայքով, միշտ էլ կեղեքել է բնութիւնը, ամայացրել, աւերել:
Ինքը՝ լիբանանցին էլ գիտէ այդ, գիտէ, որ դարեր շարունակ իր երկիրը, բնական այս հրաշալիքը, եղել է հարստահարիչների զոհը, եւ միշտ էլ պայքարել է ազատութեան եւ անկախութեան համար: Իր երկրի պատմութիւնը ինքը՝ լիբանանցին, աւելի լաւ գիտէ: Բայց կապիտալիզմը սրբապղծել ու արիւնոտել է նրա պատմութեան էջերը: Դարեր շարունակ բէյրութցին Դամասկոսում զգացել է իր տանը, հալէպցին իր հանգիստը որոնել է Զահլէի, Ալէյի բարձունքներում, Բիքֆայայի եւ Բաալբէքի հովիտներում: Դամասկոսցին ու բէյրութցին, տրիպոլցին եւ հոմսեցին միշտ երգել են նոյն երգը, կերել են միեւնոյն սեղանից եփրատեան դաշտելի հացն ու Սայդայի նարինջները: Սիրել են հարազատ գեղաչեայ արաբուհուն:
Մի՞թէ հերիք չէին օսմանեան շղթաները, որ բանտից բանտ էին քշում պայքարի մարդկանց: Մայիսեան զոհերի յիշատակը դեռ թարմ է մնացել լիբանանցու հոգում: Մի՞թէ հերիք չէր ֆրանսիական գաղութատիրութեան լուծը, որ յափշտակեց ամէն ինչ, սերմանեց անառակութիւն եւ այլասերում: Երկրորդ համաշխարհային պատերազմից յետոյ, անկախութեան եւ ինքնուրոյն կեանքի կարօտով, նրանք ոտքի ելան իրենց երկրի տէրերը դառնալու:
Դուք ուզեցիք փոխարինել սուլթանական եաթաղանին եւ ֆրանսիական կայսերապաշտութեանը: Եւ ահա դո՛ւք, ճիւաղնե՛ր, Դամասկոսը անջատեցիք Բէյրութից, Բլուդանը՝ Բաալբէքից եւ ուզում էք միայնակ մնացած որբի պէս խեղդել նրան եւ նրա դիակի վրայ կառուցել մի հսկայ պլացդարմ՝ Արեւելքից եկող ճառագայթները խափանելու:
Նախ կեղտոտեցիք այդ գեղեցիկ երկրի ընդերքը, կառուցելով մի սեւ կոյուղի, ուր արգահատանքով թափել էք տալիս լիբանանցի արաբի քրտինքը, իսկ հիմա ուզում էք այլանդակել նրա երկինքն ու հողը: Զէնք ու զրահով, Մալեքի նման գործակալներով, որ սնուել են ձեր համալսարանի խաւարամտութեամբ, բռնադատում էք Լիբանանի ազատաբաղձ ժողովրդի կամքն ու աշխատանքը, ականներ էք ցանել այնտեղ, որտեղ ճլմփալով լողանում է լիբանանցի մանուկը. տանկեր էք քշում այն փողոցներով, որտեղ նազանքով անցնում է ուսանողուհին, բազմահազար բլուրների վրայ թառած վանքերի զանգակատները դարձրել էք դիտակետ՝ մարտական, ազատատենչ հերոսների վրայ կրակելու:
Հեռո՛ւ, հեռո՛ւ Լիբանանից:
Չէ՞ որ, պարոն ամերիկացինե՛ր, Խաղաղական եւ Ատլանտեան ովկիանոսների ջրերն աւելի շատ են, քան Միջերկրականի մայրիներով շրջապատուած այս ափի ջրերը, էլ ի՞նչ գործ ունէք այս ջրերում:
Հեռո՛ւ, հեռո՛ւ Լիբանանից, այլապէս կը խեղդուէք Լիբանանի այս փոքրիկ աւազանում:
«Գրական թերթ»
1958թ., 20 Յուլիս