image
Հրատապ լուրեր:

Շնորհալու աղոթքը լեզվական սահմաններ չունի. «Հավատով խոստովանիմ»-ը՝ 20 լեզվով

Շնորհալու աղոթքը լեզվական սահմաններ չունի. «Հավատով խոստովանիմ»-ը՝ 20 լեզվով

Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակում Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի «Վաչե եւ Թամար Մանուկյան» Մատենադարանում կայացավ հերթական միջոցառումը՝ «Ընթերցումներ․ Սուրբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» հայերեն եւ օտար լեզուներով» խորագրի ներքո։ Ս․ Էջմիածնի Մատենադարանի կամարների ներքո հնչեց Ներսես Շնորհալու աղոթքը՝ ավելի քան 20 լեզուներով։ 

Ընթերցանությամբ հանդես եկան Երեւանի պետական համալսարանի Եվրոպական լեզուների եւ հաղորդակցության, Արեւելագիտության եւ Ռուս բանասիրության ֆակուլտետների, ինչպես նաեւ Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի Ասիական լեզուների գիտաուսումնական կենտրոնի ուսանողները: 

Ընթերցումներին իրենց մասնակցությունն էին բերել նաեւ հայ բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակագիր, սերբագետ, մշակույթի վաստակավոր գործիչ Բաբկեն Սիմոնյանը, «Հայաստան-Հունգարիա» ընկերության նախագահ, հունգարագետ Անահիտ Սիմոնյանը, Երեւանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի ասորերենի ուսուցչուհի Վերա Ավչյանը:

Ներկաներին ողջույնի խոսք հղեց Մայր Աթոռի Մատենադարանի տնօրեն Տեր Արարատ քհն․ Պողոսյանը, ով շեշտեց այս աղոթքի կարեւոր նշանակությունը յուրաքանչյուր հայի կյանքում։ 

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը բանախոսություն ներկայացրեց «Սուրբ Ներսես Շնորհալի աղոթագիր Հայրապետը» խորագրով:

Այնուհետեւ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի փոխտեսուչ Տ. Հովել քհն. Օհանյանի ներկայացմամբ մեկնարկեց «Հավատով խոստովանիմ» աղոթքի ընթերցումը՝ հայերեն եւ օտար լեզուներով։ 

Միջոցառումը եզրափակեց Գեւորգյան հոգեւոր ճեմարանի երգչախումբը՝ Շնորհալու շարականների երգեցողությամբ։